ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

Աստված հին ժամանակներում բազում անգամներ ու բազում ձևերով խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Որդու միջոցով, որին ամեն ինչի ժառանգ կարգեց, և որի միջոցով ստեղծեց նաև դարերը։ Նա է նրա փառքի լույսն ու նրա էության արտահայտումը, որ իր խոսքի զորությամբ ամեն բան կրում է։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։

Եվ հրեշտակներից այնքան բարձր դասվեց, որ նրանցից ավելի տարբեր անուն ժառանգեց։

Որովհետև հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Դու ես իմ Որդին, ես այսօր ծնեցի քեզ»։ Եվ դարձյալ. «Ես նրան Հայր կլինեմ, ու նա ինձ Որդի կլինի»։

Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. «Եվ թող նրան երկրպագեն Աստծու բոլոր հրեշտակները»)։

Բայց հրեշտակների մասին ասում է. «Նա, որ իր հրեշտակներին հոգիներ դարձրեց ու իր ծառաներին՝ կրակի բոց»։

Սակայն Որդուն ասում է. «Քո գահը, Աստվա՛ծ, հավիտյանս հավիտենից է. քո թագավորության գավազանն արդարության գավազան է։

Արդարությունը սիրեցիր և անօրենությունն ատեցիր. դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին»։

Եվ՝ «Դու, Տե՛ր, ի սկզբանե երկիրը հիմնեցիր, և քո ձեռքի գործն են նաև երկինքները։

Նրանք կկորչեն, բայց դու կաս, կմնաս, իսկ բոլորը լաթի պես կմաշվեն։

Վերարկուի պես նրանց կոլորես, և հագուստի պես կփոխվեն, բայց դու նույնն ես, և քո տարիները չեն պակասելու»։

Եվ հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դնեմ»։

Չէ՞ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն։

Դրա համար մենք պետք է առավել ևս ուշադիր լինենք մեր լսածներին, որպեսզի երբեք չշեղվենք։ Որովհետև եթե հրեշտակների միջոցով ասված խոսքը հաստատուն եղավ, և ամեն հանցանք ու անհնազանդություն իր արդար պատիժն ստացան, ապա մենք ինչպե՞ս պիտի խուսափենք, եթե այսպիսի մեծ փրկության նկատմամբ անտարբեր լինենք, որը սկզբից Տիրոջ կողմից հռչակվեց, հետո մեր մեջ հաստատվեց նրան լսողների միջոցով։ Աստված այն վկայեց նշաններով, հրաշքներով, տեսակ-տեսակ զորություններով և Սուրբ Հոգու պարգևներով. ըստ իր կամքի կամեցավ։

Որովհետև հրեշտակներին չհնազանդեցրեց այն հանդերձյալ աշխարհը, որի մասին խոսում ենք։ Մեկը մի տեղ վկայել է՝ ասելով. «Մարդն ի՞նչ է, որ նրան հիշես, կամ մարդու որդին, որ նրան այցելում ես։

Նրան հրեշտակներից մի քիչ ցածր իջեցրիր, նրան փառքով ու պատվով պսակեցիր.

ամեն ինչ նրա ոտքերից ներքև հնազանդեցրիր»։ Որովհետև ամեն ինչ նրան հնազանդեցրեց, ոչինչ չթողեց, որ հնազանդ չլինի նրան, սակայն հիմա դեռ չենք տեսնում, որ ամեն ինչ նրան հնազանդեցված է։ Բայց մահվան չարչարանքի պատճառով հրեշտակներից մի փոքր ցածր դասված տեսնում ենք փառքով ու պատվով պսակված Հիսուսին, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի։

Որովհետև պետք էր, որ նա, որի համար է ամեն բան, և որով է ամեն բան, շատ որդիների դեպի փառք առաջնորդի, նրանց փրկության առաջնորդի չարչարանքի միջոցով։ Որովհետև թե՛ սրբացնողը և թե՛ սրբացվողները՝ բոլորը մեկից են. այդ պատճառով ամոթ չի համարում նրանց եղբայրներ կոչել ու ասել. «Քո անունն իմ եղբայրներին պիտի հայտնեմ, ժողովրդի հավաքույթի մեջ պիտի գովաբանեմ քեզ»։

Եվ դարձյալ. «Ես հույսս նրա վրա պիտի դնեմ»։ Եվ դարձյալ. «Ահա ես ու իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց»։

Արդ որովհետև զավակներն արյանն ու մարմնին հաղորդակից եղան, ինքն էլ միևնույն կերպով հաղորդակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի մահվան իշխանությունն ունեցողին, այսինքն՝ սատանային, և ազատի նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում գերված են մահվան ահից, քանի որ հրեշտակներին բնավ չի օգնում, այլ Աբրահամի սերնդին։ Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի ողորմած լիներ և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ, որպեսզի ժողովրդի մեղքերը քավեր։ Որովհետև ինչպես որ ինքը չարչարվեց ու փորձվեց, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։

Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, երկնային կոչմա՛ն մասնակիցներ, նայե՛ք մեր Առաքյալին ու Քահանայապետին՝ Քրիստոս Հիսուսին, որին խոստովանում ենք, որ հավատարիմ է իրեն արարողին, ինչպես Մովսեսը՝ նրա ամբողջ տան մեջ։ Որովհետև նա առավել փառքի արժանի եղավ, քան Մովսեսը, ինչպես որ տնից ավելի մեծ պատիվ ունի այն կառուցողը։ Ամեն տուն որևէ մեկի կողմից է կառուցվում, իսկ նա, ով ամեն բան արարեց, Աստված է։ Եվ Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ որպես ծառա՝ վկայելու ասվելիք խոսքերը։ Իսկ Քրիստոսը իբրև որդի է նրա տան վրա։ Նրա տունը մենք իսկ ենք, եթե համարձակությունն ու հույսի պարծանքը մինչև վերջ հաստատ պահենք։

Դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում. «Այսօր եթե նրա ձայնը լսեք,

ձեր սրտերը մի՛ կարծրացրեք, ինչպես փորձության օրը անապատում,

որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ ու տեսան իմ գործերը քառասուն տարի։ Դրա համար այդ սերնդից զզվեցի և ասացի. “Միշտ մոլորվում են սրտով, և նրանք իմ ճանապարհները չճանաչեցին”։

Այնպես որ ես իմ բարկության մեջ երդվեցի, որ իմ հանգստի մեջ չպիտի մտնեն»։

Տեսե՛ք, եղբայրնե՛ր, թող երբեք ձեզանից մեկի մեջ անհավատ, չար սիրտ չլինի և հեռանա կենդանի Աստծուց։ Այլ ամեն օր միմյանց հորդորե՛ք, քանի որ այսօրը դեռ կա, որպեսզի ձեզանից ոչ ոք մեղքի խաբեությամբ չկարծրանա։ Քանի որ մասնակից եղանք Քրիստոսին, ուստի հավատը սկզբից մինչև վերջ պետք է հաստատուն պահենք։ Քանի որ ասվում է. «Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ կարծրացրեք, ինչպես դառնության օրերին»։

Որովհետև ովքե՞ր էին, որ լսեցին և դառնացրին նրան. ո՞չ բոլոր նրանք, որ Մովսեսի միջոցով դուրս էին եկել Եգիպտոսից։ Քառասուն տարի ումի՞ց զզվեց. չէ՞ որ մեղք գործածներից, որոնց ոսկորներն ընկան անապատում։ Եվ ո՞ւմ երդվեց, որ իր հանգստի մեջ չպիտի մտնեն, եթե ոչ անհավատներին։ Եվ տեսնում ենք, որ չկարողացան մտնել անհավատության պատճառով։

Ուրեմն զգուշանանք. քանի դեռ նրա հանգստի մեջ մտնելու խոստումը մնում է, ձեզանից որևէ մեկը դուրս չմնա։ Որովհետև մեզ էլ է նրանց պես ավետվել, բայց խոսքը լսելը նրանց օգուտ չբերեց, քանի որ լսողների մեջ հավատով չներթափանցեց։ Բայց մենք, որ հավատացինք, մտնելու ենք այն հանգստի մեջ, ինչպես որ ասաց. «Ինչպես իմ բարկության մեջ երդվեցի, թե իմ հանգստի մեջ չպիտի մտնեն», թեև նրա գործերն աշխարհի սկզբից կատարված էին։ Որովհետև մի տեղ յոթերորդ օրվա մասին այսպես է ասում. «Եվ Աստված յոթերորդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից»։

Եվ այստեղ դարձյալ ասում է. «Իմ պատրաստած հանգստի վայրը չպիտի մտնեն»։ Թեև ոմանք կարող էին այդ հանգստի վայրը մտնել, հատկապես նրանք, որ լսեցին ավետաբեր լուրը, սակայն չմտան իրենց անհավատության պատճառով, Աստված նրանց դարձյալ մի օր է սահմանում՝ «Այսօրը». երկար ժամանակ հետո Դավթի միջոցով ասվեց. «Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ կարծրացրեք»։

Որովհետև եթե Հեսուն նրանց հանգստի մեջ տարած լիներ, դրանից հետո ուրիշ օրվա մասին այլևս չէր խոսի։ Ուրեմն Աստծու ժողովրդի համար դեռ մեկ այլ հանգստի օր մնում է, որովհետև նրա հանգստի մեջ մտնողն ինքն էլ է իր գործերից հանգստանում, ինչպես Աստված էլ՝ իր գործերից։ Ուրեմն ջանանք մտնել այդ հանգստի մեջ, որպեսզի ոչ ոք անհնազանդության նման օրինակով չընկնի։

Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է. այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։ Նրա առաջ անտեսանելի արարած չկա, այլ ամեն բան հստակ է և ակնհայտ. նրան ենք հաշվետու։

Արդ ունենք երկինքներով անցած մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը։ Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է։ Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։

Մարդկանց միջից ընտրված ամեն քահանայապետ կարգված է մարդկանց կողմից Աստծու հետ հարաբերությունների մեջ լինելու, որպեսզի ընծաներ ու զոհեր մատուցի մեղքերի համար։ Նա կարող է տգետներին ու մոլորվածներին կարեկից լինել, որովհետև ինքն էլ տկարությամբ է պատված։ Եվ այդ պատճառով նա պետք է ինչպես ժողովրդի, այնպես էլ իր համար ընծա մատուցի մեղքերի համար։ Եվ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է այդ պատիվն ստանում, այլ նա, ով Աստծուց կանչված է, ինչպես Ահարոնը։

Նույն կերպ էլ Քրիստոսը ոչ թե ի՛նքն իրեն փառավորեց, որպեսզի Քահանայապետ լինի, այլ նա, ով նրան ասաց. «Դու ես իմ Որդին, ես այսօր ծնեցի քեզ»։

Ինչպես որ մի ուրիշ տեղ էլ ասում է. «Դու հավիտյան քահանա ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի»։

Նա, ով իր երկրային օրերին ուժգին աղաղակով ու արտասուքով աղոթք ու աղաչանք էր մատուցում նրան, որ կարող էր իրեն մահից փրկել։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։ Թեև Որդի էր, չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Եվ կատարյալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդվողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ՝ Աստծուց Քահանայապետ անվանվելով, ըստ Մելքիսեդեկի կարգի։

