ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ
Պողոսը՝ առաքյալ ոչ թե մարդկանցից և ոչ էլ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի ու Հայր Աստծու կողմից, որ մեռելներից հարություն տվեց նրան, և բոլոր եղբայրները, որ ինձ հետ են, Գաղատիայի եկեղեցիներիդ. շնորհ և խաղաղություն ձեզ Հայր Աստծուց ու մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որ ինքն իրեն մեր մեղքերի համար տվեց, որպեսզի Աստծու և մեր Հոր կամքի համաձայն մեզ այս չար աշխարհից ազատի։ Նրան փառք հավիտյանս հավիտենից. ամեն։
Զարմանում եմ, թե ինչպես եք այդպես արագ հեռանում նրանից, ով ձեզ Քրիստոսի շնորհի մեջ կանչեց, և դեպի ուրիշ ավետարան դառնում։ Սակայն ուրիշը չկա, այլ միայն կան ոմանք, որ ձեզ խռովեցնում են և ուզում են Քրիստոսի Ավետարանը փոխել։ Բայց եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ձեզ ավետարանեցինք, նզովյալ լինի։ Ինչպես արդեն ասացինք, հիմա էլ դարձյալ ասում եմ. «Եթե մեկը ձեզ ավետարանի ոչ այն, ինչ դուք ընդունեցիք, նզովյալ լինի»։
Արդ հիմա մարդկա՞նց եմ ձգտում, թե՞ Աստծուն, կամ ուզում եմ մարդկա՞նց հաճելի լինել։ Եթե տակավին մարդկանց հաճելի լինեի, Քրիստոսի ծառա չէի լինի։
Տեղեկացնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, այն Ավետարանը, որ իմ կողմից քարոզվեց, մարդուց չէ, որովհետև ես ոչ թե մարդուց ստացա այն կամ սովորեցի, այլ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ ինձ տրվեց։
Քանի որ դուք իմ՝ հրեության մեջ եղած ժամանակ վարքի մասին լսել եք, որ Աստծու եկեղեցին չափից դուրս հալածում էի և կործանում այն։ Հրեության մեջ ինձ ազգակից հասակակիցներից շատերից առաջադեմ էի և իմ հայրենի ավանդույթներին առավել նախանձախնդիր։ Բայց երբ Աստված բարեհաճեց իմ մոր որովայնից ինձ ընտրել ու իր շնորհի միջոցով կոչել՝ հայտնելու իր Որդուն իմ միջոցով, որպեսզի նրան հեթանոսների մեջ ավետարանեմ, այն ժամանակ ես անմիջապես որևէ մեկից խորհուրդ չհարցրի և ոչ էլ ելա Երուսաղեմ՝ նրանց մոտ, ովքեր ինձանից առաջ առաքյալներ էին, այլ Արաբիա գնացի ու վերադարձա Դամասկոս։ Այնուհետև երեք տարի հետո Երուսաղեմ ելա՝ Պետրոսին տեսնելու. տասնհինգ օր նրա մոտ եղա։ Առաքյալներից մեկ ուրիշի չտեսա, բացի Տիրոջ եղբայր Հակոբոսից։ Բայց ինչ որ գրում եմ ձեզ, ահա Աստծու առաջ եմ ասում, որ սուտ չէ։ Հետո Ասորիքի և Կիլիկիայի կողմերը եկա։ Ես անձամբ անծանոթ էի Հրեաստանում Քրիստոսի եկեղեցիներին։ Միայն լսել էին, թե՝ «Նա, որ մի ժամանակ մեզ հալածում էր, հիմա այն հավատն է քարոզում, որ առաջ կործանում էր»։ Եվ ինձանով փառավորում էին Աստծուն։
Ապա տասնչորս տարի հետո դարձյալ Երուսաղեմ ելա Բառնաբասի հետ՝ Տիտոսին էլ հետս վերցնելով։ Եվ ըստ հայտնության՝ ելա ու նրանց այն Ավետարանը ներկայացրի, որ քարոզում եմ հեթանոսների մեջ, մասնավորապես նրանց, ովքեր երևելիներ էին համարվում, որպեսզի չլինի թե զուր տեղն եմ չարչարվել կամ չչարչարվեմ։ Բայց Տիտոսն էլ, որ ինձ հետ էր, հելլենացի լինելով, չհարկադրվեց թլփատվելու՝ հակառակ ներս սպրդած այն սուտ եղբայրների, որոնք ներս էին սողոսկել մեր ազատությունը լրտեսելու համար, որ Քրիստոս Հիսուսով ունենք, որպեսզի մեզ ծառա դարձնեն. նրանց նույնիսկ ժամանակավորապես տեղի չտվեցինք, որպեսզի Ավետարանի ճշմարտությունը ձեր մեջ հաստատուն մնա։ Բայց այն երևելի համարվածների վերաբերյալ ասեմ). այն երևելի համարվածներն ինձ նոր բան չհայտնեցին։
