Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ
Այն, որ սկզբից էր, որին լսեցինք և մեր աչքերով տեսանք, որին նայեցինք, և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ կյանքի Բանի մասին, և կյանքը հայտնվեց, ու մենք տեսանք ու վկայում ենք և ձեզ պատմում ենք այդ հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր ու մեզ հայտնվեց. այն, ինչ տեսանք ու լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ մեզ հետ հաղորդակից լինեք, իսկ մեր հաղորդությունը Հոր ու նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ է։ Եվ սա գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։
Եվ սա է այն ավետիսը, որ նրանից լսեցինք ու ձեզ պատմում ենք. Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա։ Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։ Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։
Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր առաջ Հիսուս Քրիստոսին՝ արդարին։ Եվ նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի։
Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք։ Ով ասում է. «Նրան ճանաչեցի», բայց նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա։ Բայց ով նրա խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանով իմանում ենք, որ նրա մեջ ենք։ Ով ասում է. «Նրա մեջ եմ ապրում», պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ նա ընթացավ։
Սիրելինե՛ր, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանը, որ սկզբից ունեիք, և հին պատվիրանն այն խոսքն է, որ լսեցիք։ Այդուհանդերձ նոր պատվիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մեջ ու ձեր մեջ, որովհետև խավարն անցնում է, և ճշմարիտ լույսն արդեն երևում է։ Ով ասում է, թե լույսի մեջ է և իր եղբորն ատում է, մինչև հիմա խավարի մեջ է։ Ով իր եղբորը սիրում է, լույսի մեջ է ապրում, և նրա մեջ գայթակղություն չկա։ Իսկ ով իր եղբորն ատում է, խավարի մեջ է ու խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։
Գրում եմ ձեզ, որդյակնե՛ր, որովհետև ձեր մեղքերը ներված են նրա անվան համար։
Գրում եմ ձեզ, հայրե՛ր, որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։ Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև հաղթեցիք չարին։
Գրում եմ ձեզ, զավակնե՛ր, որովհետև ճանաչեցիք Հորը։ Գրեցի ձեզ, հայրե՛ր, որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։ Գրեցի ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև դուք զորավոր եք, և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին։
Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։ Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան։
Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Ինչպես լսեցիք, Նեռը գալիս է, և արդեն իսկ բազում նեռեր են եկել, և դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է։ Նրանք մեր միջից դուրս ելան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին։ Բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն։ Իսկ դուք օծում ունեք Սրբից և ամեն բան գիտեք։ Գրեցի ձեզ, ոչ իբրև թե ճշմարտությունը չգիտեք, այլ որովհետև գիտեք այն, նաև այն, որ ամեն ստություն ճշմարտությունից չէ։ Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը չէ Քրիստոսը։ Նա Նեռն է, որ ուրանում է Հորը և Որդուն։ Ամեն ոք, ով Որդուն ուրանում է, չունի նաև Հորը։ Ով դավանում է Որդուն, ունի նաև Հորը։ Ինչ դուք սկզբից լսեցիք, թող բնակվի ձեր մեջ. եթե ձեր մեջ բնակվի այն, ինչ սկզբից լսեցիք, դուք էլ կբնակվեք Որդու և Հոր մեջ։ Եվ սա է այն խոստումը, որ նա խոստացավ մեզ, այսինքն՝ հավիտենական կյանքը։ Այս բաները ձեզ մոլորեցնողների մասին ձեզ գրեցի։ Եվ այն օծումը, որ դուք նրանից ընդունեցիք, ձեր մեջ է բնակվում։ Եվ կարիք չունեք, որ մեկը ձեզ ուսուցանի։ Բայց ինչպես նրա օծումն է ձեզ ուսուցանում ամեն ինչի մասին, ճշմարիտ է և ոչ սուտ. և ինչպես նա ձեզ ուսուցանեց, մնացե՛ք նրա մեջ։
Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, համարձակություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։ Քանի որ գիտեք, որ նա արդար է, իմացե՛ք նաև, որ ամեն ոք, ով արդարություն է անում, նրանից է ծնված։
Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք և իսկապես ենք. աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ նրան չճանաչեց։ Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և տակավին հայտնի չէ, թե ի՛նչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան, ինչպես որ է։
Եվ ամեն ոք, ով այս հույսն իր մեջ ունի, իր անձը մաքրում է, ինչպես որ նա է մաքուր։
Ամեն ոք, ով մեղք է գործում, նաև անօրենություն է անում. և մեղքն անօրենություն է։ Եվ գիտեք, որ նա հայտնվեց, որպեսզի մեր մեղքերը վերցնի, իսկ նրա մեջ մեղք չկա։ Ամեն ոք, ով նրա մեջ է ապրում, չի մեղանչում, և ամեն ոք, ով մեղանչում է, չի տեսել նրան, ոչ էլ ճանաչել։ Որդյակնե՛ր, ոչ ոք թող չխաբի ձեզ. ով արդարություն է անում, արդար է, ինչպես որ նա է արդար։ Ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է. Աստծու Որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։ Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, որովհետև նրա սերմն իր մեջ մնում է, և չի կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։ Սրանով են հայտնի Աստծու որդիները և սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում։
Որովհետև սա է պատվիրանը, որ սկզբից լսեցիք, որ միմյանց սիրենք. ոչ ինչպես Կայենը, որ չարից էր ու իր եղբորն սպանեց։ Եվ ինչի՞ համար սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ իր եղբորինը՝ արդար։ Մի՛ զարմացեք, եղբայրնե՛ր, եթե այս աշխարհը ձեզ ատի։ Մենք գիտենք, որ մահից դեպի կյանք անցանք, որովհետև եղբայրներին սիրում ենք։ Բայց ով եղբորը չի սիրում, մահվան մեջ է մնում։ Ամեն ոք, ով իր եղբորն ատում է, մարդասպան է, և գիտեք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։ Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսը իր կյանքը տվեց մեզ համար, մենք էլ պարտավոր ենք մեր կյանքը տալ մեր եղբայրների համար։ Ով այս աշխարհի բարիքներն ունենա և իր եղբորը որևէ բանի կարոտ տեսնի ու իր խիղճը նրա առաջ փակի, Աստծու սերը նրա մեջ ինչպե՞ս կարող է ապրել։ Որդյակնե՛ր, խոսքով և լեզվով չսիրենք, այլ գործով ու ճշմարտությամբ։
Եվ սրանով կճանաչենք, որ ճշմարտությունից ենք, և մեր սրտերը համարձակություն կունենան կանգնելու նրա առաջ, քանզի եթե մեր սիրտը դատապարտի մեզ, ապա Աստված մեր սրտից ավելի մեծ է և ամեն բան գիտի։ Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը չդատապարտեն մեզ, Աստծու առաջ համարձակություն կունենանք և ինչ որ խնդրենք, կստանանք նրանից, որովհետև նրա պատվիրանները պահում ենք և նրան հաճելի բաներն ենք անում։ Սա է նրա պատվիրանը, որ հավատանք նրա Որդի Հիսուս Քրիստոսի անվանը և միմյանց սիրենք, ինչպես որ նա պատվիրեց մեզ։ Ով նրա պատվիրանները պահում է, նրա մեջ է ապրում, նա էլ՝ նրա մեջ։ Մեր մեջ նրա բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ մեզ տվեց։
Սիրելինե՛ր, ամեն հոգու մի՛ հավատացեք, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։ Սրանո՛վ Աստծու Հոգին ճանաչեք. ամեն հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, Աստծուց է։ Եվ ամեն հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին, Աստծուց չէ. դա Նեռի հոգին է, որի մասին լսեցիք, թե գալիս է և հիմա արդեն աշխարհում է։ Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։ Նրանք աշխարհից են, դրա համար աշխարհիկ բաներից են խոսում, և աշխարհը նրանց լսում է։ Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, ով Աստծուց չէ, չի լսում մեզ. սրանից ենք ճանաչում ճշմարտության Հոգին և խաբեության հոգին։
Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված ու ճանաչում է Աստծուն։ Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։ Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։ Սրա մեջ է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց և իր Որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պետք է միմյանց սիրենք։ Աստծուն ոչ ոք երբևիցե չի տեսել. եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կմնա, ու նրա սերը մեր մեջ կատարյալ է։
Սրանով գիտենք, որ մենք նրա մեջ ենք բնակված, նա էլ՝ մեր մեջ, որովհետև նա իր Հոգուց տվեց մեզ։ Մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն իր Որդուն ուղարկեց որպես աշխարհի Փրկչի։ Ով դավանում է, որ Հիսուսն Աստծու Որդին է, Աստված նրա մեջ է բնակվում, և նա՝ Աստծու մեջ։ Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ։ Սերը կատարյալ է մեր մեջ նրանով, որ դատաստանի օրը համարձակություն ունենանք, որովհետև ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։ Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ։ Եթե մեկն ասի. «Աստծուն սիրում եմ», և իր եղբորն ատի, նա ստախոս է, որովհետև ով չի սիրում իր եղբորը, որին տեսել է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ նրանից այս պատվիրանն ունենք, թե ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ պիտի սիրի։
Ամեն ոք, ով հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված, և ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, նրանից ծնվածին էլ է սիրում։ Նրանով ենք ճանաչում, որ սիրում ենք Աստծու զավակներին, երբ սիրում ենք Աստծուն և նրա պատվիրանները պահում։ Որովհետև սա է Աստծու սերը. որ պահենք նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն, որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։ Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է։
Սա է, որ եկավ ջրով ու արյամբ՝ Հիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլ ջրով ու արյամբ, և Հոգին է, որ վկայում է, որովհետև Հոգին է ճշմարտությունը։ Այդ երեքն են, որ վկայում են՝ Հոգին, ջուրը և արյունը. և այս երեքը մեկ են։ Եթե մարդկանց վկայությունն ընդունում ենք, Աստծու վկայությունն ավելի մեծ է, որովհետև սա է Աստծու վկայությունը, որ իր Որդու մասին վկայեց։ Ով Աստծու Որդուն հավատում է, ինքն իր մեջ այս վկայությունն ունի, ով Աստծուն չի հավատում, նրան սուտ է հանում, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր Որդու մասին։ Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այս կյանքը նրա Որդու մեջ է։ Ով Որդուն ունի, նա կյանք ունի, և ով Աստծու Որդուն չունի, կյանք չունի։
Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք՝ Աստծու Որդու անվանը հավատացողներդ, հավիտենական կյանք ունեք։ Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ նրանից ստանում ենք մեր խնդրածները։
Եթե մեկն իր եղբորը տեսնի, որ ոչ մահացու մեղք է գործել, թող խնդրի, և Աստված ոչ մահացու մեղք գործողին կյանք կտա։ Կա մեղք, որ մահացու է. ես դրա՛ մասին չեմ ասում, որ խնդրես։ Ամենայն անարդար արարք մեղք է. բայց կան մեղքեր, որոնք մահվան չեն առաջնորդում։
Գիտենք, որ ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, իսկ ով Աստծուց է ծնված, պահում է իրեն, և չարը նրան չի մոտենում։ Գիտենք, որ Աստծուց ենք, և ամբողջ աշխարհը չարի մեջ է։ Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ ու մեզ միտք տվեց, որպեսզի ճշմարիտը ճանաչենք. և ճշմարիտի մեջ ենք, այսինքն՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ։ Նա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը։ Որդյակնե՛ր, ինքներդ ձեզ հեռո՛ւ պահեք կուռքերից։