Դրա մասին շատ բան ունենք ասելու, սակայն դժվար է մեկնաբանել, որովհետև դուք լսելու ընդունակ չեղաք։ Որովհետև ժամանակի ընթացքում պետք է ուսուցիչներ լինեիք, բայց դարձյալ կարիք ունեք սովորելու, թե ի՛նչ են Աստծու խոսքերի առաջին նշանագրերը։ Դուք կաթի կարիք ունեք, այլ ոչ թե պինդ կերակուրի. որովհետև ամեն մեկը, ով կաթնակեր է, արդարության խոսքին անփորձ է, քանի որ երեխա է։ Իսկ պինդ կերակուրը կատարյալների համար է, որոնց զգայարանները վարժված են բարին ու չարը զանազանելու։

Ուստի Քրիստոսի մասին նախագիտելիքները թողնելով՝ գանք դեպի կատարյալը։ Թողնենք նաև հիմնական ուսուցումները, որոնք վերաբերում են մահացու գործերից ապաշխարությանը և Աստծու հավատին, մկրտությունների վարդապետությանը, ձեռնադրությանը, մեռելների հարությանը և հավիտենական դատաստանին։ Ահա թե ինչ ենք անելու, եթե Աստված թույլ տա։ Անհնար է, որ մեկ անգամ արդեն լուսավորվածները, որոնք ճաշակել են երկնային պարգևից և Սուրբ Հոգուն հաղորդակից եղել, ճաշակել են Աստծու խոսքի վայելչությունն ու հանդերձյալ աշխարհի զորությունները, եթե ընկնեն, ապաշխարությամբ դարձյալ նորոգվեն, որովհետև նրանք Աստծու Որդուն իրենց համար վերստին խաչն են հանում ու խայտառակում։ Քանի որ այն հողը, որ խմում է իր վրա շատ անգամներ տեղացած անձրևը և օգտակար արդյունք է տալիս նրանց, որոնց կողմից մշակվում է, Աստծուց օրհնություն է ստանում։ Իսկ որ փուշ ու տատասկ է տալիս, անպետք է. նրան անեծքն է կպչում, և նրա վերջն այրվելն է։

Սիրելինե՛ր, թեև այսպես եմ խոսում, բայց ձեզ համար վստահ եմ, որ լավագույն ուղու վրա եք, այն, որ դեպի փրկություն է տանում։ Որովհետև Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և այն սերը, որ նրա անվան հանդեպ ցուցաբերեցիք՝ ծառայելով սրբերին, որոնց հիմա էլ ծառայում եք։ Եվ փափագում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի հույսը մինչև վերջ հաստատ մնա, որպեսզի չծուլանաք, այլ հավատով ու համբերությամբ խոստումները ժառանգողներին նմանվեք։

Երբ Աստված Աբրահամին իր խոստումը տվեց, քանի որ չկար ավելի մեծ մեկը, որ նրանով երդվեր, նա ինքն իրենով երդվեց ու ասաց. «Այո՛, օրհնելով պիտի օրհնեմ քեզ և բազմացնելով պիտի բազմացնեմ քեզ»։ Եվ այսպես համբերատար լինելով՝ նա հասավ խոստումին։ Հիրավի մարդիկ իրենցից ավելի մեծով են երդվում, և նրանց երդումը վերջ է դնում ամեն հակառակության և հավաստիացնում։ Ուստի Աստված, առավել ևս կամենալով խոստման ժառանգորդներին ցույց տալ իր նպատակի անփոփոխ լինելը, այն հաստատեց երդմամբ, որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, որ անհնար է՝ Աստված սուտ խոսի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք. մենք, որ ապավինելով կառչեցինք մեզ առաջարկված հույսից, որը մեզ համար հաստատուն և անշարժ խարիսխ է, որ թափանցում է վարագույրից ներս, որտեղ մեզ համար մտավ նախակարապետը՝ Հիսուսը, ըստ Մելքիսեդեկի կարգի հավիտենական Քահանայապետ դարձած։

Քանի որ այս Մելքիսեդեկը թագավոր էր Սաղեմի, Բարձրյալ Աստծու քահանա, որ ընդառաջ ելավ Աբրահամին, երբ նա վերադառնում էր թագավորների կոտորածից, և օրհնեց նրան, Աբրահամը ամեն ինչից նրան տասանորդ տվեց։ Մելքիսեդեկ նախ թարգմանվում է «արդարության թագավոր», ապա՝ «թագավոր Սաղեմի», այսինքն՝ «խաղաղության թագավոր»։ Նա անհայր, անմայր է, առանց ազգաբանության. ո՛չ օրերի սկիզբ ունի և ո՛չ կյանքի վերջ, այլ Աստծու Որդու նման մնում է մշտնջենական քահանա։

Տեսե՛ք, թե որքա՜ն մեծ էր սա, որին Աբրահամ նահապետն էլ ավարից տասանորդ տվեց։ Ղևիի որդիներից նրանց, ովքեր քահանայություն են ստանում, համաձայն օրենքի՝ պատվիրված է տասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թեև նրանք էլ Աբրահամի սերնդից են։ Բայց նրանց ազգատոհմից չհամարվածը Աբրահամից տասանորդ վերցրեց և օրհնեց նրան, ում խոստացված էր։ Անառարկելի է այն, որ փոքրն օրհնվում է մեծագույնի կողմից։ Եվ այստեղ մահկանացու մարդիկ են տասանորդ վերցնում, բայց այնտեղ՝ նա, ում մասին վկայվել է, որ կենդանի է։ Եվ, այսպես ասած, Աբրահամի միջոցով Ղևին ևս, որ տասանորդ էր վերցնում, տասանորդ է տվել, որովհետև նա նույնպես իր հոր սերնդից էր, երբ Մելքիսեդեկը նրան ընդառաջ ելավ։