Այլ ընդհակառակը, երբ տեսան, որ անթլփատներինավետարանելն ինձ է վստահված, ինչպես Պետրոսին՝ թլփատվածներին (որովհետև նա, ով թլփատվածների մեջ առաքելության արժանացրեց Պետրոսին, նա ինձ էլ հեթանոսների մեջ արժանացրեց), և երբ իմացան ինձ տրված շնորհի մասին, Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որոնք եկեղեցու սյուներ էին համարվում, ինձ ու Բառնաբասին ձեռք մեկնեցին ի նշան հավանության մեր՝ հեթանոսների մեջ լինելու, իսկ իրենք՝ թլփատվածների. միայն թե աղքատներին հիշեինք, ինչն էլ հենց ջանացի կատարել։
Բայց երբ Կեփասն Անտիոք եկավ, ես նրան հակառակվեցի, որովհետև մեղադրելի էր։ Քանի որ նախքան Հակոբոսի մոտից ոմանց գալը նա հեթանոսների հետ առանց խտրություն դնելու ուտում էր, բայց երբ նրանք եկան, առանձնանում էր և իրեն մեկուսացնում՝ վախենալով թլփատվածներից։ Եվ նրա հետ ուրիշ հրեաներ էլ կեղծավորություն արեցին, այն աստիճան, որ Բառնաբասն էլ նրանց կեղծավորությամբ տարվեց։ Բայց երբ տեսա, որ Ավետարանի ճշմարտության համեմատ ուղիղ չեն ընթանում, բոլորի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, հրեա լինելով, հեթանոսի պես ես վարվում և ոչ թե հրեայի, էլ ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում, որ հրեայի պես վարվեն»։
Մենք, որ ի ծնե հրեաներ ենք, ոչ թե մեղավոր հեթանոսներից, գիտենք, որ մարդ օրենքի գործերով չի արդարանում, այլ միայն Հիսուս Քրիստոսի հավատով։ Եվ մենք Հիսուս Քրիստոսին հավատացինք, որպեսզի Քրիստոսի հավատով արդարանանք, ոչ թե օրենքի գործերով, որովհետև օրենքի գործերով ոչ ոք չի արդարանա։ Իսկ եթե մենք, որ ուզում ենք Քրիստոսով արդարանալ, ինքներս էլ մեղավոր գտնվենք, ուրեմն Քրիստոսը մեղքի՞ սպասավոր է։ Քա՜վ լիցի։ Որովհետև եթե այն, ինչ քանդել եմ, վերստին կառուցեմ, ապա ինքս ինձ մեղավոր եմ ցույց տալիս։ Որովհետև ես օրենքի միջոցով մեռա օրենքի համար, որպեսզի Աստծու համար ապրեմ։ Ես Քրիստոսի հետ խաչվեցի։ Եվ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է ողջ իմ մեջ։ Եթե հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ ինձ սիրեց ու ինքն իրեն ինձ համար զոհեց։ Ես չեմ անտեսում Աստծու շնորհը, քանզի եթե արդարությունը օրենքի միջոցով է գալիս, ուրեմն Քրիստոսը զուր տեղը մեռավ։
Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հմայեց ձեզ, որոնց աչքերի առաջ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ խաչված ներկայացվեց։ Միայն սա եմ ուզում ձեզանից իմանալ. օրենքի գործերո՞վ Հոգին ընդունեցիք, թե՞ քարոզությանը հավատալով։ Այդքան անմի՞տ եք. հոգով սկսեցիք ու հիմա մարմնո՞վ եք ավարտում։ Այնքան նեղությունները զո՞ւր տեղը կրեցիք. եթե զուր էին։ Արդ Հոգին ձեզ բաշխողն ու ձեր մեջ հրաշքներ գործողն այդ արեց, որովհետև օրե՞նքը գործադրեցիք, թե՞ քարոզին հավատացիք։ Այդպես Աբրահամն Աստծուն հավատաց, և դա նրա համար արդարություն համարվեց։
