Գ ՀՈՎՀԱՆՆԵՍ
Երեցը՝ սիրելի Գայիոսին, որին ես ճշմարտապես սիրում եմ։ Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների և քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ։
Որովհետև շատ ուրախացա, երբ եղբայրները եկան և քո ճշմարտության մասին վկայեցին, թե ինչպես ես դու ճշմարտության մեջ ընթանում։ Սրանից ավելի մեծ ուրախություն չունեմ, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտության մեջ են ընթանում։
Սիրելի՛ս, դու հավատարմությամբ ես անում այն, ինչ որ եղբայրներին և օտարականներին ես անում, որոնք եկեղեցու առջև վկայեցին քո սիրո մասին։ Եվ լավ կանես, եթե նրանց Աստծուն արժանի ձևով ճանապարհ գցես, որովհետև նրա անվան համար ճամփա ելան՝ առանց հեթանոսներից որևէ բան ստանալու։ Արդ մենք պետք է այդպիսիներին ընդունենք, որպեսզի ճշմարտությանը գործակից լինենք։
Ես եկեղեցուն գրեցի, բայց Դիոտրեփեսը, որ սիրում է նրանց մեջ վերակացու լինել, մեզ չի ընդունում։ Դրա համար, եթե գամ, կհիշեցնեմ նրա այն գործերը, որ մեր հասցեին չար խոսքերով շատախոսություն է անում և դրանով էլ չբավարարված՝ ոչ ինքն է եղբայրներին ընդունում և նրանց էլ, ովքեր ուզում են ընդունել, արգելում է և եկեղեցուց հանում։
Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ բարուն։ Ով բարիք է գործում, Աստծուց է, իսկ ով չարիք է գործում, Աստծուն չի տեսել։ Դեմետրիոսին բոլորն են վկայում և նույնիսկ ինքը՝ ճշմարտությունը. մենք ևս վկայում ենք, ու գիտես, որ մեր վկայությունը ճշմարիտ է։
Քեզ գրելու շատ բան ունեի, բայց չեմ կամենում թանաքով ու գրչով գրել քեզ, այլ հույս ունեմ շուտով քեզ տեսնելու և դեմ առ դեմ խոսելու։ Խաղաղություն քեզ։ Քեզ ողջունում են սիրելիները։ Ողջունի՛ր մեր սիրելիներին անուն առ անուն։