Եթե կատարելությունը ղևտացիների քահանայության միջոցով էր (որովհետև ժողովուրդը նրա վրա հիմնվելով օրենքն ընդունեց), էլ ի՞նչ կարիք կա, որ Մելքիսեդեկի կարգով մի ուրիշ քահանա հանդես գա Ահարոնի կարգի փոխարեն, քանի որ քահանայություն փոխելով՝ հարկ է, որ օրենքն էլ փոխվի։ Որովհետև նա, ում մասին այս բաներն ասվում են, պատկանում էր ուրիշ ցեղի, որից ոչ ոք զոհասեղանին չի ծառայել։ Հայտնի է, որ մեր Տերը Հուդայի ցեղից է սերում, և այդ ցեղի քահանաների մասին Մովսեսը ոչինչ չի ասել։ Առավել ևս հայտնի է, որ Մելքիսեդեկի նմանությամբ ուրիշ քահանա է հանդես գալիս, որը ոչ ըստ մարդկային օրենքի պատվիրանի եղավ, այլ ըստ անվախճան կյանքի զորության։ Քանզի վկայվեց. «Դու հավիտյան քահանա ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի»։

Քանի որ առաջին պատվիրանի բեկանումը դրա տկարության և անօգուտ լինելու պատճառով էր, որովհետև օրենքը կատարյալ ոչինչ չի արել, փոխարենը լավագույն հույսը ներթափանցեց, որով մոտենում ենք Աստծուն։

Եվ որքանով որ նա առանց երդման չեղավ, որովհետև ոմանք առանց երդման են քահանա դարձել, բայց նա՝ երդումով, նրա միջոցով, որ նրան ասաց. «Երդվեց Տերը ու չի զղջա. դու հավիտյան քահանա ես»,

նույն չափով էլ Հիսուսը երաշխավոր եղավ լավագույն ուխտի։

Այդուհանդերձ շատ քահանաներ են եղել, որովհետև մահն արգելք էր լինում, որ նրանք մշտական քահանա մնան։ Բայց սա հավիտենական մնալու պատճառով անանց քահանայություն ունի։ Ուստի և կարող է փրկել նրանց, ովքեր իր միջոցով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որպեսզի նրանց համար բարեխոս լինի։

Մեզ այսպիսի քահանայապետ էր պետք՝ սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված ու երկնքից վեր բարձրացած, որը, ինչպես ուրիշ քահանայապետներ, պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհ մատուցելու և հետո՝ ժողովրդի մեղքերի համար, քանի որ նա մեկ անգամ կատարեց այդ՝ ինքն իրեն պատարագ մատուցելով։ Օրենքը քահանայապետներ է կարգում տկարություն ունեցող մարդկանց, բայց երդման խոսքը, որ օրենքից հետո է գալիս, կարգում է Որդուն, որ հավիտյան կատարյալ է։

Եվ ասածներիս գլխավորը սա է. մենք այնպիսի քահանայապետ ունենք, որ երկնքում Մեծության աթոռի աջ կողմում նստեց՝ որպես պաշտոնյա սրբարանի և ճշմարիտ խորանի, որը Տերը կանգնեցրեց և ոչ թե մարդը։ Քանի որ ամեն քահանայապետ զոհեր և պատարագներ մատուցելու համար է կարգվում, ուստի նա էլ պետք է մատուցելու մի բան ունենա։ Որովհետև եթե նա երկրի վրա լիներ, քահանա չէր լինի, քանի որ դեռ կային նրանք, ովքեր ըստ օրենքի պատարագ են մատուցում, ովքեր իրենց ծառայությունն են մատուցում երկնային բաների օրինակով ու շուքով, ինչպես որ Մովսեսին հրաման տվեց, երբ նա խորանը պիտի կառուցեր. «Տե՛ս,- ասում է,- որ ամեն բան անես ըստ այն օրինակի, որ քեզ լեռան վրա ցույց տրվեց»։ Բայց հիմա Հիսուսն ավելի բարձր ծառայության հասավ, քանի որ միջնորդ է ավելի լավ ուխտի, որը օրինադրվել է ավելի լավ խոստումների վրա։

Որովհետև եթե առաջինն անթերի լիներ, ապա երկրորդի համար տեղ չէր փնտրվի։ Եվ նրանց հանդիմանելով ասում է. «Ահա օրեր կգան,- ասում է Տերը,- երբ ես Իսրայելի տան և Հուդայի տան հետ նոր ուխտ կկատարեմ,

ոչ այն ուխտի պես, որ կնքեցի նրանց հայրերի հետ այն օրը, երբ նրանց ձեռքից բռնեցի՝ եգիպտացիների երկրից հանելու համար։ Քանի որ նրանք իմ ուխտի մեջ չմնացին, ես էլ նրանց նկատմամբ անհոգ եղա,- ասում է Տերը։

Որովհետև սա է այն ուխտը, որ այս օրերից հետո պիտի կնքեմ Իսրայելի տան հետ,- ասում է Տերը.- ես իմ օրենքները նրանց մտքի մեջ կդնեմ, նրանց սրտերի վրա կգրեմ դրանք ու նրանց կլինեմ Աստված, նրանք էլ ինձ ժողովուրդ կլինեն։

Եվ նրանցից յուրաքանչյուրն իր համաքաղաքացուն չպիտի ուսուցանի, ոչ էլ յուրաքանչյուրն իր եղբորը կասի՝ “Տիրոջը ճանաչի՛ր”, որովհետև բոլորն էլ կճանաչեն ինձ՝ նրանց փոքրերից մինչև մեծը,

որովհետև նրանց անօրենությունները ներող կլինեմ և նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշի»։

Նոր ուխտի մասին խոսելով՝ նա առաջինը հին համարեց, իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալուն։