Ուրեմն իմացե՛ք, որ նրանք, ովքեր հավատից են, նրանք են Աբրահամի որդիները։ Սուրբ Գիրքն էլ, կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով է արդարացնելու, նախապես Աբրահամին խոստացավ. «Բոլոր ազգերը քեզանով են օրհնվելու»։ Ուրեմն նրանք, ովքեր հավատով են, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ։ Իսկ ովքեր որ օրենքի գործերով են, անեծքի տակ են, քանի որ գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ օրենքի գրքում բոլոր գրվածները չի պահում և չի գործադրում այդ ամենը»։ Որ օրենքով Աստծու առաջ ոչ ոք չի արդարանում, դա հայտնի է, որովհետև «Արդարը հավատով է ապրելու»։ Բայց օրենքը հավատից չէ, այլ «Օրենքը գործադրողը նրանով էլ կապրի»։ Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց՝ մեզ համար անեծք դառնալով), որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի մենք հավատով ընդունենք խոստացված Սուրբ Հոգին։
Մարդկայնորեն եմ ասում, եղբայրնե՛ր, արդարև մարդու հաստատած կտակը ոչ ոք չի բեկանի, ոչ էլ դրա վրա ուրիշ բան կավելացնի։ Աբրահամին ու նրա որդուն խոստումներ տրվեցին։ Սուրբ Գիրքը չի ասում՝ «Եվ սերունդներին», ինչը շատերին է վերաբերում, այլ վերաբերում է մեկին՝ «Եվ քո սերնդին», որ է Քրիստոս։ Բայց սա եմ ասում. այն կտակը, որ նախապես հաստատված էր Աստծու կողմից, չորս հարյուր երեսուն տարի հետո եղած օրենքը չի քանդի, որ խոստումը ջնջվի։ Որովհետև եթե ժառանգությունն օրենքից լիներ, ապա այլևս խոստումից կախված չէր լինի։ Բայց Աստված Աբրահամին խոստումով շնորհեց։
Արդ օրենքն ինչի՞ համար է։ Օրենքն ավելացվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար սերունդը, որին տրվեց խոստումը և տրվեց հրեշտակների կողմից միջնորդի միջոցով։ Բայց միջնորդը մեկը չէ, իսկ Աստված միակն է։ Ուրեմն օրենքն Աստծու խոստումներին հակառա՞կ է։ Քա՜վ լիցի։ Որովհետև եթե օրենք տրված լիներ, որ կարողանար կյանք տալ, ապա արդարությունը հիրավի օրենքից կլիներ։ Բայց Գիրքը ամեն ինչ մեղքի տակ փակեց, որպեսզի խոստումը Հիսուս Քրիստոսի հավատի միջոցով տրվի հավատացողներին։ Երբ դեռ հավատը չէր եկել, օրենքի ներքո էինք փակված այն հավատի համար, որ պիտի հայտնվեր։ Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոսը, որպեսզի հավատով արդարանանք։ Բայց երբ հավատը եկավ, այլևս դաստիարակի ձեռքի տակ չենք։ Որովհետև ամենքդ Աստծու որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով։ Ձեզանից ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին։ Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն, ո՛չ ծառա կա, ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կա, ո՛չ էլ էգ, որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով։ Եվ եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդն եք ու խոստման համաձայն՝ ժառանգներ։
Այս եմ ասում. քանի դեռ ժառանգը երեխա է, ծառայից ոչնչով չի տարբերվում, թեև ամեն բանի տեր է։ Բայց վերակացուների և տնտեսների ձեռքի տակ է մինչև հոր սահմանած ժամանակը։ Այդպես էլ մենք. քանի դեռ երեխաներ էինք, բնության տարերային ուժերի ծառայության տակ էինք։ Բայց երբ ժամանակի լրումը հասավ, Աստված իր Որդուն ուղարկեց, որը կնոջից ծնվեց ու օրենքի ներքո եղավ, որպեսզի օրենքի տակ եղողներին փրկագնի, որպեսզի որդեգրություն ընդունենք։ Եվ քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ իր Որդու Հոգին ուղարկեց, որ աղաղակում է. «Աբբա՛, Հա՛յր»։ Ուրեմն այլևս ծառա չես, այլ որդի, և եթե որդի, ապա նաև ժառանգ Աստծու միջոցով։
