Բ ՊԵՏՐՈՍ
Սիմոն Պետրոսը՝ ծառա և առաքյալ Հիսուս Քրիստոսի, նրանց, որոնց մեր Աստծու և Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարությամբ վիճակվեց նույն հավատն ընդունել. շնորհ ձեզ, և թող խաղաղությունը շատանա Աստծու և մեր Տեր Հիսուսի մասին գիտությամբ։
Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք՝ աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափելով։ Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ, առաքինությունը՝ գիտությամբ, գիտությունը՝ ժուժկալությամբ, ժուժկալությունը՝ համբերությամբ, համբերությունը՝ աստվածապաշտությամբ, աստվածապաշտությունը՝ եղբայրասիրությամբ և եղբայրասիրությունը՝ սիրով։ Որովհետև սրանք ձեր մեջ ունենալով ու առատացնելով՝ դատարկ ու անպտուղ չեք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտության մեջ։ Բայց նա, ով այս բաներն իր մեջ չունի, կույր է կամ կարճատես՝ մոռացած լինելով իր նախկին մեղքերից մաքրված լինելու մասին։ Դրա համար, եղբայրնե՛ր, ջանացե՛ք, որ ձեր կոչումը և ընտրությունը հաստատուն դարձնեք, որովհետև դրանք անելով՝ երբեք հանցանք չեք գործի, քանի որ այսպես առատությամբ ձեզ մուտք պիտի շնորհվի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։
Ուստի մտադիր եմ ձեզ այս բաների մասին միշտ հիշեցնելու, թեև գիտեք ու հաստատված եք այս ներկա ճշմարտության մեջ։ Իրավունք եմ համարում, որ քանի դեռ այս մարմնի մեջ եմ, ձեզ հիշեցնելով արթուն պահեմ։ Գիտեմ, որ շուտով հեռանալու եմ կյանքից, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնեց ինձ։ Բայց կջանամ, որ աշխարհից իմ հեռանալուց հետո այս բաները հիշեք։
Մենք ոչ թե հնարված առասպելներին հետևելով ձեզ ճանաչեցրինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը, այլ ականատես եղանք նրա մեծությանը։ Քանի որ Հայր Աստծուց ստացավ պատիվ ու փառք, երբ մեծավայելուչ փառքից այսպիսի ձայն եկավ իրեն. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճությունը»։ Եվ երկնքից եկած այս ձայնը հենց մենք լսեցինք, երբ նրա հետ այն սուրբ լեռան վրա էինք։ Եվ մարգարեական ավելի հաստատուն խոսքն ունենք, որին եթե անսաք, լա՛վ կանեք, ինչպես մի ճրագ, որ մութ տեղում լույս է տալիս, մինչև որ օրը լուսանա, և առավոտյան աստղը ծագի ձեր սրտերում։
Նախ սա՛ իմացեք, որ Գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, որովհետև ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։
Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես ձեր մեջ էլ սուտ ուսուցիչներ կլինեն, որոնք վնասակար հերձվածներ կներմուծեն և ուրանալով Տիրոջը, որ իրենց փրկագնեց, իրենց վրա արագահաս կորուստ կբերեն։ Եվ շատերը կհետևեն նրանց անառակությանը, որոնց պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի պղծվի։ Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. նրանց դատաստանը վաղուց պատրաստ է, և նրանց կործանումը չի ուշանալու։
Քանի որ եթե Աստված մեղանչած հրեշտակներին չխնայեց, այլ խավարի կապանքներով տարտարոսը գցելով՝ դատաստանի համար պահեց, նա չխնայեց նաև հին աշխարհին, այլ ութ հոգուն և Նոյին՝ արդարության քարոզչին, պահեց և ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց, սոդոմացիների ու գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով՝ կործանման դատապարտեց՝ օրինակ դարձնելով գալիք ամբարիշտների համար։ Փրկեց արդար Ղովտին, որ անօրենների անառակ վարքից ձանձրացել էր, որովհետև արդարը, նրանց մեջ բնակվելով, տեսնելով ու լսելով նրանց անօրեն գործերը, օրեցօր իր արդար հոգին տանջվում էր. Տերը գիտի աստվածապաշտներին փորձությունից փրկել և անիրավներին դատաստանի օրվա համար պահել, մանավանդ նրանց, որոնք գնում են մարմնական պիղծ ցանկության հետևից և արհամարհում Աստծու իշխանությունը։ Հանդուգն ու ինքնահավան՝ նրանք չեն վախենում երկնային փառքը հայհոյելուց, մինչդեռ հրեշտակները, որոնք զորությամբ և կարողությամբ ավելի մեծ են, Տիրոջ առաջ նրանց դեմ հայհոյալից դատապարտություն չեն բերում։ Իսկ սրանք, ինչպես անբան անասուններ, որ ի բնե որսի ու ապականության համար են ծնվել, հայհոյում են չիմացած բաները և իրենց ապականության մեջ էլ կործանվելու