Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Պողոսը, Սիղվանոսն ու Տիմոթեոսը՝ թեսաղոնիկեցիների եկեղեցուն՝ Հայր Աստծով և Տեր Հիսուս Քրիստոսով. շնորհ ձեզ և խաղաղություն։

Ամեն ժամ ձեզ բոլորիդ համար գոհություն ենք հայտնում Աստծուն՝ ձեզ հիշելով մեր աղոթքներում, և անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հաստատուն հույսը Աստծու և մեր Հոր առաջ՝ իմանալով, Աստծուց սիրվա՛ծ եղբայրներ, ձեր ընտրված լինելու մասին, որովհետև մեր Ավետարանը ձեր մեջ միայն խոսքով չտարածվեց, այլև զորությամբ, Սուրբ Հոգով ու կատարյալ վստահությամբ, ինչպես նաև գիտեք, թե ձեր մեջ ինչպես եղանք ձեզ համար։ Դուք էլ, մեզ և Տիրոջը նմանվելով, մեծ նեղության մեջ խոսքը Սուրբ Հոգու ուրախությամբ ընդունեցիք, որովհետև դուք Մակեդոնիայում և Աքայիայում բոլոր հավատացյալներին օրինակ եղաք։ Քանզի Տիրոջ խոսքը ձեր կողմից հռչակվեց ոչ միայն Մակեդոնիայում և Աքայիայում, այլև ամենուրեք սփռվեց ձեր հավատն առ Աստված, այնպես որ այդ մասին ասելը հարկ չենք համարում։ Որովհետև հենց մարդիկ իրենք են մեր մասին պատմում, թե ձեզ մոտ ինչպիսի՛ մուտք ունեցանք, և դուք ինչպե՛ս կուռքերից դեպի Աստված դարձաք՝ ծառայելու կենդանի ու ճշմարիտ Աստծուն և երկնքից սպասելու նրա Որդուն, որին մեռելներից հարություն տվեց, Հիսուսին, որ փրկում է մեզ գալիք բարկությունից։

Եղբայրնե՛ր, ինքներդ գիտեք, որ ձեզ մոտ մեր մուտքը զուր չեղավ, այլ, ինչպես գիտեք, նախ չարչարվելով ու անարգվելով Փիլիպպեում, մեր Աստծով համարձակվեցինք քարոզել ձեզ Աստծու Ավետարանը՝ հակառակ մեծ դժվարությանը։ Որովհետև մեր քարոզը ո՛չ մոլորության վրա է հիմնված, ո՛չ պղծության, ո՛չ էլ նենգության, այլ ինչպես մենք Աստծուց ընտրվեցինք, որ Ավետարանը մեզ վստահվի, այնպես էլ քարոզում ենք ոչ թե մարդկանց հաճելի լինելու, այլ Աստծուն, որ մեր սրտերը քննում է։ Երբեք շողոքորթ խոսքերով հանդես չեկանք, ինչպես գիտեք, և ոչ էլ ագահության պատրվակով. Աստված վկա է։ Ո՛չ մարդկանցից փառք փնտրեցինք, ո՛չ ձեզանից, ո՛չ էլ ուրիշներից։ Թեև կարող էինք որպես Քրիստոսի առաքյալներ ծանրություն դառնալ, բայց ձեր մեջ հեզահոգի եղանք։ Ինչպես ստնտուն է կերակրում իր երեխաներին, այդպես էլ մենք ձեզ վերաբերվեցինք. հաճեցինք ոչ միայն Աստծու Ավետարանը ձեզ տալ, այլև մեր իսկ կյանքը, որովհետև մեր սիրելիները եղաք։ Եղբայրնե՛ր, հիշում եք մեր վաստակն ու ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք, որպեսզի ձեզանից ոչ մեկի վրա ծանրություն չլինեինք, և Աստծու Ավետարանը քարոզում էինք ձեզ։ Դուք ինքներդ վկա եք, վկա է նաև Աստված, թե ինչպիսի սրբությամբ, արդարությամբ ու անարատությամբ եղանք ձեր՝ հավատացյալներիդ հանդեպ։ Ինչպես գիտեք, ձեզանից ամեն մեկին, ինչպես հայրը՝ իր զավակներին, հորդորում և մխիթարում էինք ու աղաչում, որ ընթանաք, ինչպես որ վայել է Աստծուն, որ ձեզ կանչեց իր արքայությանն ու փառքին։