Բայց այն ժամանակ, երբ Աստծուն չէիք ճանաչում, նրանց էիք ծառայում, որոնք իրականում աստվածներ չէին։ Բայց հիմա, երբ Աստծուն ճանաչեցիք, մանավանդ որ Աստծուց ճանաչվեցիք, ինչպե՞ս եք վերադառնում այն տկար ու աղքատ տարերային ուժերին, որոնց դարձյալ ուզում եք ծառայել։ Դուք պահում եք օրեր, ամիսներ, եղանակներ ու տարիներ։ Վախենում եմ ձեզ համար, թե միգուցե ձեր մեջ զուր տեղն աշխատեցի։ Ինձ նմա՛ն եղեք, որովհետև ես էլ ձեզ նման եմ։ Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. դուք ինձ ոչ մի վնաս չեք տվել։ Գիտեք, որ երբ ձեզ առաջին անգամ քարոզեցի, մարմնով տկար էի։ Եվ իմ տկարությունը, որ իմ մարմնի մեջ էր, չանարգեցիք ու չարհամարհեցիք, այլ ինձ իբրև Աստծու հրեշտակի ընդունեցիք, ինչպես Քրիստոս Հիսուսին։ Արդ որտե՞ղ է ձեր խանդավառությունը։ Վկայում եմ ձեզ. եթե հնարավոր լիներ, ձեր աչքերն էլ կհանեիք ու ինձ կտայիք։ Ուրեմն ձեզ հետ ճշմարիտը խոսելով ձեզ թշնամի՞ եղա։ Կեղծ վարդապետները ձեր նկատմամբ նախանձախնդիր են ոչ բարի նպատակով. ուզում են ձեզ հեռացնել մեզանից, որպեսզի դուք էլ նրանց համար նախանձախնդիր լինեք։ Սակայն լավ է բարի բանում միշտ նախանձախնդիր լինել և ոչ թե երբ ձեզ մոտ եմ։ Իմ զավակնե՛ր, որ ձեզ համար կրկին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստոսը ձեր մեջ կերպավորվի, կամենում էի հիմա ձեզ մոտ գալ ու իմ խոսելաոճը փոխել, որովհետև ձեզ համար տարակուսանքի մեջ եմ։
Դուք, որ կամենում եք օրենքի տակ լինել, ասե՛ք ինձ, օրենքը չե՞ք լսում. որովհետև գրված է, որ Աբրահամը երկու որդիներ ուներ. մեկը՝ աղախնից, իսկ մյուսը՝ ազատ կնոջից։ Բայց նա, որ աղախնից էր, ըստ մարմնի էր ծնված՝ բնական ճանապարհով, իսկ նա, որ ազատ կնոջից էր, խոստման համաձայն էր ծնվել։ Այս բաներն այլաբանություն են. այս երկու կանայք երկու կտակարաններն են. մեկը՝ Սինա լեռից, ծառայության համար ծնեց, որ է Հագարը։ Որովհետև Հագարը Սինա լեռն է Արաբիայում և համապատասխանում է այժմյան Երուսաղեմին, որ իր զավակներով հանդերձ ծառա է։ Իսկ Վերին Երուսաղեմը, որ բոլորիս մայրն է, ազատ է։ Որովհետև գրված է. «Ցնծա՛, ո՛վ ամուլ, որ չէիր ծնում, գոչի՛ր ու աղաղակի՛ր դու, որ երկունքի ցավ չէիր քաշում, որովհետև լքվածի զավակներն ավելի շատ են, քան ամուսին ունեցողինը»։
Իսկ մենք, եղբայրնե՛ր, Իսահակի պես խոստման որդիներ ենք։ Բայց ինչպես որ այն ժամանակ բնական ճանապարհով ծնվածը հալածում էր նրան, ով հոգու կողմից էր, այդպես է նաև հիմա։ Սակայն Գիրքն ի՞նչ է ասում. «Դո՛ւրս հանիր աղախնին և նրա որդուն, որովհետև աղախնի որդին ազատի որդու հետ ժառանգություն չպիտի ստանա»։ Դրա համար, եղբայրնե՛ր, աղախնի որդիներ չենք, այլ ազատի։
Արդ այն ազատությամբ, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատո՛ւն կացեք ու դարձյալ ծառայության լծի տակ մի՛ մտեք։ Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք, Քրիստոսը ձեզ օգուտ չի տա։ Եվ դարձյալ վկայում եմ ամեն մարդու համար, որ ով թլփատվում է, պարտավոր է ամբողջ օրենքը կատարել։ Դուք, որ կամենում եք օրենքով արդարանալ, բաժանված եք Քրիստոսից և զրկված շնորհից։ Որովհետև մենք Հոգով սպասում ենք հավատից եղած արդարության հույսին։ Քանի որ Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ էլ անթլփատությունը, այլ հավատը, որ սիրով է գործում։ Լավ էիք ընթանում. ձեզ ո՞վ հետ կանգնեցրեց, որ ճշմարտությանը չհնազանդվեք։ Այդ համոզումը նրանից չէ, ով կանչեց ձեզ։ Մի քիչ թթխմորն ամբողջ զանգվածը խմորում է։ Ես ձեզ վրա Տիրոջով հույս ունեմ, որ ուրիշ բան չեք մտածի, ու ձեզ խռովեցնողը, ով էլ որ լինի, դատապարտության է ենթարկվելու։ Բայց ես, եղբայրնե՛ր, եթե դեռևս թլփատություն եմ քարոզում, էլ ինչի՞ համար եմ հալածվում։ Այդ դեպքում խաչի գայթակղությունը խափանված է։ Երանի արմատից կտրվեին նրանք, ովքեր խռովեցնում են ձեզ։