են՝ այդ կերպ իրենց անիրավության վարձն ստանալով. նրանք ցերեկով ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում. կեղտոտներ և արատավորներ, որոնք իրենց խաբեբայությունների մեջ հաճույք են ստանում ձեզ հետ համատեղ ուտել-խմելիս։ Պոռնկությամբ լի աչքեր ունեն, մեղանչելուց չեն հագենում, խաբում են երերուն հոգիներին, ագահությամբ բռնված սրտեր ունեն, անեծքի որդիներ են, շիտակ ճանապարհը թողած՝ մոլորվեցին՝ Բոսորի որդի Բաղաամի ճանապարհին հետևելով, որ անիրավության վարձը սիրեց և իր անօրենության համար հանդիմանություն ստացավ. անխոս էշը, մարդկային ձայնով խոսելով, արգելք եղավ մարգարեի խելահեղությանը։
Սրանք անջուր աղբյուրներ են, մրրիկից քշված ամպեր, որոնց համար խավարի մթությունն է հավիտյան պահված։ Որովհետև ունայն և ամբարտավան բաներ խոսելով՝ գիջությամբ, մարմնական ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել են մոլորության մեջ ապրողներից։ Նրանց ազատություն են խոստանում, մինչդեռ իրենք ապականության ծառաներ են, որովհետև ինչից մեկը հաղթվի, նրան էլ ծառայում է։ Որովհետև նրանք, ովքեր հեռացել են աշխարհիկ պղծություններից մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ունեցած գիտությամբ, բայց դարձյալ դրանց մեջ թաթախվելով պարտվել են, նրանց վախճանը ավելի վատ կլինի, քան նախկինում։ Որովհետև նրանց համար ավելի լավ էր, որ արդարության ճանապարհը ճանաչած չլինեին, քան ճանաչեցին և հետ քաշվեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդվեց իրենց։ Նրանց է վերաբերում ճշմարիտ առածը. «Շունն իր փսխածին է վերադառնում» կամ «Լվացված խոզի աչքը ցեխի մեջ է»։
Սիրելինե՛ր, այս արդեն երկրորդ նամակն եմ ձեզ գրում, որ դրանցով հիշեցնելով՝ ձեր մաքուր միտքը արթնացնեմ։ Հիշե՛ք սուրբ մարգարեների կողմից նախկինում ասված խոսքերը և ձեր առաքյալների պատգամը Տիրոջ ու Փրկչի վերաբերյալ։ Բայց նախ ա՛յս իմացեք, որ վերջին օրերին կգան ծաղրողներ, որոնք ըստ իրենց ցանկությունների պիտի վարվեն։ Եվ պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստյան խոստումը, քանի որ այն ժամանակից ի վեր, երբ հայրերը վախճանվեցին, ամեն բան աշխարհի արարչության սկզբից նույնն է մնում»։ Այդ բանը պնդելով՝ ցանկանում են մոռանալ, որ Աստծու խոսքով վաղուց ի վեր կային երկինքն ու երկիրը, և երկիրը ջրից անջատվեց, նրա վրա հաստատվեց։ Դրա համար այն ժամանակվա աշխարհը ջրհեղեղով կորսվեց, իսկ այժմ երկինքն ու այս երկիրը նույն խոսքով պահվում են դատաստանի կրակի և ամբարիշտ մարդկանց կործանման համար։
Այս մեկը ևս ձեզանից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, իսկ հազար տարին՝ մեկ օրվա պես։ Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերատար է, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ բոլորն էլ ապաշխարության գան։ Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա. այդ ժամանակ երկինքը շառաչյունով պիտի անցնի, իսկ երկնային մարմինները հրով կիզված պիտի քանդվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերն էլ պիտի այրվեն։
Քանի որ այս ամենը պիտի քանդվի, դուք սուրբ և աստվածապաշտ վարքի մեջ ինչպիսի՞ն պիտի լինեք՝ սպասելով և ջանալով հասնել Տիրոջ գալստյան օրվան, երբ երկինքը կրակով բռնված պիտի քանդվի, և երկնային մարմինները հրկիզվելով պիտի լուծվեն։ Բայց մենք, նրա խոստման համաձայն, նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, որոնց մեջ արդարությունն է բնակվում։
Դրա համար, սիրելինե՛ր, սրանց սպասելով ջանացե՛ք, որ նա ձեզ գտնի անբիծ ու անարատ, խաղաղության մեջ, և մեր Տիրոջ համբերությունը փրկությո՛ւն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ իրեն տրված իմաստությամբ գրեց ձեզ և ինչպես իր բոլոր նամակներում խոսում է այս բաների մասին։ Դրանցում մի քանի դժվարիմաց բաներ կան, որ անուսներն ու թույլերը շեղում են մյուս գրքերի պես՝ իրենց հոգիները կորստյան մատնելով։ Ուրեմն դուք, սիրելինե՛ր, նախապես իմանալով, զգո՛ւյշ եղեք, որպեսզի անօրենների մոլորությամբ հափշտակվելով՝ ձեր հաստատուն վիճակից չընկնեք։ Աճե՛ք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։ Նրան փա՜ռք այժմ և մինչև հավիտենական օրը։ Ամեն։