Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ լինելու կանչված, և Սոսթենես եղբայրը՝ Աստծու եկեղեցուն, որ Կորնթոսում է, Քրիստոս Հիսուսով սրբագործվածներիդ՝ կոչված սրբեր լինելու, բոլոր նրանց հետ, որոնք ամենուրեք կանչում են անունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ նրանցն է և մերը. շնորհ և խաղաղություն ձեզ մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։

Ամեն ժամ իմ Աստծուն ձեզ համար գոհություն եմ հայտնում այն շնորհի համար, որ Աստված ձեզ տվել է Հիսուս Քրիստոսի միջոցով, որովհետև նրանով հարստացաք ամեն բանի մեջ՝ թե՛ խոսքով, թե՛ գիտությամբ։ Քրիստոսի մասին վկայությունն այնպես հաստատվեց ձեր մեջ, որ ոչ մի շնորհ ձեզ չպակասի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանն սպասելով։ Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որ անմեղադրելի լինեք Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ Հավատարիմ է Աստված, որի կողմից կանչվեցիք նրա Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հաղորդակից լինելու։

Եղբայրնե՛ր, խնդրում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբան լինեք, ձեր մեջ երկպառակություններ չլինեն, այլ նույն մտքի ու նույն կարծիքի մեջ հաստատուն լինեք։ Որովհետև, եղբայրնե՛ր, Խլոյեի ընտանիքից ձեր մասին ինձ հայտնի դարձավ, թե ձեր մեջ հակառակություններ կան։ Նկատի ունեմ այն, որ ձեզանից ամեն մեկն ասում է՝ «Ես պողոսական եմ», մյուսը՝ «Ես ապողոսական եմ», կամ՝ «Ես՝ կեփասյան», կամ էլ՝ «Ես՝ քրիստոսյան»։ Մի՞թե Քրիստոսը բաժանված է. մի՞թե Պողոսը խաչվեց ձեզ համար, կամ Պողոսի՞ անունով մկրտվեցիք։ Գոհություն եմ հայտնում Աստծուն, որ ես ձեզանից ոչ մեկին չեմ մկրտել, բացի Կրիսպոսից ու Գայիոսից, որպեսզի ոչ ոք չասի, թե իմ անունով մկրտվեցիք։ Ստեփանասի ընտանիքին ևս մկրտեցի. չգիտեմ, թե ուրիշի էլ մկրտած լինեմ։ Որովհետև Քրիստոսն ինձ չի ուղարկել մկրտելու, այլ Ավետարանը քարոզելու՝ ոչ խոսքի իմաստությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը չիմաստազրկվի։

Քանզի խաչի քարոզը կորուսյալների համար հիմարություն է, բայց մեզ՝ փրկվածներիս համար Աստծու զորություն է։ Որովհետև գրված է. «Իմաստունների իմաստությունը անհետացնելու եմ և խելացիների խելքը անտեսելու եմ»։

Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը քննողը։ Չէ՞ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարացրեց։ Քանի որ աշխարհը իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն իր իմաստության մեջ, Աստված հաճեց փրկել հավատացողներին հիմարություն համարվող քարոզությամբ։ Հրեաները նշան են ուզում, իսկ հույները իմաստություն են փնտրում. մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին, որ հրեաների համար գայթակղություն է, հույների համար՝ հիմարություն։ Սակայն կանչված հրեաների և հույների համար Քրիստոսը Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է։ Որովհետև Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդիկ, և Աստծու տկարն ավելի զորավոր է, քան մարդիկ։

Թեկուզ հենց ձեր կոչմա՛նը նայեք, եղբայրնե՛ր. ըստ մարդկային տեսանկյունի՝ ձեր մեջ չկան ո՛չ շատ իմաստուններ, ո՛չ շատ հզորներ և ո՛չ շատ ազնվականներ։ Բայց Աստված ընտրեց նրանց, որոնց այս աշխարհում հիմարներ են կարծում, որպեսզի իմաստուններին ամաչեցնի, իսկ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որպեսզի հզորներին ամաչեցնի։ Աստված ընտրեց աշխարհի ոչ ազնվականներին ու անարգվածներին, ինչպես նաև ոչինչ համարվողներին, որպեսզի ոչինչ դարձնի ինչ-որ բան համարվողներին, որպեսզի Աստծու առաջ ոչ մի էակ չպարծենա։ Եվ դուք նրա կողմից եք Հիսուս Քրիստոսի մեջ, որ Աստծուց մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն։ Ինչպես որ գրված է. «Ով պարծենում է, Տիրոջով թող պարծենա»։

Ես էլ, եղբայրնե՛ր, երբ ձեզ մոտ եկա, խոսքի կամ իմաստության գերազանցությամբ չեկա Աստծու վկայությունը ձեզ պատմելու։ Որովհետև մտադիր չէի ձեր մեջ մի ուրիշ բան իմանալ, բացի Հիսուս Քրիստոսից՝ խաչվածից։ Ես տկարությամբ, վախով ու մեծ դողով եղա ձեզ մոտ։ Եվ իմ խոսքն ու քարոզչությունը ոչ թե իմաստության համոզիչ խոսքերով եղան, այլ Հոգու և զորության ապացույցով, որպեսզի ձեր հավատը մարդկային իմաստությամբ չլինի, այլ Աստծու զորությամբ։

Իմաստության մասին խոսում ենք կատարյալների հետ. իմաստություն, որը ո՛չ այս աշխարհինն է, ո՛չ էլ այս աշխարհի իշխաններինը, որոնք անհետանալու են։ Այլ խոսում ենք Աստծու խորհրդավոր և ծածուկ իմաստության մասին, որն Աստված հավիտենությունից առաջ մեր փառքի համար սահմանել էր, և որն այս աշխարհի իշխաններից ոչ ոք չճանաչեց, քանի որ եթե ճանաչած լինեին, փառքի Տիրոջը խաչը չէին հանի, այլ ինչպես գրված է. «Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար»։

Բայց Աստված մեզ իր Հոգու միջոցով հայտնեց, որովհետև Հոգին քննում է ամեն ինչ, Աստծու խորքը ևս։ Քանզի մարդկանցից ո՞վ գիտի մարդկային ներքնաշխարհը, եթե ոչ մարդու մեջ գտնվող հոգին։ Այդպես էլ Աստծու ներսը ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծու Հոգին։ Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին ստացանք, այլ այն Հոգին, որ Աստծուց է, որպեսզի ճանաչենք Աստծու կողմից մեզ շնորհվածները։ Ինչ որ խոսում ենք, ոչ թե մարդկային իմաստությամբ ուսանած խոսքեր են, այլ Հոգու վարդապետությամբ. հոգևոր բաները հոգևոր մարդկանց ենք մեկնում։ Բայց ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգուց է, որովհետև սրանք նրա համար հիմարություն են. և չի էլ կարող ճանաչել, որովհետև դրանք հոգևոր կերպով են քննվում։ Իսկ հոգևոր մարդն ամեն բան քննում է, և ինքը ոչ ոքի կողմից չի քննվում։ Քանզի «Տիրոջ միտքն ո՞վ է իմացել, որ նրան խրատի»։ Բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։

Ես էլ, եղբայրնե՛ր, չկարողացա խոսել ձեզ հետ՝ իբրև հոգևոր մարդկանց, այլ իբրև մարմնավորների, իբրև Քրիստոսով մանուկների։ Ձեզ կաթ խմեցրի և ոչ թե կերակուր տվեցի, որովհետև դեռևս չէիք կարող այն ընդունել։ Հիմա էլ դեռ չեք կարող, որովհետև տակավին մարմնավոր եք։ Քանի որ ձեր մեջ դեռևս նախանձ և կռիվ կա. չէ՞ որ մարմնավոր եք ու մարդկային ձևով եք վարվում։ Երբ մեկն ասում է՝ «Ես պողոսական եմ», իսկ մյուսը՝ «Ես ապողոսական», մարմնավոր մարդիկ չե՞ք։ Արդ ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. սոսկ սպասավորներ, որոնց միջոցով հավատացիք, և նրանցից ամեն մեկը արեց այնպես, ինչպես որ Տերը տվեց նրան։ Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց։ Ուրեմն ո՛չ տնկողը որևէ բան արժի, ո՛չ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է։ Տնկողն ու ջրողը մի են, բայց ամեն մեկն իր աշխատանքի համաձայն իր վարձը կստանա։ Որովհետև մենք Աստծու գործակիցներ ենք, դուք՝ Աստծու մշակության դաշտը, Աստծու շինությունը։