Առաջին ուխտն էլ ուներ պաշտամունքի կանոններ և երկրային սրբարան, որովհետև առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ էին աշտանակը, սեղանն ու առաջավորության հացերը։ Դա «սրբություն» է կոչվում։ Իսկ երկրորդ վարագույրի հետևում կար խորան, որ «Սրբություն սրբոց» էր կոչվում. այնտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ուխտի տապանակը՝ ամեն կողմից ոսկով պատած. նրա մեջ կար ոսկե սափորը՝ մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։ Տապանակի վերևում փառքի քերովբեներն էին, որ քավարանի վրա հովանի էին անում, որոնց մասին հիմա պետք չէ մանրամասն խոսել։

Եվ այս բաներն այսպես էին դասավորված. քահանաները միշտ մտնում էին առաջին խորանը՝ պաշտամունքներ կատարելու։ Իսկ երկրորդի մեջ տարին մեկ անգամ մտնում էր միայն քահանայապետը և ոչ առանց զոհի արյան, որ մատուցում էր իր ու ժողովրդի կողմից անգիտությամբ արված մեղքերի համար։ Դրանով Սուրբ Հոգին ցույց էր տալիս, որ «սրբության» ճանապարհը հայտնված չէ, քանի որ առաջին խորանը դեռ հաստատուն էր մնում։ Սա խորհրդանշան է ներկա ժամանակի համար, երբ ընծաներ ու զոհեր էին մատուցվում, որոնք չէին կարող կատարյալ դարձնել պաշտամունք մատուցողի խիղճը. միայն ուտելիքի, ըմպելիքի ու պես-պես լվացումների վրա հիմնված պաշտամունքը մարմնական արարողություններով է, որոնք ժամանակավոր են և գործում են մինչև մարդու ուղղվելը։

Իսկ Քրիստոսը՝ գալիք բարիքների Քահանայապետը, եկավ՝ անցնելով ավելի մեծ, կատարյալ և անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից պատրաստված և ո՛չ էլ նոխազների ու զվարակների արյունով, այլ իր իսկ արյամբ մեկ անգամ այն սրբարանը մտավ ու հավիտենական փրկություն ստացավ։ Որովհետև եթե ցուլերի, նոխազների արյունը և երինջների մոխիրը շաղ տալով՝ մաքրում են պղծվածների մարմինը, որչա՜փ ևս առավել Քրիստոսի արյունը, որ հավիտենական Հոգով ինքն իրեն անարատ զոհ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը այն մահացու գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք։

Եվ դրա համար նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։ Որովհետև ուր որ կտակ կա, հարկ է, որ կտակարարի մահը հաստատվի, քանի որ կտակը մեռնելուց հետո է գործում. այն երբեք ուժ չի ունենա, քանի դեռ կտակարարը կենդանի է։ Ուստի և առաջին ուխտն առանց արյան չէր հաստատվի։ Որովհետև երբ Մովսեսն օրենքի բոլոր պատվիրանները հայտնեց ժողովրդին, վերցնելով ցուլերի և նոխազների արյունը ջրի, կարմիր բրդի ու զոպայի հետ՝ սրսկեց օրենքի գրքի ու ամբողջ ժողովրդի վրա և ասաց. «Սա է ուխտի արյունը, որ Աստված պատվիրեց ձեզ»։ Եվ խորանի ու պաշտամունքի բոլոր անոթների վրա նույնպես արյուն սրսկեց։ Գրեթե ամեն բան ըստ օրենքի արյունով է մաքրվում, և առանց արյուն թափելու թողություն չի լինում։

Արդ հարկավոր էր, որ երկնավոր բաների օրինակներն այսպիսի բաներով մաքրվեին, իսկ բուն երկնավորները՝ դրանցից ավելի լավ զոհերով։ Որովհետև Քրիստոսը ոչ թե ձեռակերտ սրբարաններ մտավ, որոնք ճշմարտության օրինակներ էին, այլ բուն իսկ երկինքը, որպեսզի այժմ Աստծու առաջ ներկայանա մեզ համար։ Ոչ թե որպեսզի շատ անգամ ինքն իրեն պատարագ մատուցի, ինչպես քահանայապետը, որ ամեն տարի ուրիշի արյունով էր մտնում Սրբություն սրբոց։ Այլապես նա պետք է որ աշխարհի սկզբից ի վեր շատ անգամներ չարչարվեր, բայց այժմ՝ ժամանակների վերջում, մեկ անգամ հայտնվեց, որպեսզի իր զոհաբերությամբ ջնջի մեղքը։ Եվ ինչպես որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, և դրանից հետո՝ դատաստանը, նույնպես էլ Քրիստոսը շատերի մեղքերը վերցնելու համար մեկ անգամ զոհաբերվեց, իսկ երկրորդ անգամ կհայտնվի առանց մեղքի՝ իրեն սպասողների փրկության համար։

Քանի որ օրենքն ունի ստվերը գալիք բարիքների և ոչ թե կերպարանքը բուն իրողությունների, ուստի օրենքը չի կարող ամեն տարի մատուցվող միևնույն զոհերով կատարյալ դարձնել մատուցողներին։ Ապա թե ոչ, նրանք մատուցելուց կդադարեին, որովհետև պաշտամունք մատուցողները, մեկ անգամ մաքրված լինելով, մեղքի հանդեպ ոչ մի խղճահարություն չէին ունենա։ Բայց նրանք դրանց միջոցով ամեն տարի մեղքերի հիշողության մեջ էին լինում, որովհետև անկարելի է, որ նոխազների և ցուլերի արյունը մեղքերը վերացնի։

Դրա համար Քրիստոսը աշխարհ մտնելիս ասում է. «Զոհ ու պատարագ չկամեցար, բայց ինձ համար մի մարմին պատրաստեցիր.

