Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, ըստ կյանքի խոստման, որ Քրիստոս Հիսուսով է, Տիմոթեոսին՝ սիրելի որդուս. շնորհ, ողորմություն և խաղաղություն Հայր Աստծուց և մեր Տեր Քրիստոս Հիսուսից։

Երախտապարտ եմ Աստծուն, որին պաշտում եմ մաքուր խղճով, ինչպես նախնիներիցս ի վեր, որ իմ աղոթքներում գիշեր ու զօր անդադար հիշում եմ քեզ, ցանկանում եմ քեզ տեսնել՝ հիշելով քո արտասուքները, որպեսզի ուրախությամբ լցվեմ։ Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ. համոզված եմ, որ այն նաև քեզանում է։ Այդ պատճառով քեզ հիշեցնում եմ, որ վերակենդանացնես Աստծու շնորհը, որ քո մեջ է ձեռնադրության միջոցով։ Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության։ Ուրեմն մեր Տիրոջը վկայելը ամոթ մի՛ համարիր, ոչ էլ ինձ, որ նրա համար եմ շղթայված, այլ Աստծու զորությամբ չարչարակի՛ց եղիր Ավետարանի համար, որ փրկեց մեզ և սուրբ կոչումով կանչեց՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր կամքի ու շնորհի, որ Քրիստոս Հիսուսով մեզ տրվեց հավիտենական ժամանակներից առաջ և հիմա հայտնվեց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ. նա մահը կործանեց և կյանքն ու անմահությունը լուսավորեց Ավետարանի միջոցով, որին ես կարգվեցի քարոզիչ և առաքյալ ու հեթանոսների ուսուցիչ։ Այդ պատճառով էլ կրում եմ այս չարչարանքները, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և համոզված եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև այն օրը։ Որպես օրինա՛կ ունեցիր այն ողջամիտ խոսքերը, որ լսեցիր ինձանից այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։ Պահի՛ր բարի ավանդը Սուրբ Հոգով, որ մեր մեջ է բնակվում։

Գիտես, որ ինձ լքեցին բոլոր նրանք, ովքեր Ասիայում էին, ինչպես նաև Փիգելոսն ու Հերմոգենեսը։ Թող Տերը ողորմություն տա Օնեսիփորոսի ընտանիքին, որ շատ անգամներ սփոփեց ինձ ու չամաչեց իմ կապանքներից, այլ երբ Հռոմում եղավ, մեծ փութով փնտրեց ինձ ու գտավ։ Թող Տերը նրան շնորհի, որ Տիրոջից ողորմություն գտնի այն օրը, իսկ թե Եփեսոսում որքա՜ն ծառայություն մատուցեց ինձ, դու ինքդ լավ գիտես։

Արդ դու, որդյա՛կ իմ, զորացի՛ր շնորհով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Եվ այն, ինչ ինձանից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, հավատարիմ մարդկա՛նց ավանդիր, որոնք ընդունակ են ուրիշներին ևս ուսուցանել։ Չարչարակի՛ց եղիր ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։ Ոչ մի զինվորական զորապետին հաճոյանալու համար կենցաղային գործերով չի զբաղվի։ Նույնպես և մարզիկը դափնեպսակ չի ստանա, եթե օրենքի համաձայն չմրցի։ Տքնող հողագործը նախ ինքը պետք է պտղից վայելի։ Հասկացի՛ր, թե ի՛նչ եմ ասում. Տերը քեզ իմաստություն կտա ամեն ինչում։

Հիշի՛ր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին՝ Դավթի սերնդից, ըստ իմ քարոզած Ավետարանի, որի համար չարչարվում եմ, մինչև անգամ շղթայված եմ չարագործի պես, բայց Աստծու խոսքը շղթայված չէ։ Դրա համար ամեն ինչի համբերում եմ ընտրյալների համար, որպեսզի նրանք էլ այն փրկությանը հասնեն, որ Քրիստոս Հիսուսով է հավիտենական փառքի հետ։ Հավաստի է այս խոսքը. «Եթե նրա հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։

Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք, եթե ուրանանք, նա էլ մեզ կուրանա։

Եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում, քանի որ ինքն իրեն չի կարող ուրանալ»։

Այս բաները հիշեցրո՛ւ՝ Տիրոջ առաջ վկայելով, որպեսզի լեզվակռիվ չանեն, որ ոչնչի պիտանի չէ և միայն կործանում է լսողներին։ Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել, իբրև մի մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է մատուցում։ Հեռո՛ւ մնա զազրախոսություններից, որովհետև դրա մեջ եղողներն ավելի առաջ կգնան ամբարշտության մեջ, և նրանց խոսքերը քաղցկեղի պես ճարակում են։ Նրանցից են Հիմենեոսն ու Փիլետոսը, որոնք ճշմարտությունից շեղվել են՝ ասելով, թե մեռելների հարությունն արդեն իսկ եղել է, և ոմանց հավատը կործանում են։ Բայց Աստծու հաստատած հիմքը կանգուն է և այս կնիքն ունի. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Անիրավությունից թող հետ կանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում»։ Մեծ տան մեջ ոչ միայն ոսկյա ու արծաթյա անոթներ կան, այլև փայտյա և խեցե։ Կան, որ պատվավոր գործածության համար են, և կան ոչ պատվավոր գործածության համար։ Եթե մեկն ինքն իրեն այդպիսի բաներից մաքրի, կդառնա պատվական անոթ՝ սրբագործված ու իր Տիրոջն օգտակար, պատրաստ ամեն բարի գործի։ Երիտասարդական ցանկություններից փախի՛ր և հետամո՛ւտ եղիր արդարությանը, հավատին, սիրուն, խաղաղությանը՝ Տիրոջ անունը մաքուր սրտով կանչողների հետ։ Խուսափի՛ր հիմար ու անօգուտ վիճաբանություններից՝ իմանալով, որ դրանք կռիվներ են ծնում։ Տիրոջ ծառան չպետք է կռվի, այլ պետք է բոլորի նկատմամբ մեղմ լինի, ուսուցանող, անոխակալ, հակառակվողներին հեզությամբ խրատի. թերևս Աստված նրանց ապաշխարություն տա ճշմարտությունը ճանաչելու և սատանայի որոգայթից զգուշանալու, որով նրանք բռնվել են՝ նրա կամքը կատարելու համար։