Դրա համար էլ մենք Աստծուն անդադար գոհություն ենք հայտնում, որ դուք, Աստծու քարոզության խոսքը մեզանից ստանալով, ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ, ինչպես ճշմարիտ է, որպես Աստծու խոսք, որը և ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ։ Եղբայրնե՛ր, դուք նմանվեցիք Աստծու այն եկեղեցիներին, որ Հրեաստանում են Քրիստոս Հիսուսով, որովհետև դուք էլ ձեր հայրենակիցներից նույնը կրեցիք, ինչպես որ նրանք էլ՝ հրեաներից, որոնք Տեր Հիսուսին ու մարգարեներին սպանեցին, նաև մեզ հալածեցին ու Աստծուն անհաճո եղան և բոլոր մարդկանց թշնամի դարձան։ Մեզ արգելում են հեթանոսներին քարոզել, որպեսզի իրենքփրկվեն, և շարունակ իրենց մեղքերի չափն են լրացնում։ Բայց նրանց վրա է հասել բարկությունը մինչև վերջ։

Իսկ մենք, եղբայրնե՛ր, թեև առժամանակ ձեզանից բաժանված մնացինք՝ հեռու աչքից և ոչ սրտից, սակայն առավել ևս շտապեցինք ձեր երեսը տեսնելու մեծ փափագով։ Դրա համար ես՝ Պողոսս, մի երկու անգամ կամեցա ձեզ մոտ գալ, բայց սատանան մեզ խոչընդոտեց։ Արդարև ո՞վ է մեր հույսը կամ ուրախությունը կամ պարծանքի պսակը, եթե ոչ դուք Տիրոջով, մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ, նրա գալստյան ժամանակ։ Դուք եք մեր փառքը և ուրախությունը։

Դրա համար, այլևս չհամբերելով, լավ համարեցինք Աթենքում առանձին մնալ։ Եվ մեր Տիմոթեոս եղբորը՝ Աստծու գործակցին Քրիստոսի Ավետարանի մեջ, ուղարկեցինք, որ ձեզ մխիթարի ու հաստատի ձեր հավատի մեջ, որպեսզի այս նեղությունների մեջ չսասանվեք, քանի որ դուք ինքներդ գիտեք, որ հենց սրա համար ենք սահմանված։ Երբ ձեզ մոտ էինք, նախօրոք ասում էինք ձեզ, թե նեղություններ ենք կրելու, ինչպես որ եղավ էլ, ու իմացաք էլ։ Դրա համար ես էլ, այլևս չհամբերելով, մարդ ուղարկեցի, որ ձեր հավատի մասին իմանամ, որ միգուցե փորձիչը ձեզ փորձի, ու մեր աշխատանքը զուր լինի։

Բայց հիմա, երբ Տիմոթեոսը ձեր մոտից եկավ մեզ մոտ և ձեր հավատի ու սիրո ավետիսը տվեց մեզ, որ մեր բարի հիշատակն ամեն ժամ ձեր մտքում ունեք՝ փափագելով մեզ տեսնել, ինչպես մենք էլ՝ ձեզ, դրա համար, եղբայրնե՛ր, հանուն ձեր հավատի ձեզանով մխիթարվեցինք մեր բոլոր վշտերում և նեղություններում. որովհետև հիմա մենք կապրենք, եթե դուք Տիրոջով հաստատուն մնաք։ Ձեզ համար Աստծուն ինչպիսի՛ գոհություն կարող ենք մատուցել այն ամբողջ ուրախության համար, որով մեր Աստծու առաջ ուրախանում ենք ձեզ համար։ Գիշեր ու ցերեկ առավել ևս աղաչում ենք, որ ձեր երեսը տեսնենք ու ձեր հավատի պակասությունը լրացնենք։

Բայց ինքն Աստված ու մեր Հայրը և մեր Տեր Հիսուս Քրիստոսը թող դեպի ձեզ ուղղի մեր ճանապարհը։ Իսկ Տերը թող ձեզ աճեցնի ու առատացնի սերը միմյանց և բոլորի հանդեպ, ինչպես որ մերն էլ՝ ձեր հանդեպ, որպեսզի ձեր սրտերն Աստծու ու մեր Հոր առաջ հաստատվեն անարատ սրբության մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ իր բոլոր սրբերի հետ գալու ժամանակ։