Ողջակեզները և մեղքի համար զոհերը քեզ հաճելի չեղան։

Այն ժամանակ ասացի. “Ահա գալիս եմ (ինչպես որ Սուրբ գրքի փաթույթում իմ մասին գրված է), որ քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված”»։

Վերևում նա ասում է. «Զոհ և ընծա, ողջակեզներ և մեղքի համար արված զոհ չկամեցար, և ոչ էլ դրանք քեզ հաճելի եղան, որոնք մատուցվում են ըստ օրենքի», այնուհետև ասում է. «Ահա գալիս եմ քո կամքը կատարելու, ո՛վ Աստված»։ Ջնջում է առաջինը, որպեսզի երկրորդը հաստատի։ Այդ կամքով է, որ մենք սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի միանգամյա ընծայաբերումով։

Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնում է պաշտամունք մատուցելու և նույն զոհերն է շատ անգամ մատուցում, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։ Բայց նա, մեղքերի համար մեկ զոհ մատուցելով, մշտնջենապես Աստծու աջ կողմում նստեց։ Եվ այնուհետև սպասում է, մինչև որ իր թշնամիներն իր ոտքերի տակ պատվանդան դրվեն։ Որովհետև մեկ պատարագով սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեց։

Բայց Սուրբ Հոգին էլ մեզ վկայում է վերևում ասելուց հետո.

«Սա է այն ուխտը, որ պիտի կնքեմ նրանց հետ այն օրից հետո,- ասում է Տերը.- իմ օրենքները նրանց սրտերի մեջ պիտի դնեմ և նրանց մտքերի վրա պիտի գրեմ դրանք»։

«Նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշելու»։

Իսկ որտեղ դրանց թողություն կա, մեղքի համար այլևս զոհ պետք չէ։

Արդ, եղբայրնե՛ր, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ, որը մեզ համար նոր ու կենդանի ճանապարհ բացեց վարագույրի միջով, որ իր մարմինն է, և մի մեծ քահանա ունենք Աստծու տան վրա, նրան մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար հավատով, մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված ու մեր մարմինը մաքուր ջրով լվացված։ Աննկուն պահենք հույսի դավանությունը, որովհետև խոստացողը հավատարիմ է։ Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով։ Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է։

Եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, ապա մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում, այլ դատաստանի ահավոր սպասումը և կրակի զայրույթը, որ լափելու է հակառակվողներին։ Մեկը, որ Մովսեսի օրենքն անարգում էր, երկու կամ երեք հոգու վկայությամբ անողորմաբար սպանվում էր։ Կարծում եք՝ որչա՜փ ավելի խիստ պատժի կարժանանա նա, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել ուխտի արյունը, որով նա սրբվեց, և ով անարգել է շնորհի Հոգուն։ Քանի որ ճանաչում ենք նրան, որ ասաց. «Իմն է վրեժխնդրությունը, և ես պիտի տամ հատուցումը»։ Եվ դարձյալ. «Տերը պիտի դատի իր ժողովրդին»։

Ահավոր է կենդանի Աստծու ձեռքն ընկնելը։

Արդ առաջին օրե՛րը հիշեք, երբ դուք լուսավորվելուց հետո բազում չարչարանքների դիմացաք։ Երբեմն նախատինքների և նեղությունների մեջ խայտառակվեցիք, երբեմն էլ այդպիսի վիճակում գտնվողներին ցավակից եղաք։ Որովհետև և՛ բանտարկվածներին չարչարակից եղաք, և՛ ձեր ունեցվածքի հափշտակումը ուրախությամբ ընդունեցիք՝ իմանալով, որ ձեզ համար ավելի լավ ու մնայուն ինչք ունեք։ Ուրեմն մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի։ Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք։ Քանի որ «Մի փոքր միայն, մի փոքր ժամանակ ևս, և նա, ով գալու է, կգա ու չի ուշանա։

Բայց իմ արդարը հավատով կապրի, իսկ եթե մեկը ընկրկի, իմ հոգին նրան չի հավանի»։

Իսկ մենք ընկրկողներ չենք, որ կորսվենք, այլ մեր հոգիների փրկությանը հավատացողներ։

Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է, որովհետև նախնիները դրանով վկայություն ընդունեցին։

Հավատով ենք իմանում, որ դարերն Աստծու խոսքով ստեղծվեցին՝ անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։

Հավատով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն, որով վկայություն ստացավ, որ արդար է. Աստված նրա ընծաների համար վկայություն տվեց։ Թեև նա մեռած է, բայց տակավին խոսում է։

Հավատով Ենովքը փոխադրվեց երկինք, որ մահ չտեսնի, և ոչ մի տեղ չգտնվեց, որովհետև նրան Աստված փոխադրեց։ Եվ նրա փոխադրվելուց առաջ վկայվել էր, որ նա Աստծուն հաճելի էր։ Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։

Հավատով Նոյը, դեռևս անտեսանելի բաների մասին տեղեկանալով, երկյուղելով, իր տան փրկության համար շինեց տապանը, որով դատապարտեց աշխարհը և ժառանգորդ դարձավ հավատով արդարության։

Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց՝ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում։ Հավատով նա պանդուխտ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ՝ վրաններում բնակվելով Իսահակի և Հակոբի հետ, որոնք նույն խոստման ժառանգակիցներն էին։ Որովհետև սպասում էր հիմքերով հաստատված այն քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչն Աստված է։