Իմացի՛ր սա. վերջին օրերին չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են. նրանցից խուսափի՛ր։ Որովհետև դրանց մեջ կան այնպիսիները, որոնք տնետուն են մտնում, գերում մեղքերով բեռնավորված կանանց, որոնք ներքաշվում են զանազան ցանկությունների մեջ, որոնք միշտ ուսանում են ու երբեք չեն կարողանում հասնել ճշմարտության գիտությանը։ Ինչպես որ Հանեսն ու Համբրեսը Մովսեսին հակառակվեցին, այդպես էլ սրանք են ճշմարտությանը հակառակվում. այս մարդիկ, որ մտքով ապականված են և հավատի մեջ՝ կեղծ։ Բայց դրանք ավելի առաջ չեն գնա, որովհետև դրանց անմտությունը բոլորին հայտնի կլինի, ինչպես որ նրանցը եղավ։

Իսկ դու հետևեցիր իմ ուսուցումին, ընթացքին, կամքին, հավատին, համբերատարությանը, սիրուն, համբերությանը, հալածանքներին, չարչարանքներին, որոնք ինձ պատահեցին Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրիայում։ Ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և բոլորից Տերն ազատեց ինձ։ Եվ բոլորը, ովքեր կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն։ Չար ու խաբեբա մարդիկ չարության մեջ առաջ կգնան՝ մոլորեցնելով ու մոլորվելով։ Բայց դու հաստատո՛ւն մնա այն բաների մեջ, որ սովորեցիր ու հավատացիր՝ իմանալով, թե ումի՛ց սովորեցիր, որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։ Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի։

Պարտավորեցնում եմ քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է ողջերին ու մեռածներին իր հայտնության և թագավորության ժամանակ. քարոզի՛ր Աստծու խոսքը՝ պատեհ թե անպատեհ առիթով, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր ամենայն համբերատարությամբ և վարդապետությամբ։ Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատվեն։ Նրանք իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն ու առասպելներին հետևելով՝ կմոլորվեն։ Բայց դու ամեն ինչում արթո՛ւն եղիր, նեղություննե՛ր կրիր, ավետարանչի գո՛րծն արա, քո պաշտո՛նը կատարիր։

Քանի որ ես արդեն հեղում եմ իմ արյունը, և իմ մեկնելու ժամանակը հասել է։ Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։ Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։

Շտապի՛ր շուտով ինձ մոտ գալ, որովհետև Դեմասը լքեց ինձ՝ այս աշխարհը սիրելով, և գնաց Թեսաղոնիկե, Կրեսկեսը՝ Գաղատիա, Տիտոսը՝ Դաղմատիա. Միայն Ղուկասն է ինձ հետ։ Մարկոսին վերցրո՛ւ և բե՛ր քեզ հետ, որովհետև նա ինձ ծառայելու համար պետք է։ Տյուքիկոսին Եփեսոս ուղարկեցի։ Երբ գաս, հետդ բե՛ր այն վերարկուն, որ Տրովադայում Կարպոսի մոտ թողեցի, բե՛ր նաև գրքերը, մանավանդ մագաղաթները։

Ալեքսանդրոս դարբինն ինձ շատ չարիք պատճառեց. թող Տերը նրան ըստ իր գործերի հատուցի։ Դո՛ւ էլ նրանից զգուշացիր, որովհետև նա չափազանց հակառակվեց մեր խոսքերին։ Ատյանում առաջին լսման ժամանակ ոչ ոք իմ կողմը չկանգնեց, այլ բոլորն ինձ թողեցին. թող դա մեղք չհամարվի նրանց։ Բայց Տերն ինձ նեցուկ եղավ ու զորացրեց, որպեսզի իմ միջոցով քարոզչությունը հաստատվի, ու բոլոր հեթանոսները լսեն. և ես առյուծի բերանից ազատվեցի։ Եվ Տերն ինձ ամեն չարից կփրկի, կազատի և կհասցնի իր երկնային արքայությանը։ Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Ողջույններ Պրիսկային, Ակյուղասին և Օնեսիփորոսի ընտանիքին։ Երաստոսը Կորնթոսում մնաց, և Տրոփիմոսին հիվանդ վիճակում թողեցի Մելիտոսում։ Շտապի՛ր գալ՝ ձմեռը չեկած։ Քեզ բարևում են Եվբուղոսը, Պուդեսը, Լինոսը, Կլավդիան ու բոլոր եղբայրները։ Տեր Հիսուս Քրիստոսը քո հոգու հետ լինի։ Շնորհը ձեզ հետ։ Ամեն։