Այսուհետև, եղբայրնե՛ր, Տեր Հիսուսով աղաչում ենք ձեզ և հորդորում, որ ինչպես մեզանից սովորեցիք, թե դուք ինչպե՛ս պետք է ընթանաք ու Աստծուն հաճո լինեք, ինչպես որ ընթանում էլ եք, որ է՛լ ավելի առաջանաք։ Գիտեք, թե Տեր Հիսուսով ինչպիսի՛ պատվերներ տվեցինք ձեզ։ Քանի որ Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը, որ դուք պոռնկությունից հեռու մնաք։ Եվ ձեզանից յուրաքանչյուրն իմանա կին առնել սրբությամբ ու պատվով, ոչ թե ցանկության կրքով, ինչպես հեթանոսները, որոնք Աստծուն չեն ճանաչում։ Չլինի թե որևէ մեկը չափն անցնի ու այդ գործում եղբորը վնաս պատճառի, որովհետև Տերն այդ ամենի համար վրեժխնդիր է, ինչպես որ նախապես ձեզ ասացինք և վկայեցինք։ Հիրավի Աստված մեզ պղծության չի կանչել, այլ սրբության։ Ուրեմն նա, ով անարգում է, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ և տվեց մեզ Սուրբ Հոգին։

Բայց եղբայրասիրության մասին կարիք չկա մի բան գրելու ձեզ, որովհետև դուք ինքներդ Աստծուց սովորել եք միմյանց սիրել և հենց դա էլ անում եք այն բոլոր եղբայրների հանդեպ, որ ողջ Մակեդոնիայում են։ Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ է՛լ ավելին անեք և ջանաք խաղաղ լինել։ Եվ ամեն մեկն իր գործն անի, ու ձեր իսկ ձեռքո՛վ աշխատեք, ինչպես որ ձեզ պատվիրեցինք, որ դրսի մարդկանց հետ պարկեշտությամբ վարվեք ու ոչ մի բանի կարոտ չլինեք։

Չենք կամենում, եղբայրնե՛ր, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ Որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ ու հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ։ Ահա Տիրոջ խոսքի հիման վրա սա ենք ասում ձեզ, թե մենք՝ ողջերս, որ կմնանք մինչև Տիրոջ գալուստը, ննջեցյալներից առաջ չենք անցնի, քանի որ Տերն ինքը հրամանի ազդարարմամբ, հրեշտակապետի ձայնով ու Աստծու փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի, և Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն, և հետո մենք՝ ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք՝ Տիրոջը դիմավորելու, և այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն միմյանց մխիթարե՛ք այս խոսքերով։

Ինչ վերաբերում է ժամերին ու ժամանակներին, եղբայրնե՛ր, ձեզ գրելու կարիք չկա, որովհետև դուք ինքներդ հաստատ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է, ինչպես գողը՝ գիշերով։ Երբ ասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ նրանց վրա կործանումը հանկարծակի կհասնի, ինչպես երկունքը՝ հղի կնոջ վրա, ու նրանք չեն ազատվելու։ Իսկ դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը գողի պես ձեզ վրա հասնի։ Դուք բոլորդ լույսի որդիներ եք ու ցերեկվա որդիներ. գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։ Ուստի ուրիշների պես չքնենք, այլ արթուն և զգաստ լինենք։ Որովհետև ովքեր քնում են, գիշերն են քնում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում։ Իսկ մենք, ցերեկվանը լինելով, արթուն լինենք՝ հավատի ու սիրո զրահը և փրկության հույսի սաղավարտը հագած։ Որովհետև Աստված մեզ բարկության համար չի սահմանել, այլ փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որ մեզ համար մեռավ, որպեսզի արթուն լինենք, թե քնած, նրա հետ ապրենք։ Դրա համար միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք, ինչպես որ արդեն անում եք։

Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ հարգեք նրանց, ովքեր աշխատում են ձեր մեջ ու ձեր վերակացուներն են Տիրոջով, ինչպես նաև ձեզ խրատողները։ Եվ նրանց առավելապես պատվե՛ք սիրով՝ իրենց գործի համար. իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք։ Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, անկարգներին խրատե՛ք, երկչոտներին քաջալերե՛ք, տկարներին օգնակա՛ն եղեք, բոլորի հանդեպ համբերատա՛ր եղեք։ Զգո՛ւյշ եղեք. միգուցե մեկը չարի փոխարեն չարը հատուցի. այլ իրար հետ ու բոլորի հանդեպ ամեն ժամ բարի՛ն գործեք։

Միշտ ուրա՛խ եղեք։ Անդադար աղոթե՛ք։ Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։

Հոգին մի՛ մարեք։ Մարգարեությունները մի՛ անարգեք։ Ամեն բան քննե՛ք. բարին ամո՛ւր պահեք։ Չար բանից ամեն կերպ հեռո՛ւ մնացեք։

Եվ ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և որը դեռ կանի։

Եղբայրնե՛ր, աղոթե՛ք նաև մեզ համար։ Բոլոր եղբայրներին սուրբ համբույրո՛վ ողջունեք։ Տիրոջով երդվեցնում եմ ձեզ, որ այս նամակը բոլոր սուրբ եղբայրներին կարդացվի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։ Ամեն։