Հավատով Սառան, որ ամուլ էր, սերմն ընդունելու զորություն ստացավ և առաջացած տարիքում որդի ծնեց, որովհետև խոստացողին հավատարիմ համարեց։ Դրա համար էլ այն մեկից, այն էլ զառամյալից բազմությամբ էին ծնվում, ինչպես երկնքի աստղերը և ինչպես անհամար ավազը ծովափին։

Սրանք բոլորը հավատի մեջ մեռան՝ առանց խոստումներն ստանալու։ Բայց հեռվից տեսնում էին դրանք, ողջունում ու խոստովանում էին, որ երկրի վրա օտարներ ու պանդուխտներ են։ Որովհետև այդպիսի բաներ խոսողները հայտնում են, որ մի հայրենիք են որոնում։ Եվ եթե հիշում էին այն երկիրը, որտեղից դուրս ելան, ուրեմն հետ դառնալու ժամանակ ունեին։ Բայց այժմ ավելի լավ վայրի են տենչում, այսինքն՝ երկնավոր վայրի, և դրա համար Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվելու, որովհետև նրանց համար քաղաք է պատրաստել։

Հավատով Աբրահամն Իսահակին զոհ մատուցեց, երբ փորձվեց. նա, որ խոստումն ընդունել էր, իր միակ որդուն զոհ մատուցեց։ Որովհետև նրան ասվել էր. «Իսահակով քեզ պիտի սերունդ տրվի»։ Աբրահամը մտածեց, որ Աստված կարող է Իսահակին մեռելներից էլ հարություն տալ, ուստի նա հետ ստացավ իր որդուն։

Հավատով Իսահակը օրհնեց Հակոբին ու Եսավին գալիք բաների համար։ Հավատով Հակոբը մեռնելիս Հովսեփի որդիներից ամեն մեկին օրհնեց և իր գավազանի ծայրին հենվելով՝ երկրպագեց Աստծուն։ Հավատով Հովսեփը վախճանվելիս Իսրայելի որդիների ելքի մասին հիշեց և իր ոսկորների վերաբերյալ պատվեր տվեց։

Հավատով էր, որ երբ Մովսեսը ծնվեց, երեք ամիս թաքցվեց իր ծնողների կողմից, որովհետև տեսան, որ մանուկը գեղեցիկ է, ու թագավորի հրամանից չվախեցան։ Հավատով էր, որ երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց փարավոնի դստեր որդի կոչվելուց։ Նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ. Քրիստոսի նախատինքը Եգիպտոսի առատ գանձերից ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև վարձի հատուցում էր ակնկալում։ Հավատով նա թողեց Եգիպտոսը՝ թագավորի բարկությունից չվախենալով, որովհետև համբերեց, իբրև թե տեսնում էր Անտեսանելիին։ Հավատով կատարեց զատիկը և արյան սրսկումը, որպեսզի անդրանիկներին կործանողը նրանց չմոտենա։

Հավատով անցան Կարմիր ծովը, ինչպես ցամաքով, մինչ եգիպտացիներն այդ փորձելով խեղդվեցին։ Հավատով Երիքովի պարիսպները վայր ընկան, երբ յոթ օր նրա շուրջը պտտվեցին։ Հավատով Ռախաբ պոռնիկը չկորավ անհավատների հետ, որ խաղաղությամբ էր լրտեսներին ընդունել։

Եվ էլ ի՞նչ ասեմ. ժամանակս բավական չէ, որպեսզի պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամփսոնի, Հեփթայեի, Դավթի, Սամուելի և մյուս մարգարեների մասին, որոնք հավատով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, հասան խոստումների, առյուծների երախներ փակեցին, կրակի զորությունը հանգցրին, սրի բերանից ազատվեցին, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակներ փախուստի մատնեցին, կանայք իրենց մեռելներին հարության միջոցով վերստացան, ուրիշներն էլ, ազատությունը չընդունելով, խիստ չարչարվեցին, որպեսզի լավագույն հարության հասնեն. մյուսներն էլ ենթարկվեցին նախատինքների ու գանահարությունների, կապանքների ու բանտի, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձանքի մեջ ընկան, սրով սպանվելով մեռան, շրջեցին ոչխարի ու այծի մորթիներով ծածկված. ապրեցին կարիքի, նեղության, չարչարանքների մեջ։ Աշխարհը նրանց արժանի չէր. մոլորվեցին անապատներում, լեռներում, քարայրներում և երկրի խորշերում։

Եվ սրանք բոլորը հավատով վկայություն ստացան, բայց խոստումը չստացան։ Աստված մեզ համար ավելի լավ բաներ էր նախատեսել, որպեսզի դրանք առանց մեզ չկատարվեն։

Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզ, նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց։ Ուրեմն նրա՛ մասին մտածեք, ով մեղավորների կողմից իր դեմ այսպիսի հակառակություն կրեց, որպեսզի դուք չհոգնեք և չհուսահատվեք։

Դուք դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել՝ մեղքին հակառակ կանգնելու, և մոռացել եք այն խրատը, որով ձեզ հետ խոսում է իբրև որդիների. «Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և ո՛չ էլ նրանից հանդիմանվելու ժամանակ վհատվիր.

