Ա ՊԵՏՐՈՍ
Պետրոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ՝ ընտրյալ պանդուխտներիդ, որ ապրում եք սփյուռքում՝ Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում, Ասիայում և Բյութանիայում՝ ըստ Հայր Աստծու կանխագիտության, Հոգու սրբագործության, հնազանդվելու և Հիսուս Քրիստոսի արյունով մաքրվելու համար. թող շնորհն ու խաղաղությունը շատանան ձեզ վրա։
Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ, այն անեղծ, անարատ ու անթառամ ժառանգության համար, որ երկնքում պահված է ձեզ համար, որ Աստծու զորությամբ հավատով պահպանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին։ Նրանով կուրախանաք, թեև հիմա պետք է որ տարատեսակ փորձություններից փոքր-ինչ տրտմած լինեք, որպեսզի ձեր հավատի փորձառությունն ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում, ձեռք բերի գովք, պատիվ ու փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ, որին չտեսած՝ սիրում եք, որին հավատացիք, թեև այժմ չեք տեսնում, և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝ ստանալով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը։
Այդ փրկության համար փնտրեցին ու քննեցին մարգարեները, որոնք մարգարեանում էին ձեզ սահմանված շնորհի մասին՝ քննելով, թե ինչպիսի՛ ժամանակի և ո՛ր հանգամանքներում էր իրենց մեջ եղած Քրիստոսի Հոգին ի սկզբանե վկայում Քրիստոսի չարչարանքների և դրանից հետո փառքի մասին։ Նրանց հայտնվեց, որ ոչ թե իրենց, այլ մեզ էին ծառայում այն բաները, որ այժմ հաղորդվեցին ձեզ նրանց միջոցով, որոնք ձեզ ավետարանեցին Սուրբ Հոգով, որ երկնքից ուղարկվեց, և որի մեջ հրեշտակները ցանկանում են հայացքով թափանցել։
Դրա համար թող ձեր միտքը լինի գոտեպնդված, զգոն։ Հույսը լիովին դրե՛ք շնորհի վրա, որ ձեզ տրվելու է Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ, հնազանդ զավակների պես մի՛ համապատասխանեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններին, այլ ձեզ կանչող Սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սո՛ւրբ եղեք, քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ»։
Եվ եթե Հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում յուրաքանչյուրին՝ համաձայն իր գործի, ապա ձեր պանդխտության ժամանակը երկյուղո՛վ անցկացրեք՝ իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով՝ իբրև անբիծ ու անարատ գառան, որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը և երևաց ժամանակների վերջում ձեզ համար, որ նրանով հավատացողներն եք այն Աստծուն, որը նրան մեռելներից հարություն ու փառք տվեց, որպեսզի ձեր հավատը և հույսն Աստծու վրա լինեն։
Մաքրելով ձեր հոգիները ճշմարտությանը հնազանդությամբ՝ անկեղծ եղբայրասիրությամբ, մաքուր սրտով միմյանց ջերմորեն սիրե՛ք՝ վերածնվելով ոչ թե ապականության սերմից, այլ անապականից՝ Աստծու կենդանի ու մնայուն խոսքով։ Որովհետև «Ամեն մարմին խոտի պես է, և մարդու ամբողջ փառքը՝ խոտի ծաղկի. խոտը չորանում է, և նրա ծաղիկը՝ թափվում,
իսկ Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»։ Սա է այն խոսքը, որ ձեզ ավետարանվեց։
Արդ դեն գցելով ամեն չարություն, նենգություն, կեղծավորություն, նախանձ և ամեն չարախոսություն՝ նորածին մանուկների պես փափագե՛ք բանական, անխարդախ կաթը, որպեսզի նրանով աճեք փրկության համար, քանի որ ճաշակել եք, որ քաղցր է Տերը, մոտ եք կենդանի Վեմին, որը թեև մարդկանցից մերժված է, բայց Աստծու առաջ ընտրյալ ու պատվական է։ Իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք որպես հոգևոր տաճար սուրբ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն բարեհաճ հոգևոր զոհեր մատուցեք։ Որովհետև Գրքում էլ կա. «Ահա Սիոնում դնում եմ ընտիր, պատվական անկյունաքար, և նրան հավատացողը չպիտի ամաչի»։
Արդ ձեզ՝ հավատացյալներիդ համար պատվական է, իսկ անհավատների համար այն քարը, որ կառուցողները մերժեցին, անկյունաքար եղավ,
և գլորման քար, գայթակղության վեմ, որով գայթակղվում են՝ խոսքին չհավատալով, որի համար սահմանված էին։
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։
Որովհետև դուք ժամանակին ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդ եք, որ ողորմություն չէիք գտել, բայց հիմա արժանացել եք ողորմության։
Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ՝ իբրև պանդուխտների և օտարականների, հեռո՛ւ մնացեք մարմնական ցանկություններից, որոնք կռվում են հոգու դեմ։ Հեթանոսների մեջ լավ վա՛րք ունեցեք, որպեսզի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով՝ փառավորեն Աստծուն այցելության օրը։
Արդ հանուն Տիրոջ հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ թե՛ թագավորին՝ որպես գերագույնի, թե՛ կառավարիչներին, ինչպես նրա կողմից ուղարկվածների՝ չարագործներին պատժելու, իսկ բարեգործներին գովելու համար։ Որովհետև Աստծու կամքն այն է, որ բարիք գործելով լռեցնեք անխելք մարդկանց տգիտությունը։ Որպես ազատնե՛ր եղեք և ոչ թե ազատությամբ իբրև չարության քողարկողներ, այլ ինչպես Աստծու ծառանե՛ր եղեք։ Բոլորին պատվե՛ք, եղբայրությունը սիրե՛ք, Աստծուց վախեցե՛ք, թագավորին պատվե՛ք։
Ծառաները թող ամենայն երկյուղով հնազանդ լինեն տերերին, ոչ միայն բարիներին ու հեզաբարոներին, այլ նաև ժանտաբարոներին։ Քանի որ շնորհ է, եթե որևէ մեկը համբերում է անարդարացիորեն վրա հասած նեղություններին՝ գիտակցելով Աստծու գոյությունը։ Քանի որ ի՞նչ երախտիք կա մեղանչելու և հարվածները հանդուրժելու մեջ։ Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, դա է շնորհ Աստծու առաջ։ Որովհետև դուք հենց այդ բանի համար կոչվեցիք, քանի որ Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով ընթանանք։
«Նա մեղք չգործեց, և նենգություն չգտնվեց նրա բերանում»։
Նախատվելիս նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին։ Նա մեր մեղքերն իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք նրա վերքերով բժշկվեցիք։ Որովհետև մոլորված ոչխարների պես էիք, բայց հիմա դարձաք դեպի ձեր հոգիների Հովիվն ու Տեսուչը։
Նույնպես և դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, կանանց վարքի շնորհիվ առանց խոսքի շահեն՝ տեսնելով ձեր՝ երկյուղածությամբ պարկեշտ վարքը։ Ձեր զարդարանքը թող չլինի արտաքինը՝ մազերը հյուսելը, ոսկեղեն դնելը կամ շքեղ զգեստներ հագնելը, այլ ներքինը՝ սրտի ծպտված մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, որն Աստծու առաջ առավել արժեքավոր է։ Որովհետև մի ժամանակ այդպես էին զարդարվում իրենց հույսն Աստծու վրա դրած սուրբ կանայք, որոնք հնազանդվում էին իրենց ամուսիններին, ինչպես Սառան, որ հնազանդ էր Աբրահամին՝ նրան «տեր» կոչելով. նա ձեզ զավակներ դարձրեց, որպեսզի բարեգործ լինեք ու ոչնչից չվախենաք։ Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, նրանց հետ խոհեմությա՛մբ ապրեք, կնոջը որպես դյուրաբեկ անոթի՛ վերաբերվեք, պատվե՛ք իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք չլինի։
Եվ վերջապես, բոլորդ եղե՛ք համախոհ, կարեկից, եղբայրասեր, բարեգութ, խոնարհ։ Չարի դիմաց չար մի՛ հատուցեք կամ բամբասանքի դիմաց՝ բամբասանք, այլ ընդհակառակը, օրհնե՛ք, որովհետև հենց նրա համար եք կանչվել, որ օրհնությունը ժառանգեք։ Որովհետև «Ով ուզում է սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ խոսելուց, և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց։
Թող չարից հետ քաշվի և բարին գործի, խաղաղություն փնտրի և դրան հետևի։
Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են, ու նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է»։
Եվ ո՞վ ձեզ կչարչարի, եթե դուք բարուն նախանձախնդիր լինեք։ Բայց եթե արդարության համար չարչարվեք, երանելի եք։ Սակայն նրանց ահից մի՛ վախեցեք ու մի՛ խռովվեք, այլ Տիրոջը՝ Քրիստոսին, ձեր սրտերում սո՛ւրբ պահեք ու միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։ Հեզությամբ և երկյուղածությամբ բարի խղճմտա՛նք ունեցեք, որպեսզի ինչի համար ձեզանից չարախոսեն, ամոթով մնան նրանք, ովքեր Քրիստոսով ձեր բարի վարքը բամբասում են։ Որովհետև ավելի լավ է բարիք գործելով չարչարվել, եթե դա Աստծու կամքն է, քան չարիք գործելով։
Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանացրեց,
որով և գնաց բանտում եղող հոգիներին էլ քարոզեց, որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր այն օրերին, երբ Նոյը կառուցում էր տապանը. քչերն էին, այսինքն՝ ութ հոգի, որ փրկվեցին ջրից։ Դրա օրինակը մկրտությունն է, որ այժմ էլ մեզ փրկում է՝ ոչ թե մարմնի կեղտը հեռացնելով, այլ վկայելով Աստծու ճիշտ գիտակցումը Հիսուս Քրիստոսի հարությամբ. նա երկինք է գնացել և Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանությունները և զորությունները։
Արդ ինչպես Քրիստոսը, որ մարմնով մեզ համար չարչարվեց, դուք էլ նույն մտքո՛վ զինվեք, որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղանչելուց, որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների համաձայն, այլ Աստծու կամքի համաձայն ապրեք։ Որովհետև բավական է, որ մեր կյանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք՝ ընթանալով գիջությամբ, ցանկություններով, գինեմոլությամբ, անառակություններով, արբեցությամբ և անօրեն կռապաշտություններով։ Դրա համար զարմանում են, որ դուք նրանց հետ նույն անկարգ զեխության մեջ չեք ընթանում, և հայհոյում են. նրանք պետք է հաշիվ տան նրան, ով պատրաստ է ողջերին ու մեռածներին դատաստան անելու։ Որովհետև հենց սրա համար մեռելներին ևս ավետարանվեց, որպեսզի մարդկանց կողմից մարմնով դատվեն, բայց Աստծու կողմից հոգով կենդանի լինեն։
Մոտեցել է ամեն ինչի վերջը, ուրեմն խոհե՛մ մնացեք և արթո՛ւն եղեք աղոթքների համար։ Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սե՛ր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Միմյանց նկատմամբ հյուրասե՛ր եղեք՝ առանց տրտնջալու։ Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ։ Եթե մեկը խոսում է, թող Աստծու խոսքի պես լինի, եթե մեկը մատակարարում է, թող դա լինի այն զորությունից, որ Աստված է շնորհում, որպեսզի ամեն բանում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, իբրև թե մի տարօրինակ բան է ձեզ պատահել։ Այլ ուրա՛խ եղեք որպես Քրիստոսի չարչարանքին մասնակիցներ, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծալով ուրախանաք։ Եթե Քրիստոսի անվան համար նախատվեք, երանելի եք, որովհետև փառքի և Աստծու Հոգին հանգչում է ձեզ վրա։ Ձեզանից ոչ ոք թող չչարչարվի որպես մարդասպան կամ գող, որպես չարագործ կամ որպես ուրիշի գործերին խառնվող։ Բայց եթե որպես քրիստոնյա չարչարվի, թող չամաչի և փառավորի Աստծուն այդ անունով։ Որովհետև ժամանակն է, որ դատաստանն Աստծու տնից սկսվի, բայց եթե այն նախ մեզանից սկսվի, ապա ի՞նչ կլինի նրանց վերջը, ովքեր Աստծու Ավետարանին անհնազանդ են։
Եվ եթե արդարն է հազիվ փրկվում, ապա ամբարիշտին ու մեղավորին ի՞նչ պիտի պատահի։
Ուստի Աստծու կամքի համաձայն չարչարվողները թող իրենց հոգիները հավատարիմ Ստեղծողին հանձնեն բարեգործություն անելով։
Աղաչում եմ ձեր մեջ եղած երեցներին որպես երեց, վկա Քրիստոսի չարչարանքների և մասնակից գալիք փառքի հայտնության. արածեցրե՛ք Աստծու հոտը, որ ձեզ մոտ է՝ վերակացու լինելով ոչ թե ստիպված, այլ հոժարակամ՝ ըստ Աստծու, ոչ թե շահասիրությամբ, այլ հոժարությամբ, ոչ թե նրանց տիրելով, որ բաժին են ընկել ձեզ, այլ հոտին օրինակ լինելով։ Եվ երբ Հովվապետը երևա, փառքի անթառամ պսակը կստանաք։
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազանդվե՛ք ծերերին, բոլորդ միմյանց նկատմամբ խոնարհությո՛ւն ունեցեք, որովհետև «Աստված ամբարտավաններին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս»։
Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում։
Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրե՛ք նրան՝ հավատով հաստատուն լինելով և իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում նույն չարչարանքներն են կրում։
Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի իր հավիտենական փառքը կանչեց, ձեր՝ փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի։ Նրան իշխանությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Սիղվանոսի միջոցով, որը, ինչպես կարծում եմ, ձեր հավատարիմ եղբայրն է, համառոտ գրեցի, որպեսզի հորդորեմ և վկայեմ, որ Աստծու ճշմարիտ շնորհը այս է, որի մեջ իսկ կաք։
Ձեզ ողջունում են Բաբելոնում գտնվող ընտրյալ եկեղեցին և իմ որդի Մարկոսը։ Ողջունե՛ք միմյանց սիրո համբույրով։ Խաղաղություն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Հիսուսի մեջ եք։ Ամեն։