Որովհետև դուք ազատության համար եք կանչված, եղբայրնե՛ր։ Միայն թե ձեր ազատությունը մարմինը հաճեցնելու պատճառ չլինի, այլ սիրո՛վ ծառայեք իրար։ Որովհետև ամբողջ օրենքն այս մեկ խոսքի մեջ է կատարվում. «Քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես ինքդ քեզ»։ Բայց եթե միմյանց խայթեք և ուտեք, զգուշացե՛ք, որ միմյանց չոչնչացնեք։ Սակայն ասում եմ. «Հոգո՛վ ընթացեք ու մարմնի ցանկությունը մի՛ կատարեք»։ Որովհետև մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք իրար հակառակ են, չանե՛ք այն, ինչ կամենում եք։ Բայց եթե Հոգով եք առաջնորդվում, օրենքի տակ չեք։ Հայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ, չարակամություն, սպանություններ, հարբեցողություն, անառակություններ և այն, ինչ սրանց նման է։ Ասում եմ ձեզ, ինչպես որ նախապես էլ ասում էի, թե այսպիսի բաներ անողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Նրանք, ովքեր Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ։ Եթե Հոգով ենք ապրում, Հոգով էլ վարվենք։ Սնապարծ չլինենք՝ միմյանց գրգռելով ու միմյանց նախանձելով։
Եղբայրնե՛ր, եթե որևէ մեկը հանկարծ ինչ-որ հանցանքի մեջ բռնվի, դուք, որ հոգևոր եք, այդպիսի մեկին հեզության հոգով ուղղե՛ք։ Ինքներդ էլ զգուշացե՛ք, որ դուք էլ չփորձվեք։ Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։ Եթե որևէ մեկը համարում է, թե ինքը մի բան է, բայց չէ, նա ինքն իրեն խաբում է։ Սակայն ամեն մեկը թող իր գործը քննի և ապա միայն ինքն իր նկատմամբ պարծանք ունենա, ոչ թե ուրիշի հետ համեմատվելով։ Որովհետև ամեն մեկն ի՛ր բեռը պետք է կրի։
Խոսքին աշակերտողը թող ուսուցչին բոլոր բարի բաներին մասնակից անի։ Մի՛ խաբվեք. Աստված չի ծաղրվի։ Որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի։ Իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ Հոգու համար սերմանողը Հոգուց հավիտենական կյանք կհնձի։ Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք։ Ուրեմն քանի դեռ ժամանակ ունենք, բարի՛ք անենք բոլորին, մանավանդ հավատի ընտանիքի անդամներին։
Տեսե՛ք, թե ինչպիսի՛ գրերով գրեցի ձեզ իմ ձեռքով։ Ովքեր կամենում են մարդկանց հաճելի երևալ, նրանք ձեզ ստիպում են, որ թլփատվեք, միայն թե Քրիստոսի խաչի համար չհալածվեն։ Որովհետև այն թլփատվածներն իրենք էլ օրենքը չեն պահում, բայց կամենում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր մարմնով պարծենան։ Սակայն քավ լիցի, որ ես պարծենամ, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար։ Որովհետև ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ նոր արարած լինելը։ Եվ բոլոր նրանց, ովքեր այս կանոնի համաձայն են վարվում, խաղաղություն լինի նրանց վրա, և Աստծու ողորմությունը՝ Իսրայելի վրա։
Սրանից հետո թող ոչ ոք ինձ չանհանգստացնի, որովհետև իմ մարմնի մեջ ես Տեր Հիսուսի վերքի նշաններն եմ կրում։
Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի։ Ամեն։