Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Պողոսը, Սիղվանոսը և Տիմոթեոսը՝ թեսաղոնիկեցիների եկեղեցուն՝ մեր Հայր Աստծով ու Տեր Հիսուս Քրիստոսով. շնորհ ձեզ և խաղաղություն մեր Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։

Եղբայրնե՛ր, պարտավոր ենք ամեն ժամ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ արժան է, որովհետև ձեր հավատը գնալով աճում է, և ձեզանից յուրաքանչյուրի սերն ավելի է շատանում միմյանց հանդեպ։ Այնպես որ մենք Աստծու եկեղեցիներում ձեզանով պարծենում ենք ձեր համբերության ու հավատի համար ձեր բոլոր հալածանքների և նեղությունների մեջ, որոնց դուք համբերում եք։ Դա Աստծու արդար դատաստանի նշանն է, որպեսզի դուք Աստծու արքայությանն արժանի լինեք, որի համար էլ չարչարվում եք։ Քանի որ արդար է Աստծու առաջ ձեզ նեղություն պատճառողներին հատուցել նեղությամբ, իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ միասին, իր զորության հրեշտակների հետ երկնքից Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելու ժամանակ բոցավառ կրակով վրեժ առնելու նրանցից, ովքեր Աստծուն չեն ճանաչում ու մեր Տեր Հիսուսի Ավետարանին չեն հնազանդվում. նրանք պատիժ կկրեն՝ հավիտենական կործանումով զրկվելով Տիրոջ երեսը տեսնելուց ու նրա փառավոր զորությունից այն օրը, երբ գա փառավորվելու իր սրբերի և հիացմունքի արժանանալու բոլոր հավատացյալների մեջ, որովհետև մեր վկայությունը կհաստատվի ձեր մեջ այդ օրը։ Ահա թե ինչու ձեզ համար ամեն ժամ աղոթում ենք, որ մեր Աստվածը ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը և իր զորությամբ իրագործի ձեր բոլոր բարի ցանկություններն ու այն գործը, որ ծնում է հավատը, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ձեզանով փառավորվի, դուք էլ՝ նրանով՝ մեր Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։

Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ու մեր՝ նրա մոտ հավաքվելու համար խնդրում ենք ձեզ, որ դուք ձեր մտքից շուտ չշեղվեք ու չսարսափեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ որպես մեր կողմից գրված նամակով, իբրև թե Քրիստոսի օրը եկել հասել է։ Թող ոչ ոք ոչ մի կերպ ձեզ չխաբի, որովհետև Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա, ու չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին, այն հակառակորդը, որ գոռոզացած է բոլորի նկատմամբ, որն աստված կամ պաշտամունքի առարկա է անվանվում. մինչև իսկ նա Աստծու տաճարում կնստի և ինքն իրեն ցույց կտա, թե Աստված է։ Չե՞ք հիշում, որ երբ դեռ ձեզ մոտ էի, այս բաներն ասում էի։ Եվ հիմա գիտեք, թե ինչն է նրան արգելում, որ իր ժամանակին հայտնվի։ Որովհետև անօրենության խորհուրդն արդեն զորանում է, բայց չպիտի կատարվի մինչև որ մեջտեղից վերցվի նա, ով այժմ արգելում է։ Եվ այդ ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տեր Հիսուսն իր բերանի շնչով կսպանի ու իր գալստյան հայտնությամբ կկործանի։ Նրա գալուստը սատանայի ներգործությունից է՝ ամեն տեսակ զորությամբ, նշաններով ու սուտ հրաշքներով և ամեն տեսակ անիրավ խաբեություններով նրանց համար, ովքեր կորստյան մեջ են՝ փոխանակ ընդունելու ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն։ Դրա համար էլ Աստված մոլորության ներգործություն է ուղարկում նրանց, որ ստին հավատան, որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրենության մեջ հաճույք ստացան։

Իսկ մենք ամեն ժամ պարտավոր ենք Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, Տիրոջից սիրվա՛ծ եղբայրներ, որովհետև Աստված փրկության համար սկզբից ձեզ ընտրեց Հոգու սրբացմամբ ու ճշմարտության հավատով, որի համար կանչեց ձեզ մեր Ավետարանով՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքն ստանալու համար։ Արդ, եղբայրնե՛ր, հաստատո՛ւն մնացեք և պի՛նդ պահեք այն ավանդությունները, որ սովորել եք թե՛ խոսքով, թե՛ մեր նամակով։ Եվ ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, և մեր Աստվածն ու Հայրը, որ մեզ սիրեց ու հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց մեզ շնորհով, թող նա մխիթարի ձեր սրտերը և հաստատի ձեզ ամեն բարի գործի ու խոսքի մեջ։

Այսուհետև, եղբայրնե՛ր, մեզ համար աղոթե՛ք, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի ու ամեն տեղ փառավորվի, ինչպես ձեզ մոտ, և որպեսզի անօրեն ու չար մարդկանցից ազատվենք, որովհետև ոչ բոլորը հավատ ունեն։ Բայց Տերը հավատարիմ է. նա ձեզ կհաստատի և կպահի չարից։ Տիրոջով վստահություն ունենք ձեզ վրա, որ այն, ինչ ձեզ պատվիրեցինք, անում եք ու կանեք։ Իսկ Տերը թող ձեր սրտերը ուղղի դեպի Աստծու սերն ու Քրիստոսի համբերությունը։

Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում ենք ձեզ, որ հեռու մնաք բոլոր այն եղբայրներից, որ անկարգ են ապրում և ոչ թե համաձայն այն պատվիրանի, որ մեզանից ստացան։ Որովհետև դուք գիտեք, թե ինչպե՛ս պետք է նմանվեք մեզ, քանի որ ձեր մեջ անկարգությամբ չվարվեցինք, ոչ էլ որևէ մեկի մոտ ձրի հաց կերանք, այլ ջանքով ու վաստակով գիշեր ու ցերեկ աշխատելով, որպեսզի ձեզանից որևէ մեկի վրա ծանրություն չլինենք։ Ոչ թե իբր իրավունք չունեինք, այլ որպեսզի ինքներս մեզ օրինակ դարձնեինք ձեզ՝ մեզ նմանվելու համար։ Հիրավի երբ ձեզ մոտ էինք, այս էինք պատվիրում ձեզ, որ եթե մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի։ Որովհետև ձեզանից ոմանց մասին լսում ենք, որ անկարգությամբ են վարվում, չեն աշխատում, այլ պարապ ման են գալիս։ Այդպիսիներին պատվիրում ենք և խնդրում մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն ու իրենց հացն ուտեն։ Բայց դուք, եղբայրնե՛ր, բարիք գործելուց մի՛ ձանձրացեք։ Եվ եթե մեկը այս նամակով չհնազանդվի մեր խոսքին, դուք նրան նկատողությո՛ւն արեք և նրա հետ մի՛ շփվեք, որ ամաչի։ Բայց թշնամի մի՛ համարեք, այլ խրատե՛ք նրան որպես եղբոր։

Իսկ ինքը՝ խաղաղության Տերը, թող ամեն ժամ ու ամեն կերպ ձեզ խաղաղություն տա։ Տերը ձեզ բոլորիդ հետ։

Այս ողջույնը իմ՝ Պողոսիս ձեռքով է, որ նշան է բոլոր նամակներում. այսպես եմ գրում. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ»։ Ամեն։