Աստծու՝ ինձ տված շնորհի համաձայն իմաստուն ճարտարապետի պես հիմքը դրեցի, բայց ուրիշն է կառուցում նրա վրա։ Բայց թող ամեն ոք զգույշ լինի, թե ինչպե՛ս է կառուցում։ Որովհետև ոչ ոք դրվածից տարբեր հիմք չի կարող դնել, որ Հիսուս Քրիստոսն է։ Եթե որևէ մեկը այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, ամեն մեկի գործը հայտնի է դառնալու. դատաստանի օրը, որ կրակով է հայտնվելու, երևան է հանվելու, և ամեն մեկի գործը կրակով է փորձվելու։ Եթե որևէ մեկի շինած գործը հաստատուն մնա, վարձ կստանա, իսկ եթե մեկի գործն այրվի, վնաս կկրի։ Ինքը կփրկվի, բայց կլինի այնպես, ասես կրակի միջով է անցել։ Չգիտե՞ք, որ դուք Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։ Եթե մեկն Աստծու տաճարը քանդի, Աստված էլ նրան կկործանի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք։

Ոչ ոք ինքն իրեն թող չխաբի. եթե ձեզանից մեկը կարծում է, թե այս աշխարհում իմաստուն է, նա թող հիմար լինի, որ իմաստուն դառնա։ Որովհետև այս աշխարհի իմաստությունն Աստծու առաջ հիմարություն է, քանի որ գրված է. «Նա իմաստուններին իրենց խորամանկության մեջ է բռնում»։

Եվ դարձյալ. «Տերը ճանաչում է իմաստունների մտքերը, որոնք ունայն են»։

Ուրեմն ոչ ոք թող մարդկանցով չպարծենա, որովհետև ամեն բան ձերն է՝ թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը, թե՛ Կեփասը, թե՛ աշխարհը, թե՛ կյանքը, թե՛ մահը, թե՛ ներկան, թե՛ գալիքը. ամեն բան ձերն է։ Դուք Քրիստոսինն եք, և Քրիստոսը՝ Աստծունը։

Այսպիսով, թող ամեն մարդ մեզ Քրիստոսի սպասավորներ և Աստծու խորհուրդների տնտեսներ համարի։ Արդ տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատարիմ լինի։ Բայց ինձ համար նշանակություն չունի, որ դատվեմ ձեզանից կամ մարդկային դատաստանից. ես ինքս էլ ինձ չեմ դատում։ Որովհետև ինքս իմ մասին ես ոչինչ չգիտեմ. բայց դրանով չեմ արդարանում, որովհետև ինձ դատողը Տերն է։ Ուրեմն ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որը ի լույս կհանի այն, ինչ թաքնված է խավարում, և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. այդժամ յուրաքանչյուրը գովասանքի կարժանանա Աստծուց։

Եղբայրնե՛ր, սրանք ձեզ համար ինքս իմ և Ապողոսի մասին որպես օրինակ գործածեցի, որպեսզի մեզանից սովորեք գրվածից ավելին չխորհել, որպեսզի չլինի թե մեկն ընկերոջ պատճառով մյուսի նկատմամբ գոռոզանա։ Որովհետև ո՞վ է քեզ տարբերում ուրիշից. ի՞նչ ունես դու, որ չես ստացել, և եթե ստացել ես, ինչո՞ւ ես չստացողի պես պարծենում։

Արդեն կշտացել եք. արդեն հարստացաք ու առանց մեզ թագավորեցիք։ Երանի թե թագավորեիք, որ մենք էլ ձեզ հետ թագավորեինք։ Որովհետև ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, հետինների դասին կարգեց մահապարտների պես, քանի որ տեսարան դարձանք աշխարհին՝ և՛ հրեշտակներին, և՛ մարդկանց։ Մենք Քրիստոսի համար հիմար համարվեցինք, իսկ դուք՝ իմաստուն Քրիստոսով. մենք՝ տկար, իսկ դուք՝ զորավոր, դուք՝ փառավորված, իսկ մենք՝ անարգված։ Մինչև օրս մնում ենք քաղցած, ծարավ, մերկ, ծեծվում ենք և աստանդական շրջում։ Եվ վաստակում ենք՝ մեր ձեռքերով աշխատելով։ Մեզ զրպարտում են, իսկ մենք օրհնում ենք, հալածում են, դիմանում ենք։ Վարկաբեկում են, մենք մխիթարում ենք. աշխարհի համար աղբ ենք դարձել՝ մինչև այժմ բոլորից անարգված լինելով։

Ոչ թե ձեզ ամաչեցնելու համար եմ այս բաները գրում, այլ որպես իմ սիրելի որդիների՝ խրատում եմ։ Թեև հազարավոր դաստիարակներ ունեք Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, քանի որ ես Քրիստոս Հիսուսով ձեզ Ավետարանի միջոցով ծնեցի։ Ուրեմն աղաչում եմ ձեզ, որ ինձ նմանվեք։ Դրա՛ համար ձեզ մոտ ուղարկեցի Տիմոթեոսին, որ Տիրոջով իմ սիրելի ու հավատարիմ որդին է։ Նա ձեզ կհիշեցնի իմ ճանապարհները, որ Քրիստոս Հիսուսով են, ինչպես որ ամենուրեք բոլոր եկեղեցիներում ուսուցանում եմ։ Կարծելով, թե ձեզ մոտ չեմ գալու, ոմանք գոռոզացել են։ Բայց շուտով գալու եմ ձեզ մոտ, եթե Տերը կամենա, և ծանոթանալու եմ ոչ թե գոռոզացողների խոսքերին, այլ նրանց զորությանը։ Որովհետև Աստծու արքայությունը ոչ թե խոսքով է, այլ զորությամբ։ Ինչպե՞ս եք ուզում. գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ սիրով ու հեզության հոգով։

Առհասարակ լսելի է ձեր մեջ եղած պոռնկության մասին, և այնպիսի պոռնկության, որ հեթանոսների մեջ նույնիսկ չկա, ինչպես՝ ինչ-որ մեկը իր հոր կնոջ հետ է կենակցում։ Եվ դուք պարծենում եք՝ փոխանակ սգալու, որպեսզի ձեր միջից վերացվի նա, ով այդ արարքը կատարել է։ Թեև ես մարմնով հեռու եմ, բայց հոգով ներկա եմ։ Որպես ներկա՝ արդեն վճռել եմ նրա համար, ով նման բան է կատարել. մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով երբ մեկտեղ հավաքվեք, ես ևս հոգով ձեզ հետ կլինեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ. այդպիսի մեկին մատնել սատանային, որպեսզի մարմինը կորչի, և հոգին փրկվի մեր Տեր Հիսուսի դատաստանի օրը։ Ձեր պարծենալը լավ չէ. չգիտե՞ք, որ մի փոքր թթխմորն ամբողջ զանգվածն է խմորում։ Հին խմորը մաքրե՛ք, որպեսզի նոր անթթխմոր զանգված լինեք. որովհետև մեր Զատիկը՝ Քրիստոսը, մեզ համար մորթվեց։ Ուստի ոչ թե հին խմորով տոնը կատարենք, ոչ էլ չարության և անզգամության խմորով, այլ անկեղծության և ճշմարտության անթթխմոր հացով։

Նամակում ձեզ գրեցի պոռնիկների հետ չխառնակվել։ Ամենևին նկատի չունեի այս աշխարհի պոռնիկներին, կամ ագահներին, կամ հափշտակողներին, կամ կռապաշտներին. այլապես հարկ կլիներ, որ դուք աշխարհից հեռանայիք։ Հիմա ձեզ գրեցի չխառնակվել, որ եթե մեկը, որ եղբայր է կոչված, պոռնիկ կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ հարբեցող, կամ հափշտակող լինի, այդպիսի մեկի հետ անգամ հաց չուտեք։ Քանզի ինձ ի՞նչ պետք է, որ եկեղեցուց դուրս գտնվողներին էլ դատեմ. չէ՞ որ դուք եկեղեցու ներսում գտնվողներին եք դատում։ Իսկ դրսիններին Աստված է դատելու։ Չարը ձեր միջից վերացրե՛ք։

Եթե ձեզանից մեկն ընկերոջ հետ խնդիր ունենա, կհամարձակվի անիրավների՞ առաջ դատվել և ոչ թե սրբերի։ Կամ թե չգիտե՞ք, որ սրբերն են այս աշխարհը դատելու։ Եվ եթե աշխարհը ձեր միջոցով է դատվում, ապա աննշան բաների դատաստանն անելու արժանի չե՞ք։ Չգիտե՞ք, որ մենք հրեշտակներին ենք դատելու. որքա՜ն առավել՝ կենցաղային բաները։ Եթե կենցաղային բաների համար դատաստան եք անում, ինչո՞ւ եք եկեղեցու համար անարժեք մարդկանց ձեզ դատավոր նստեցրել։ Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում. ձեր մեջ այնքան իմաստուն մի մարդ չկա՞, որ կարողանա իր եղբայրների միջև դատ անել։ Բայց եղբայրը եղբոր դեմ դատ է սկսում, այն էլ անհավատների առաջ։ Ձեզ համար արդեն իսկ ամբողջովին պարտություն է, որ դատաստաններ ունեք միմյանց դեմ։ Ինչո՞ւ դուք ինքներդ չեք անիրավվում և ինչո՞ւ ինքներդ անիրավություն չեք կրում, այլ դուք եք զրկում և անիրավություն անում, այն էլ եղբայրներին։ Կամ չգիտե՞ք, որ անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, ո՛չ իգացողները, ո՛չ արվամոլները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ զրպարտողները և ո՛չ էլ հափշտակողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ Եվ ձեզնից ոմանք այսպիսին էին, բայց լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։

Ինձ համար ամեն բան թույլատրելի է, բայց ամեն բան օգտակար չէ. ինձ համար ամեն բան թույլատրելի է, սակայն ես չպետք է որևէ բանի իշխանության տակ լինեմ։ Ուտելիքները որովայնի համար են, և որովայնը՝ ուտելիքների, բայց Աստված այդ էլ, դրանք էլ կխափանի։ Սակայն մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ, Տերն էլ՝ մարմնի համար։ Աստված, որ մեր Տիրոջը հարություն տվեց, իր զորությամբ ձեզ էլ հարություն կտա։ Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. ուրեմն Քրիստոսի անդամները վերցնեմ պոռնիկի՞ անդամ անեմ։ Քա՛վ լիցի։ Կամ չգիտե՞ք, որ ով պոռնիկին է միանում, նրա հետ մեկ մարմին է դառնում, որովհետև «Երկուսը,- ասում է,- մեկ մարմին կլինեն»։ Իսկ ով Տիրոջն է միանում, նրա հետ մեկ հոգի է դառնում։ Պոռնկությունից փախե՛ք. ամեն մեղք, որ մարդ գործում է, իր մարմնից դուրս է, սակայն պոռնկություն անողն իր մարմնի դեմ է մեղանչում։ Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք։ Քանզի մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ։

Արդ այն բաների մասին, որ գրել էիք ինձ։ Մարդու համար լավ է, որ կնոջ չմոտենա։ Սակայն պոռնկությունից խուսափելու համար թող ամեն մարդ իր կինն ունենա, և ամեն կին իր ամուսինն ունենա։ Ամուսինը թող իր կնոջ հանդեպ պարտքը կատարի, նույն կերպ էլ կինը՝ իր ամուսնու հանդեպ։ Կինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ ամուսինը. նույն կերպ էլ ամուսինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ կինը։ Միմյանց մի՛ զրկեք, այլ միայն ժամանակավոր փոխհամաձայնությամբ, որպեսզի աղոթքով զբաղվեք։ Ապա նորից միմյա՛նց վերադարձեք, որպեսզի ձեր անժուժկալության պատճառով սատանան չփորձի ձեզ։ Բայց սա թույլ տալով եմ ասում և ոչ թե հրամայելով։ Որովհետև կամենում եմ, որ ամեն մարդ ինձ նման լինի։ Սակայն յուրաքանչյուր ոք Աստծուց իր շնորհն ունի. մեկը՝ այսպես, մյուսը՝ այնպես։

Բայց ամուրիներին ու այրիներին ասում եմ. նրանց համար լավ է, որ ինձ պես մնան։ Իսկ եթե ժուժկալություն չունեն, թող ամուսնանան, որովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան այրվել։ Բայց ամուսնացածներին պատվիրում եմ ոչ թե ես, այլ Տերը, որ կինն իր ամուսնուց չբաժանվի։ Իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնանալու մնա կամ իր ամուսնու հետ հաշտվի։ Ամուսինն էլ կնոջը չթողնի։ Բայց մյուսներին ես եմ ասում, ոչ թե Տերը. եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, և նա հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։ Եվ որևէ կին, որ անհավատ ամուսին ունի և հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։ Որովհետև անհավատ ամուսինը կնոջ միջոցով է սրբագործված լինում, անհավատ կինն էլ ամուսնու միջոցով է սրբագործված լինում. այլապես ձեր զավակները պիղծ կլինեին, բայց հիմա սուրբ են։ Իսկ եթե անհավատը բաժանվում է, թող բաժանվի. նման բաներում որևէ եղբայր կամ քույր ստրկացված չէ. Աստված մեզ խաղաղությամբ ապրելու է կանչել։ Ի՞նչ գիտես, կի՛ն, գուցե քո ամուսնուն փրկես, կամ ի՞նչ գիտես, ամուսի՛ն, գուցե քո կնոջը փրկես։

Միայն թե ամեն ոք թող ապրի այն վիճակում, որ Տերը բաժին է հանել. ինչպես որ նրան Աստված կանչեց, թող այնպես ընթանա։ Ես բոլոր եկեղեցիներում այսպես եմ պատվիրում։

Մեկը թլփատվա՞ծ է կանչվել, թող անթլփատ չձևանա. մեկն անթլփա՞տ է կանչվել, թող չթլփատվի։ Ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ Աստծու պատվիրանները պահելը։ Ամեն ոք ինչ կոչման մեջ որ կանչվեց, թող նրա մեջ մնա։ Ծառա՞ էիր, երբ կանչվեցիր, հոգ մի՛ արա, բայց եթե կարող ես նաև ազատ լինել, առավել ևս դրանի՛ց օգտվիր։ Որովհետև Տիրոջով կանչված ծառան Տիրոջ ազատն է, նույն կերպ էլ իբրև ազատ կանչվածը Քրիստոսի ծառան է։ Մեծ գնով եք գնվել. մարդկանց ծառաներ մի՛ դարձեք։ Եղբայրնե՛ր, յուրաքանչյուր ոք ինչ կոչմամբ կանչվեց, Աստծու առաջ թող դրա մեջ մնա։

Կույսերի վերաբերյալ Տիրոջից հրաման չունեմ, սակայն որպես Տիրոջից ողորմություն գտած և վստահելի մեկը՝ խրատ եմ տալիս։ Արդ կարծում եմ, որ ներկայիս նեղության պատճառով լավ է մարդն այդպես լինի։ Կնոջ հետ կապվա՞ծ ես, մի՛ փորձիր բաժանվել, բաժանվա՞ծ ես կնոջից, այլ կին մի՛ փնտրիր։ Բայց եթե ամուսնանաս, մեղանչած չես լինի, և եթե մի կույս ամուսնանա, մեղանչած չի լինի. բայց այդպիսիները մարմնական նեղություն կունենան, իսկ ես կցանկանայի ձեզ խնայել։

Սակայն սա եմ ասում, եղբայրնե՛ր, որ այսուհետև ժամանակը կարճ է, այնպես որ կին ունեցողները չունեցողների պես թող լինեն, լաց լինողները՝ չլացողների պես, ուրախացողները՝ չուրախացողների, իսկ գնորդները թող լինեն այնպես, իբր գնածի տերը չեն, այս աշխարհից օգտվողները՝ չօգտվողների պես, որովհետև այս աշխարհի արտաքինը ստվերի պես հեռանում է։ Ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինեք. չամուսնացածը Տիրոջ գործերի մասին է հոգ անում, թե ինչպե՛ս Տիրոջը հաճելի լինի, սակայն ամուսնացածն աշխարհիկ գործերի մասին է հոգում, թե ինչպե՛ս կնոջը հաճելի լինի։ Իրարից տարբերվում են նաև ամուսնացած կինն ու կույսը. կույսը Տիրոջ գործերի մասին է հոգում, որ մարմնով ու հոգով սուրբ լինի, իսկ ամուսնացած կինն աշխարհիկ գործերի մասին է հոգում, թե ինչպե՛ս իր ամուսնուն հաճելի լինի։ Սա ես ձեր օգուտի համար եմ ասում։ Ոչ թե ձեզ վրա բեռ եմ դնում, այլ որպեսզի պարկեշտությամբ և անարգել Տիրոջը ծառայեք։

Եթե մեկն իր կույսի համար ամաչի, որ նա հասուն տարիքում է, և դա այդպես պետք է լինի, թող անի, ինչ որ կամենում է. մեղանչած չի լինի, թող ամուսնացնեն։ Սակայն ով իր սրտում հաստատուն է և կարիք էլ չունի, նա իր կամքի վրա իշխանություն ունի. և ով իր սրտում վճռել է իր կույսին պահել, ճիշտ է անում։ Ուստի ով իր կույսին ամուսնացնում է, լավ է անում, իսկ ով չի ամուսնացնում, է՛լ ավելի լավ է անում։

Կինը կապված է այնքան ժամանակ, քանի դեռ նրա ամուսինը կենդանի է։ Իսկ եթե նրա ամուսինը մեռնի, ազատ է ամուսնանալու, ում հետ որ ուզենա, միայն թե Տիրոջով։ Սակայն է՛լ ավելի երանելի է, թե որ ըստ իմ խրատի այնպես մնա։ Կարծում եմ, որ ես էլ Աստծու Հոգին ունեմ։

Կուռքերին զոհաբերված մսի վերաբերյալ գիտենք, բոլորս ենք այդ մասին տեղյակ. գիտությունը հպարտացնում է, իսկ սերը՝ ամրացնում։ Եթե մեկը կարծում է, թե մի բան գիտի, նա դեռ չգիտի, թե ինչպե՛ս պետք է գիտենալ։ Իսկ ով սիրում է Աստծուն, ճանաչված է նրա կողմից։

Արդ կուռքին զոհաբերված կերակուրների մասին գիտենք, որ կուռքն աշխարհում ոչինչ է, և որ ուրիշ ոչ մի Աստված չկա, բացի այն մեկից։ Թեպետ կան այսպես կոչված «աստվածներ» թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա, ինչպես որ կան բազում աստվածներ և բազում տերեր, բայց մեզ համար մեկ Աստված կա՝ Հայրը, որից է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա համար, և կա մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա միջոցով։ Սակայն բոլորն այս գիտությունը չունեն, որովհետև ոմանք մինչև հիմա էլ կուռքերին զոհաբերված միսը խղճմտանքով ուտում են, և նրանց խղճմտանքը, տկար լինելով, պղծվում է։ Բայց ուտելիքը չէ մեզ Աստծու առաջ կանգնեցնելու. եթե ուտենք, ոչնչով չենք ավելանա, և եթե չուտենք, ոչնչով չենք պակասի։ Միայն թե զգո՛ւյշ եղեք, որ ձեր այդ ազատությունը տկարների համար գայթակղություն չդառնա։ Որովհետև եթե մեկը քեզ, որ այդ գիտությունն ունես, մեհյանում սեղան նստած տեսնի, չէ՞ որ նրա խղճմտանքը, որ տկար է, զոհաբերված միսն ուտելու համարձակություն կստանա։ Եվ քո գիտության պատճառով կկորչի այն տկար եղբայրը, որի համար Քրիստոսը մեռավ։ Եվ այսպես, եղբայրների դեմ մեղանչելով ու այն տկարների խղճմտանքին հարվածելով՝ Քրիստոսի դեմ մեղք եք գործում։ Ուստի եթե կերակուրն իմ եղբորը գայթակղեցնում է, ես հավիտյան միս չեմ ուտի, որ իմ եղբորը չգայթակղեցնեմ։

Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքյալ եմ, չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին տեսել եմ, չէ՞ որ դուք իմ գործն եք Տիրոջով։ Թեկուզ ուրիշների համար առաքյալ չեմ, բայց հենց ձեզ համար առաքյալ եմ. իմ առաքելության կնիքը դուք եք Տիրոջով։ Ինձ հարցաքննողների դեմ իմ պատասխանը սա է։ Մի՞թե մենք ուտելու և խմելու իրավունք չունենք։ Մի՞թե մեզ հետ քույր, կին պտտեցնելու իրավունք չունենք, ինչպես ուրիշ առաքյալները, Տիրոջ եղբայրներն ու Կեփասը։ Կամ մի՞թե միայն ես և Բառնաբասը չաշխատելու իրավունք չունենք։ Ո՞վ է, որ երբևէ իր սեփական ծախսերով է զինվորություն անում։ Ո՞վ է, որ այգի է տնկում և նրա պտղից չի ուտում։ Ո՞վ է, որ հոտ է արածեցնում և հոտի կաթից չի խմում։ Մի՞թե ես այս մարդկայնորեն եմ ասում, կամ չէ՞ որ օրենքն էլ է նույն բաներն ասում, որովհետև Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը մի՛ կապիր»։ Մի՞թե Աստված եզների համար էր հոգում։ Իհարկե մեզ համար է ասում, որովհետև մեր մասին է գրված, որ հերկողը պետք է հույսով հերկի, և կալսողն իր հույսը վայելելու հույսով կալսի։ Եթե մենք ձեր մեջ հոգևոր սերմեր ցանեցինք, մե՞ծ բան է, որ ձեզանից նյութական բարիք հնձենք։ Եթե ուրիշները ձեզ վրա այդ իրավունքն ունեն, չէ՞ որ մենք՝ առավել ևս։ Բայց մենք այդ իրավունքը չբանեցրինք, այլ ամեն բանի համբերում ենք, որ Քրիստոսի Ավետարանին արգելք չլինենք։ Չգիտե՞ք, որ նրանք, ովքեր տաճարում են գործում, տաճարից են սնվում, իսկ նրանք, ովքեր զոհասեղանին են սպասավորում, զոհասեղանից են բաժին ստանում։ Նույն կերպ էլ Տերը հրաման տվեց Ավետարանը քարոզողներին Ավետարանից ապրել։ Բայց ես սրանցից ոչ մեկն էլ չգործադրեցի, ոչ էլ այս բաները գրեցի, որ ինձ համար այդպես լինի, որովհետև ավելի լավ է՝ ես մեռնեմ, քան թե մեկն իմ պարծանքը ունայն համարի։ Որովհետև եթե Ավետարանը քարոզեմ, դա ինձ համար պարծանք չի լինի, քանի որ դա ինձ վրա դրված պարտավորություն է, և վա՛յ ինձ, եթե Ավետարանը չքարոզեմ։ Եթե դա իմ կամքով անեմ, վարձ կունենամ, իսկ եթե ոչ, ապա դա ինձ Տիրոջից վստահված տնտեսություն է։ Հապա իմ վարձն ի՞նչ է. այն, որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքից, որ Ավետարանից է։

Բոլորից ազատ լինելով՝ ինքս ինձ բոլորին ծառա եմ դարձրել, որ շատերին շահեմ։ Հրեաների հետ հրեայի պես եղա, որ հրեաներին շահեմ։ Օրենքի տակ եղողների հետ օրենքի տակ եղողի պես եղա, որպեսզի օրենքի տակ եղողներին շահեմ։ Օրենք չունեցողների հետ օրենք չունեցողի պես եղա, իբր ոչ թե ես Աստծու առաջ օրենք չունեի, այլ Քրիստոսի օրենքի տակ էի, որպեսզի օրենք չունեցողներին շահեմ։ Տկարների հետ տկարի պես եղա, որ տկարներին շահեմ։ Ամենքի հետ ամեն ինչ եղա, որ ինչ էլ լինի, ոմանց փրկեմ։ Այս ամենն անում եմ Ավետարանի համար, որպեսզի նրան հաղորդակից լինեմ։

Չգիտե՞ք, որ մրցասպարեզում վազողները բոլորն են վազում, բայց մեկն է մրցանակը ստանում. դուք այնպե՛ս վազեք, որ մրցանակի հասնեք։ Եվ ամեն ոք, ով մրցում է, ամեն ինչում ժուժկալ է լինում։ Արդ նրանք մրցում են, որ մի ապականելի պսակ ստանան, իսկ մենք՝ անապական։ Ուրեմն ես այդպե՛ս եմ վազում, ոչ թե աննպատակ։ Այդպե՛ս եմ մրցում, ոչ թե օդը ծեծելով, այլ իմ մարմինը ճնշման եմ ենթարկում և հնազանդեցնում, որպեսզի չլինի թե ուրիշներին քարոզելով՝ ինքս անպիտան լինեմ։

Եղբայրնե՛ր, չեմ ուզում անտեղյակ լինեք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի ներքո էին ու բոլորն էլ ծովով անցան։ Բոլորը, Մովսեսին հետևելով, ամպի մեջ և ծովում մկրտվեցին։ Ու բոլորն էլ նույն հոգևոր կերակուրը կերան։ Բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև այն հոգևոր վեմից էին խմում, որ նրանց հետ էր գնում, և այդ վեմը Քրիստոսն էր։ Բայց Աստված նրանցից շատերին չհավանեց, ուստի անապատում ընկան մեռան։ Եվ սրանք մեզ օրինակ եղան, որպեսզի մենք չար բաներ ցանկացող չլինենք, ինչպես որ նրանք ցանկացան։ Եվ կռապաշտ մի՛ եղեք, ինչպես նրանցից ոմանք, ինչպես որ գրված է. «Ժողովուրդն ուտելու և խմելու նստեց, ապա ելան զվարճանալու»։ Ոչ էլ պոռնկություն անենք, ինչպես նրանցից ոմանք պոռնկացան, ու մեկ օրում քսաներեք հազար հոգի ընկան։ Եվ ոչ էլ Քրիստոսին փորձենք, ինչպես նրանցից ոմանք փորձեցին ու օձերից կոտորվեցին։ Եվ չտրտնջաք, ինչպես որ նրանցից ոմանք տրտնջացին ու կործանիչի ձեռքով կորսվեցին։ Եվ այդ ամենը նրանց իբրև օրինակ էր պատահում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, որոնց համար հասել է ժամանակի վերջը։ Ուրեմն ով համարում է, թե հաստատուն կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։

Դրա համար, իմ սիրելինե՛ր, կռապաշտությունից փախե՛ք։ Ձեզ հետ որպես ողջամիտների հետ եմ խոսում. դուք ինքնե՛րդ դատեք, ինչ ասում եմ։ Օրհնության այն բաժակը, որ օրհնում ենք, հաղորդություն չէ՞ Քրիստոսի արյանը։ Այն հացը, որ կտրում ենք, հաղորդություն չէ՞ Քրիստոսի մարմնին։ Մենք շատերս մեկ հաց, մեկ մարմին ենք, քանի որ ամենքս այն մեկ հացից ենք հաղորդվում։ Նայե՛ք մարմնավոր Իսրայելին. մատուցված զոհից ուտողները հաղորդակից չե՞ն սեղանին։ Արդ ի՞նչ ասեմ. մի՞թե կուռքը կամ կուռքերին զոհաբերվածը արժեք ունեն։ Ո՛չ։ Այն, ինչ հեթանոսները զոհաբերում են, դևերին են զոհ մատուցում և ոչ Աստծուն։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք. չեք կարող և՛ Տիրոջ բաժակը խմել, և՛ դևերի բաժակը։ Չեք կարող հաղորդվել և՛ Տիրոջ սեղանից, և՛ դևերի սեղանից։ Կամ թե ուզում ես Տիրոջ նախա՞նձը գրգռել. մի՞թե նրանից ավելի զորավոր ենք։

Ինձ ամեն բան թույլատրված է, բայց ամեն բան օգտակար չէ. ինձ ամեն բան թույլատրված է, բայց ամեն բան չի ամրացնում։ Ոչ ոք թող միայն իր օգուտը չորոնի, այլ նաև ընկերոջինը։ Այն ամենը, ինչ մսի շուկայում վաճառվում է, կերե՛ք՝ առանց խղճմտանքի պատճառով որևէ բան հարցնելու, որովհետև երկիրն ու նրա ողջ լիությունը Տիրոջն են։ Եթե անհավատներից մեկը ձեզ կանչի, դուք էլ ցանկանաք գնալ, ամեն բան, ինչ որ ձեր առաջ դրվի, կերե՛ք՝ առանց խղճմտանքի պատճառով որևէ բան հարցնելու։ Բայց եթե մեկը ձեզ ասի. «Դա կուռքին զոհաբերված միս է», մի՛ կերեք այն պատճառով, որ ձեզ հայտնեց, և խղճմտանքի պատճառով։ Բայց խղճմտանք ասելով նկատի ունեմ ոչ թե ձերը, այլ ընկերոջինը, որովհետև իմ ազատությունն ինչո՞ւ պետք է դատապարտվի ուրիշի խղճմտանքից։ Եթե ես գոհությամբ եմ ճաշակում, ինչո՞ւ հայհոյվեմ այն բանի համար, ինչի համար ես գոհանում եմ։ Ուրեմն ուտեք թե խմեք, ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համա՛ր արեք։ Գայթակղության պատճառ մի՛ եղեք ո՛չ հրեաներին, ո՛չ հույներին և ո՛չ էլ Աստծու եկեղեցուն։ Ինչպես որ ես էլ ամեն բանով բոլորին հաճելի եմ լինում՝ իմ օգուտը չփնտրելով, այլ շատերինը, որպեսզի փրկվեն։

Նմանվե՛ք ինձ, ինչպես ես՝ Քրիստոսին։

Արդ գովում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ամեն ինչում հիշում եք ինձ և պահում եք ավանդությունները, ինչպես որ ձեզ փոխանցեցի։ Բայց կամենում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ ամուսինը, Քրիստոսի գլուխը՝ Աստված։ Ամեն տղամարդ, երբ գլուխը ծածկած աղոթք է անում կամ մարգարեանում, անպատվում է իր տիրոջը։ Եվ ամեն կին, երբ աղոթք է անում կամ մարգարեանում է գլխաբաց, անպատվում է իր տիրոջը, քանի որ նույնն է, թե ածիլված լինի։ Եթե կինը գլուխը չի ծածկում, ուրեմն թող իր մազերը կտրի։ Սակայն եթե կնոջ համար մազերը կտրելը կամ ածիլելն ամոթ է, ուրեմն թող գլուխը ծածկի։ Տղամարդուն պետք չէ, որ իր գլուխը ծածկի, որովհետև նա Աստծու պատկերն ու փառքն է, իսկ կինը տղամարդո՛ւ փառքն է։ Որովհետև ոչ թե տղամարդն է կնոջից, այլ կինն է տղամարդուց։ Ոչ թե տղամարդը կնոջ համար ստեղծվեց, այլ կինը՝ տղամարդու համար, դրա համար կինը պետք է իր գլխին իշխանության նշան ունենա՝ հրեշտակների համար։ Այնուամենայնիվ, ո՛չ կինն առանց տղամարդու, ո՛չ տղամարդն առանց կնոջ կլինեն Տիրոջով, որովհետև ինչպես որ կինը տղամարդուց է ստեղծվել, այնպես էլ տղամարդը կնոջից է ծնվում, բայց ամեն ինչ գալիս է Աստծուց։ Դուք ինքնե՛րդ դատեք. կնոջը վայե՞լ է, որ չծածկված աղոթի Աստծուն։ Կամ հենց բնությունն ինքը չի՞ սովորեցնում ձեզ, որ եթե տղամարդը երկար մազեր ունենա, դա անարգանք է նրան։ Բայց եթե կինը երկար մազեր ունի, դա նրա համար փառք է, որովհետև մազերը նրան քողի փոխարեն են տրված։ Եթե որևէ մեկն ուզում է առարկել, ապա մենք այդպիսի սովորություն չունենք, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները։

Բայց սա պատվիրելով չեմ գովում, որովհետև դուք ոչ թե լավագույն, այլ վատթար բանի համար եք հավաքվում։ Նախ երբ հավաքվում եք եկեղեցում, լսում եմ, որ ձեր մեջ բաժանումներ կան, և մասամբ հավատում եմ։ Պետք է, որ ձեր մեջ տարակարծություններ լինեն, որպեսզի ընտրյալները հայտնի դառնան։ Արդ երբ միասին հավաքվում եք, դա Տերունական ընթրիքն ուտելը չէ, որ ամեն մեկը առաջին հերթին իր ընթրիքն է անում, և մեկը քաղցած է մնում, մյուսը՝ հարբած։ Մի՞թե ուտելու կամ խմելու համար տուն չունեք. թե՞ Աստծու եկեղեցին եք արհամարհում ու չքավորներին ամաչեցնում։ Ձեզ ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ. ո՛չ, դրանում չեմ գովում։

Ես Տիրոջից եմ ստացել այն, ինչ ձեզ եմ ավանդել. Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հացը վերցրեց և գոհություն հայտնելուց հետո կտրեց ու ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է. այս արե՛ք իմ հիշատակի համար»։ Նույն կերպ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով. քանի անգամ որ խմեք, այս արե՛ք իմ հիշատակի համար»։ Քանի անգամ որ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա։ Ուրեմն ով ուտի այս հացը կամ խմի Տիրոջ բաժակը անարժանորեն, մեղապարտ կլինի Տիրոջ մարմնին ու արյանը։ Արդ մարդը թող քննի ինքն իրեն ու հետո այդ հացից ուտի և այդ բաժակից խմի։ Որովհետև անարժանորեն ուտողն ու խմողն ինքն իր դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը։ Դրա համար էլ ձեր մեջ բազում հիվանդներ ու ցավագարներ կան, բավականաչափ են նաև նրանք, ովքեր ննջեցին։ Որովհետև եթե ինքներս մեզ քննեինք, չէինք դատապարտվի։ Բայց դատվելով՝ խրատվում ենք Տիրոջից, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք։ Ուրեմն, եղբայրնե՛ր, երբ ուտելու համար միասին հավաքվեք, միմյանց սպասե՛ք։ Իսկ եթե մեկը քաղցած է, թող իր տանն ուտի, որպեսզի ձեր դատապարտության համար հավաքված չլինեք։ Իսկ մյուս բաները, երբ գամ, այն ժամանակ կկարգադրեմ։

Եղբայրնե՛ր, չեմ կամենում, որ հոգևոր պարգևների մասին անտեղյակ լինեք։ Դուք գիտեք, որ երբ հեթանոս էիք, համր կուռքերի մոտ էիք գնում՝ ասես ինչ-որ մեկի կողմից առաջնորդվելով։ Դրա համար ձեզ հայտնում եմ, որ Աստծու Հոգով խոսող ոչ ոք չկա, որ Հիսուսին նզովյալ ասի. և ոչ ոք չի կարող Հիսուսին «Տեր» ասել, եթե ոչ Սուրբ Հոգով։

Պարգևները զանազան են, բայց պարգևողը նույն Հոգին է։ Ծառայություններն էլ զանազան են, բայց դրանք տվողը նույն Տերն է։ Գործերն էլ զանազան են, բայց նույն Աստված է, որ ամեն բան գործի է դնում ամենքի մեջ։ Բայց ամեն մեկին Հոգու հայտնությունը օգուտի համար է տրված։ Որովհետև մեկին Հոգուց իմաստության խոսք է տրված, մյուսին՝ գիտության խոսք՝ նույն Հոգու չափով, մյուսին՝ հավատ՝ նույն Հոգով, ուրիշին՝ բժշկության շնորհ՝ նույն Հոգով, մեկ ուրիշին՝ զորավոր գործեր, ուրիշին՝ մարգարեություն, ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տարատեսակ լեզուներ, ուրիշին՝ լեզուների թարգմանություն։ Բայց այս բոլորը հենց նույն Հոգին է գործի դնում՝ ամեն մեկին բաժանելով այնպես, ինչպես կամենում է։

Ինչպես որ մարմինը մեկ է ու շատ անդամներ ունի, և մարմնի բոլոր անդամները, շատ լինելով, մեկ մարմին են, այնպես էլ Քրիստոսը։ Որովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար. թե՛ հրեաներ, թե՛ հույներ, թե՛ ծառաներ, թե՛ ազատներ. ամենքս էլ մեկ Հոգուց խմեցինք։ Որովհետև մարմինն էլ մեկ անդամից չէ կազմված, այլ բազում։ Եթե ոտքն ասի՝ «Քանի որ ձեռք չեմ, մարմնից չեմ», մի՞թե դրանով մարմնին չի պատկանի։ Եվ եթե ականջն ասի՝ «Քանի որ աչք չեմ, մարմնից չեմ», մի՞թե դրանով մարմնին չի պատկանի։ Եթե ամբողջ մարմինն աչք լիներ, ականջը որտե՞ղ կմնար, և եթե ամբողջ մարմինն ականջ լիներ, հոտոտելիքը որտե՞ղ կմնար։ Բայց հիմա Աստված անդամները, դրանցից ամեն մեկը դրեց մարմնի մեջ, ինչպես կամեցավ։ Եվ եթե ամբողջը մեկ անդամ լիներ, մարմի՞նը որտեղ կմնար։ Բայց հիմա անդամները բազում են, իսկ մարմինը՝ մեկ։ Աչքը չի կարող ձեռքին ասել՝ «Ինձ պետք չես», կամ էլ գլուխը ոտքերին՝ «Ինձ պետք չեք»։ Ընդհակառակը, մարմնի այն անդամները, որոնք ավելի տկար են թվում, ավելի կարևոր են։ Այն անդամներին, որ կարծում ենք՝ ավելի անարգ են, առավել պատիվ ենք տալիս և մեր ամոթույքն առավել պարկեշտությամբ ենք պահում, իսկ մեր պարկեշտ անդամները դրա կարիքը չունեն։ Բայց Աստված մարմինը բարեխառնել է՝ ցածրին ավելի պատիվ տալով, որպեսզի մարմնի մեջ բաժանում չլինի, այլ որպեսզի անդամները միմյանց նկատմամբ նույն հոգածությունն ունենան։ Եվ եթե մի անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են, ու եթե մի անդամը փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են։

Արդ դուք Քրիստոսի մարմինն եք ու մեկ առ մեկ՝ նրա անդամները։ Նրանց, որոնց Աստված եկեղեցում կարգեց, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, հետո՝ հրաշագործներին, հետո՝ բժշկության շնորհ ունեցողներին, օգնողներին, վարիչներին, տարբեր լեզուներով խոսողներին։ Մի՞թե բոլորն առաքյալներ են, մի՞թե բոլորը մարգարեներ են, մի՞թե բոլորը ուսուցանողներ են, մի՞թե բոլորը հրաշագործներ են, մի՞թե բոլորը բժշկելու շնորհ ունեն, մի՞թե բոլորը լեզուներ են խոսում, մի՞թե բոլորը թարգմանում են։

Բայց դուք նախանձախնդիր եղեք լավագո՛ւյն շնորհներին, ես էլ լավագույն ճանապարհը ցույց կտամ ձեզ։

Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ես նման եմ ձայն արձակող պղնձի կամ ղողանջող ծնծղայի։ Եթե շնորհ ունենամ մարգարեության, բոլոր խորհուրդների ու ամեն գիտության և եթե մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ լիարժեք հավատն ունենամ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Եթե ամբողջ ունեցվածքս աղքատներին բաժանեմ ու մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա։

Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։ Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք չի անհետանում. մարգարեությունները կանհետանան, լեզուները կլռեն, գիտությունը կխափանվի։ Քանզի մասամբ գիտենք և մասամբ ենք մարգարեանում։ Բայց երբ կատարյալը գա, այն, ինչ մասամբ է, կանհետանա։ Երբ երեխա էի, երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի տրամաբանում, բայց երբ տղամարդ դարձա, երեխայական բաները թողեցի։ Այժմ, երբ նայում ենք հայելու մեջ, հստակ չենք տեսնում, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմառդեմ։ Այժմ մասամբ եմ տեղյակ, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես որ նրանից ճանաչվեցի։ Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից ամենամեծը սերն է։

Սիրո՛ւն հետևեք ու հոգևոր պարգևների՛ն նախանձախնդիր եղեք, իսկ առավել ևս մարգարեանալուն։ Որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանում. նա Հոգով ներշնչված է խորհուրդներ հայտնում։ Իսկ մարգարեացողը մարդկանց հետ հավատն ամրացնելու, մխիթարության և սփոփանքի մասին է խոսում։ Լեզվով խոսողն ինքն իրեն է ամրացնում, իսկ մարգարեացողը՝ եկեղեցին։ Ես ցանկանում եմ, որ դուք ամենքդ լեզուներով խոսեք, իսկ առավել ևս՝ որ մարգարեանաք, որովհետև մարգարեացողն ավելի մեծ է, քան լեզուներով խոսողը, միայն եթե թարգմանի, որպեսզի եկեղեցին ամրանա։

Այժմ, եղբայրնե՛ր, եթե ձեզ մոտ գամ ու լեզուներով խոսեմ, ձեզ ի՞նչ օգուտ կտամ, եթե ձեզ հետ չխոսեմ կա՛մ հայտնությամբ, կա՛մ գիտությամբ, կա՛մ մարգարեությամբ, կա՛մ ուսուցմամբ։ Անշունչ գործիքները՝ սրինգը կամ քնարը, եթե զանազան հնչյուններ չարձակեն, ինչպե՞ս կիմացվի՝ սրինգի՞ ձայնն է, թե՞ քնարի։ Կամ եթե շեփորն անհասկանալի ձայն արձակի, ո՞վ պատերազմի կպատրաստվի։ Նույն կերպ էլ դուք. եթե լեզուների միջոցով հստակ խոսք չասեք, ինչպե՞ս այդ ասվածը կհասկացվի։ Դուք օդի մեջ խոսողների պես կլինեք։ Աշխարհում այնքա՜ն բազմատեսակ լեզուներ կան, և դրանցից ոչ մեկն էլ առանց նշանակության չէ։ Արդ եթե ես խոսքի իմաստը չհասկանամ, խոսողի համար օտար կլինեմ, իսկ խոսողն էլ՝ ինձ համար։ Նույնպես էլ դուք. քանի որ հոգևոր պարգևներին նախանձախնդիր եք, եկեղեցու ամրացման համա՛ր ջանք թափեք։ Դրա համար լեզվով խոսողը թող աղոթի, որպեսզի կարողանա նաև թարգմանել։ Քանի որ եթե ես օտար լեզվով եմ աղոթում, իմ հոգին է աղոթում, բայց միտքս անպտուղ է մնում։ Ուրեմն ի՞նչ անել. կաղոթեմ հոգով, կաղոթեմ նաև մտքով, սաղմոս կասեմ և՛ հոգով, և՛ մտքով։ Եթե դու հոգով օրհնես, ապա ներկա գտնվող հասարակ մարդը քո օրհնությանն ինչպե՞ս «Ամե՛ն» ասի, երբ չգիտի, թե ի՛նչ ես ասում։ Դու լավ ես գոհություն մատուցում, բայց ընկերդ դրանից չի ամրանում։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ձեր բոլորից ավելի շատ լեզուներով եմ խոսում։ Բայց ավելի լավ է՝ եկեղեցում հինգ խոսք ասեմ, որ և՛ իմ միտքը հասկանա, և՛ ուրիշներին էլ սովորեցնեմ, քան բյուրավոր խոսքեր ասեմ լեզուներով։

Եղբայրնե՛ր, երեխա մի՛ եղեք դատողություն անելիս, այլ չարություն անելի՛ս երեխա եղեք, իսկ մտքով կատարյա՛լ եղեք։ Օրենքում գրված է. «Օտար լեզուներով ու օտար շրթունքներով պիտի խոսեմ այս ժողովրդի հետ, բայց և այնպես ինձ ականջ չեն դնի»,- ասում է Տերը։

Ուրեմն լեզուները նշան են ոչ թե հավատացյալների, այլ անհավատների համար, իսկ մարգարեությունը ոչ թե անհավատների համար է, այլ հավատացյալների։ Արդ եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի, ու բոլորը լեզուներով խոսեն, և անգետներ կամ անհավատներ այնտեղ մտնեն, մի՞թե չեն ասի, թե դուք խելագարվել եք։ Բայց եթե բոլորը մարգարեանան, ու մի անհավատ կամ անգետ գա մտնի, նա բոլորի կողմից կհանդիմանվի, բոլորի կողմից կդատվի։ Եվ այսպես նրա սրտի գաղտնիքները հայտնի կդառնան, ապա երեսնիվայր ընկած՝ Աստծուն կերկրպագի՝ խոստովանելով, որ Աստված արդարև ձեր մեջ է։

Ուրեմն ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ եք հավաքվում, և ձեզանից յուրաքանչյուրը սաղմոս ունենա, կամ ուսուցում, կամ հայտնություն, կամ լեզու, կամ թարգմանություն, թող ամենը եկեղեցու ամրության համար լինի։ Եթե որևէ մեկը լեզվով խոսի, և երկուսը կամ ավելի շատ՝ երեքը լինեն, թող մեկը մյուսից հետո խոսի, իսկ մեկն էլ թարգմանի։ Բայց եթե թարգմանող չկա, թող եկեղեցում լռի, ինքն իր մտքում Աստծու հետ խոսի։ Բայց մարգարեները թող երկու կամ երեք հոգով խոսեն, և մյուսները քննեն։ Իսկ եթե մեկ ուրիշին, որ այնտեղ նստած է, հայտնություն տրվի, առաջին խոսողը թող լռի։ Բոլորդ էլ կարող եք իրար հետևից մարգարեանալ, որպեսզի բոլորը սովորեն ու բոլորը մխիթարվեն։ Մարգարեական հոգիները մարգարեներին հնազանդվում են, որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, ինչպես լինում է սրբերի բոլոր եկեղեցիներում։

Կանայք եկեղեցիներում թող լուռ մնան, որովհետև նրանց թույլատրված չէ խոսել, այլ հնազանդ լինել, ինչպես և օրենքն է ասում։ Իսկ եթե մի բան ուզենան սովորել, թող տանն իրենց ամուսիններին հարցնեն, որովհետև եկեղեցում խոսելը կնոջը վայել չէ։ Աստծու խոսքը ձեզանի՞ց է դուրս ելել կամ միայն ձե՞զ է հասել։

Եթե մեկը կարծի, թե ինքը մարգարե է կամ հոգևոր անձ, թող իմանա, որ այն, ինչ գրեցի ձեզ, Տիրոջ պատվիրանն է։ Իսկ եթե մեկը տգետ է, թող տգետ լինի։ Ուրեմն, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղեք մարգարեանալուն և լեզուներով խոսելը մի՛ արգելեք։ Ամեն բան վայելուչ կերպով և կարգով թող լինի։

Եղբայրնե՛ր, ձեզ ծանուցում եմ այն Ավետարանը, որ քարոզեցի, որն ընդունեցիք և որով հաստատվեցիք, որով և կփրկվեք, եթե ամուր պահեք այն խոսքը, որ ձեզ քարոզեցի, այլապես զուր տեղը հավատացած կլինեք։ Նախ ես ձեզ ավանդեցի այն, ինչն ինքս ընդունեցի. որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ՝ համաձայն Գրքերի, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Գրքերի համաձայն, որ երևաց Կեփասին, հետո՝ այն տասներկուսին։ Հետո միանգամից երևաց հինգ հարյուրից ավելի եղբայրների, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են, իսկ ոմանք էլ ննջել են։ Ապա երևաց Հակոբոսին, հետո՝ բոլոր առաքյալներին։ Ամենից հետո երևաց նաև ինձ՝ վիժվածքիս։ Որովհետև ես առաքյալների մեջ հետինն եմ և արժանի էլ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ Աստծու եկեղեցին հալածեցի։ Բայց ինչ որ եմ, Աստծու շնորհով եմ, և նրա շնորհը, որ իմ մեջ է, ունայն չեղավ, ընդհակառակը, նրանցից ավելի շատ աշխատեցի. սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։ Արդ թե՛ ես, թե՛ նրանք այսպես ենք քարոզում, և դուք այսպես հավատացիք։

Իսկ եթե Քրիստոսի մասին քարոզվում է, որ մեռելներից հարություն է առել, ինչպե՞ս են ձեզանից ոմանք ասում. «Մեռելների հարություն չկա»։ Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունն ունայն է, ունայն է և ձեր հավատը։ Իսկ մենք էլ Աստծու սուտ վկաներ ենք դուրս գալիս, որ Աստծու մասին վկայել ենք, թե Քրիստոսին հարություն է տվել. այնինչ եթե ճիշտ է, որ մեռելները հարություն չեն առնում, ուրեմն նրան հարություն չի տվել։ Որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն ունայն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Ուրեմն նրանք էլ, ովքեր Քրիստոսով ննջեցին, կորան։ Եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունենք, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։

Բայց ոչ. Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել։ Քանի որ մահը մարդով եղավ, մեռելների հարությունն էլ մարդով եղավ։ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան՝ յուրաքանչյուրն իր հերթին. նախ Քրիստոսը՝ առաջին պտուղը, հետո՝ Քրիստոսին պատկանողները նրա գալստյան ժամանակ։ Ապա կգա վախճանը, երբ թագավորությունն Աստծուն ու Հորը կտա, երբ կխափանի ամեն իշխանություն, ամեն պետություն և զորություն։ Որովհետև Քրիստոսը պետք է թագավորի, մինչև որ բոլոր թշնամիներին իր ոտքերի տակ դնի։ Վերջին թշնամին, որ կխափանվի, մահն է, որովհետև Աստված ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ։ Բայց երբ ասում է՝ «Ամեն բան նրան հնազանդեցրեց», պարզ է, որ բացի Աստծուց, ամեն բան նրան հնազանդեցրեց։ Երբ ամեն բան հնազանդվի նրան, այն ժամանակ Որդին ինքն էլ կհնազանդվի նրան, որ ամեն ինչ հնազանդեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամեն ինչում։

Այլապես մեռելների համար մկրտվողներն ի՞նչ կանեն, եթե մեռելներն իրոք հարություն չառնեն. էլ ինչո՞ւ են նրանց համար մկրտվում։ Եվ մենք ինչո՞ւ ենք ամեն ժամ վտանգի մեջ։ Երդվում եմ ձեր հանդեպ ունեցած իմ պարծանքով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով ունեմ. ես ամեն օր մեռնում եմ։ Եթե մարդկային կերպով դատեի, ապա երբ Եփեսոսում գազանների հետ մարտնչեցի, ինձ ի՞նչ օգուտ էր։ Եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք։ Մի՛ խաբվեք. չար ընկերակցությունները բարի վարքն ապականում են։ Արդարությամբ սթափվե՛ք ու մեղք մի՛ գործեք, որովհետև ոմանք Աստծու մասին տեղյակ չեն. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։

Բայց մեկը կասի. «Մեռելներն ինչպե՞ս են հարություն առնում և ի՞նչ մարմնով են գալու»։ Անմի՛տ, ինչ որ սերմանում ես, չի աճի, եթե չմեռնի։ Եվ ինչ որ սերմանում ես, ոչ թե այն մարմինն ես սերմանում, որ բուսնելու է, այլ մերկ հատիկը, ցորենի լինի, թե այլ սերմի։ Աստված նրան մարմին է տալիս, ինչպես որ կամենում է. սերմերից ամեն մեկին՝ իր մարմինը։ Ամեն մարմին նույնը չէ. մարդկանց մարմինն ուրիշ է, անասուններինը՝ ուրիշ, ձկներինը՝ ուրիշ, թռչուններինը՝ ուրիշ։ Կան նաև երկնային մարմիններ, երկրային մարմիններ, բայց ուրիշ է երկնայինների փառքը և ուրիշ է երկրայիններինը։ Ուրիշ է արեգակի պայծառությունը, ուրիշ է լուսնի պայծառությունը, և ուրիշ է աստղերի պայծառությունը։ Մի աստղը մյուսից տարբերվում է պայծառությամբ։

Այդպես է նաև մեռելների հարությունը. մարմինը հողի մեջ սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում անապականությամբ։ Հողի մեջ է դրվում անարգ վիճակում և հարություն է առնում փառքով։ Հողի մեջ է դրվում ինչպես շնչավոր մարմին և հարություն է առնում իբրև հոգևոր մարմին։ Կա շնչավոր մարմին, և կա հոգևոր մարմին։ Այդպես էլ գրված է. «Առաջին մարդը՝ Ադամը, կենդանի շունչ եղավ», երկրորդ Ադամը՝ կենդանարար հոգի։ Բայց նախ հոգևորը չեղավ, այլ շնչավորը, հետո՝ հոգևորը։ Առաջին մարդը երկրից է՝ հողեղեն, իսկ երկրորդ մարդը՝ Տերը՝ երկնքից։ Ինչպես հողեղենն է, այնպես էլ մենք ենք հողեղեններ, և ինչպես երկնավորն է, այնպես էլ մենք ենք երկնավորներ։ Եվ ինչպես որ հողեղենի պատկերը կրեցինք, այնպես էլ երկնայինի պատկերը պիտի կրենք։ Սա եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ Աստծու արքայությունը մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել, ոչ էլ ապականությունն է անապականությունը ժառանգում։ Ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. «Ոչ բոլորս ենք ննջելու, բայց բոլորս ենք նորոգվելու». հանկարծ, մի ակնթարթում, վերջին շեփորի հնչման ժամանակ, որովհետև շեփորը կհնչի, ու մեռելներն անապականելի հարություն կառնեն, և մենք կփոխակերպվենք։ Որովհետև այս ապականացու մարմինը պետք է որ անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ։ Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. «Մահը հաղթության մեջ ընկղմվեց։

Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը»։

Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը՝ օրենքը։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և անսասան, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ։

Սրբերի համար կատարվող հանգանակության համար արե՛ք այնպես, ինչպես որ գաղատացիների եկեղեցիներին եմ պատվիրել։ Ամեն շաբաթվա առաջին օրը ձեզանից ամեն մեկը թող իր մոտ պահի այն խնայողությունը, որ հաջողվել է հավաքել, որ չլինի թե երբ գամ, հանգանակություն հավաքելն այդ ժամանակ լինի։ Երբ գամ, ձեր ընտրած մարդկանց նամակներով կուղարկեմ, որ ձեր ընծան Երուսաղեմ տանեն։ Եվ եթե հարկ լինի, որ ես էլ գնամ, թող ինձ հետ գան։

Ձեզ մոտ կգամ, երբ Մակեդոնիայով անցնեմ, որովհետև Մակեդոնիայով եմ անցնելու։ Եվ հնարավոր է, որ ձեզ մոտ մնամ կամ նույնիսկ ձմեռեմ, որպեսզի դուք ինձ ճանապարհեք, ուր որ գնալու լինեմ։ Որովհետև չեմ ուզում հիմա անցորդի պես ձեզ տեսնել. միառժամանակ ձեզ մոտ մնալու հույս ունեմ, եթե Տերը թույլ տա։ Բայց հիմա մնում եմ Եփեսոսում մինչև Պենտեկոստեի տոնը, որովհետև ինձ համար գործելու մեծ դուռ է բացված, և հակառակորդները շատ են։

Եթե Տիմոթեոսը գա, նայե՛ք, որ առանց վախենալու ձեզ մոտ մնա, որովհետև նա էլ Տիրոջ գործն է անում, ինչպես որ ես։ Արդ ոչ ոք թող նրան չանարգի. նրան խաղաղությամբ ճանապարհե՛ք, որ ինձ մոտ գա. եղբայրների հետ նրան եմ սպասում։ Իսկ Ապողոս եղբոր վերաբերյալ իմացեք, որ նրան շատ աղաչեցի, որ եղբայրների հետ ձեզ մոտ գա, բայց հիմա գալու ցանկություն բոլորովին չունի։ Սակայն կգա, երբ հարմար ժամանակ գտնի։

Արթո՛ւն եղեք, հավատի մեջ հաստատո՛ւն մնացեք. արիացե՛ք ու զորացե՛ք։ Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն։

Խնդրում եմ ձեզ, եղբայրնե՛ր. գիտեք Ստեփանասի ընտանիքը, որ Աքայիայի առաջին պտուղն է, և իրենց անձերը սրբերի ծառայությանը նվիրեցին։ Դո՛ւք էլ հնազանդ եղեք այդպիսիներին ու բոլոր նրանց, ովքեր գործակից և ծառայակից են նրանց։ Ստեփանասի, Փորտունատոսի և Աքայիկոսի գալու համար ուրախացա. նրանք ձեր պակասը լրացրին, որովհետև իմ ու ձեր հոգուն հանգիստ պարգևեցին. ուրեմն ճանաչե՛ք այդպիսիներին։

Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները։ Տիրոջով ձեզ շատ ողջունում են Ակյուղասն ու Պրիսկիղան այն եկեղեցու հետ միասին, որ նրանց տանն է հավաքվում։ Ձեզ ողջունում են բոլոր եղբայրները. ողջունե՛ք միմյանց սուրբ համբույրով։ Իմ՝ Պողոսիս ձեռքով է այս ողջույնը։ Եթե մեկը Տեր Հիսուսին չի սիրում, անիծված թող լինի։ Մարանա թա։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։ Իմ սերն էլ Քրիստոս Հիսուսով ձեզ բոլորիդ հետ։ Ամեն։