որովհետև Տերն ում սիրում է, խրատում է. պատժում է ամեն զավակի, որին ընդունում է»։

Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիների կվարվի։ Ո՞ր որդու հայրը չի խրատում։ Բայց եթե առանց խրատի մնաք, որին բոլորն են մասնակից, ուրեմն խորթ եք և ոչ հարազատ որդիներ։ Մենք ևս, մեր մարմնավոր հայրերին խրատող ունենալով, նրանցից ամաչում էինք. որչա՜փ առավել պետք է հոգիների Հորը հնազանդվենք, որ ապրենք։ Որովհետև սրանք մի որոշ ժամանակ ըստ իրենց կամքի էին խրատում, բայց նա՝ մեր օգուտի համար, որպեսզի նրա սրբությանը հաղորդակից լինենք։ Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։

Դրա համար ուղղե՛ք թուլացած ձեռքերն ու տկարացած ծնկները և ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհնե՛ր շինեք, որպեսզի կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։

Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Զգո՛ւյշ եղեք՝ որևէ մեկն Աստծու շնորհից չզրկվի. դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա, և դրանով շատերը չպղծվե. որպեսզի ոչ մեկը պոռնիկ ու պիղծ չլինի, ինչպես Եսավը, որ մի աման կերակուրի դիմաց իր անդրանիկությունը վաճառեց։ Որովհետև գիտեք, որ թեև հետո կամեցավ օրհնությունը ժառանգել, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, թեպետ արտասուքով այն փնտրեց։

Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատված էր մեգով, խավարով ու մրրիկով, ուր փողն էր հնչում ու խոսքերի ձայնը, որը լսողները հրաժարվեցին, որպեսզի խոսքը չշարունակվի իրենց համար, քանի որ չէին դիմանում այն հրամանին. «Թեկուզև գազան մոտենա լեռանը, կքարկոծվի»։ Եվ տեսիլքն այնպես ահավոր էր, որ Մովսեսն ասում էր. «Զարհուրում եմ և դողում»։ Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին ու տոնախմբող բյուրավոր հրեշտակներին, երկնքում գրված անդրանիկների հանդեսին, բոլորի դատավոր Աստծուն ու արդարների կատարելության հասած հոգիներին, նոր ուխտի միջնորդ Հիսուսին ու նրա արյան սրսկմանը, որ ավելի խոսուն է, քան Աբելի արյունը։

Զգո՛ւյշ եղեք, որ չմերժեք նրան, ով խոսում էր, որովհետև եթե նրանք, այս երկրի վրա պատգամ տվողին մերժելով, չկարողացան պատժից ազատվել, ապա որքա՜ն ավելի մենք, եթե երկնքից խոսողին մերժենք, որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց, հիմա էլ խոստում է տալիս՝ ասելով. «Մեկ անգամ ևս կշարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը»։ Բայց «մեկ անգամ ևս»-ը ցույց է տալիս, որ շարժված բաներն իբրև արդեն կատարվածներ պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան։ Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ ամուր պահենք այն շնորհը, որով հաճույքով պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ, որովհետև մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։

Եղբայրասիրությունը թող հաստա՛տ մնա ձեր մեջ։ Օտարասիրությունը մի՛ մոռացեք. դրա շնորհիվ ոմանք առանց գիտենալու հրեշտակներ հյուրընկալեցին։ Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք էլ նրանց հետ կապվածներ լինեք, և չարչարվողներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։ Ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Շնացողներին ու պոռնիկներին Աստված պիտի դատի։ Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։ Այնպես որ համարձակվում ենք ասել. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել»։

Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծու խոսքը խոսեցին ձեզ. նայե՛ք նրանց կյանքի վախճանին և հետևե՛ք նրանց հավատի օրինակին։ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Տեսակ-տեսակ և օտար ուսմունքներով մի՛ տատանվեք, որովհետև լավ է, որ սիրտը շնորհով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնցից ոչ մի օգուտ չունեցան նրանք, ովքեր այդպես ընթացան։ Մենք ունենք սեղան, որից խորանին ծառայողներն ուտելու իրավունք չունեն։ Որովհետև այն անասունները, որոնց արյունը քահանայապետի ձեռքով սրբարանի մեջ է բերվում մեղքի քավության համար, դրանց մարմինները այրվում են բանակատեղիից դուրս։ Դրա համար Հիսուսն էլ, որպեսզի իր իսկ արյամբ ժողովրդին մաքրի, դռնից դուրս չարչարվեց։ Ուրեմն եկեք բանակատեղիից գնանք նրա մոտ ու նրա կրած նախատինքը մեզ վրա վերցնենք. որովհետև այստեղ մնայուն քաղաք չունենք, այլ հանդերձյալն ենք որոնում։ Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը։ Մի՛ մոռացեք բարեգործություն անել և կարոտյալներին ձեր ունեցածից բաժին հանել. այդպիսի զոհերը հաճելի են Աստծուն։

Ձեր առաջնորդներին անսացե՛ք ու հնազանդվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիները, որպես թե հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք թող դա ուրախությամբ անեն և ոչ թե հառաչելով, քանի որ դա ձեզ օգուտ չէ։

Մեզ համար աղոթե՛ք, որովհետև համոզված ենք, որ բարի խիղճ ունենք՝ ցանկանալով ամեն բանում բարի ընթացք վարել։ Առավել ևս աղաչում եմ, որ դա անեք, որպեսզի ավելի շուտ ձեզ այցելեմ։

Եվ խաղաղության Աստվածը, որ հավիտենական ուխտի արյունով մեռելներից հարություն տվեց ոչխարների մեծ Հովվին՝ մեր Տեր Հիսուսին, թող ձեզ ամեն բարի գործի մեջ հաստատ պահի՝ իր կամքը կատարելու, և ձեր մեջ թող կատարի, ինչ որ հաճելի է իր առաջ, Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Խնդրում եմ ձեզ, եղբայրնե՛ր, հորդորի այս խոսքը համբերությա՛մբ տարեք, մանավանդ որ քիչ գրեցի ձեզ։ Իմացե՛ք, որ մեր եղբայր Տիմոթեոսը բանտից ազատվել է. եթե նա շուտով գա, նրա հետ միասին պիտի տեսնեմ ձեզ։ Ողջունե՛ք ձեր բոլոր առաջնորդներին ու բոլոր սրբերին։ Ձեզ ողջունում են նրանք, ովքեր Իտալիայի կողմերից են։ Շնորհը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն։