ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, Եփեսոսում գտնվող սրբերին և Քրիստոս Հիսուսին հավատացողներին. Աստծուց՝ մեր Հորից, ու Տեր Հիսուս Քրիստոսից շնորհ և խաղաղություն ձեզ։

Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր օրհնությամբ, ինչպես որ մեզ նրա միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։ Մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք՝ ըստ իր կամքի հաճության, որպեսզի գովերգվի նրա շնորհի փառքը, որ մեզ շնորհվեց իր Սիրելիի միջոցով։ Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության, որ ավելացավ մեր մեջ ամեն իմաստությամբ ու գիտությամբ։ Իր բարեհաճության համաձայն մեզ ճանաչեցրեց իր կամքի խորհուրդը, որ նախապես նրանով սահմանել էր. որպեսզի ժամանակներն իրենց լրումին հասնեն, որ ամեն բան Քրիստոսի մեջ բովանդակվի, ինչ որ երկնքում է և ինչ որ երկրի վրա։ Նրանով մենք էլ ժառանգություն ստացանք՝ հետևելով նրա նախասահմանած ծրագրին, որ ամեն բան հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն, որպեսզի իր փառքի գովքը լինենք մենք, որ Քրիստոսին առաջինը հուսացողներն ենք։ Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք, որը մեր ժառանգության գրավականն է մինչև ժողովրդի փրկությունը, որպեսզի նրա փառքը գովերգենք։

Դրա համար ես էլ, լսելով Տեր Հիսուսի հանդեպ ձեր ունեցած հավատի և բոլոր սրբերի հանդեպ սիրո մասին, ձեզ համար գոհություն հայտնելուց չեմ դադարում՝ ձեզ իմ աղոթքներում հիշելով, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառքի Հայրը, իրեն ճանաչելու համար տա ձեզ իմաստության և հայտնության հոգի, որ ձեր սրտի աչքերը լուսավորի, և ճանաչեք, թե ի՛նչ է նրա կոչման հույսը, ինչքա՛ն է սրբերի մեջ նրա փառավոր ժառանգության առատությունը, և որքա՛ն գերազանց ու մեծ է նրա զորությունը, որով նա զորացնում է մեզ՝ հավատացյալներիս՝ համաձայն իր զորավոր ուժի ներգործության։ Նա այն Քրիստոսով գործադրեց՝ նրան մեռելներից հարություն տալով, և նրան նստեցրեց իր աջ կողմում՝ երկնքում, ամեն իշխանությունից և պետությունից, զորությունից և տերությունից առավել վերև, ամեն անունից էլ վեր, որ անվանվում է ոչ միայն այս աշխարհում, այլև հանդերձյալում։ Եվ ամեն բան նրա ոտքերի տակ հնազանդեցրեց, նրան եկեղեցու գլուխ դրեց՝ ամեն ինչից վեր, որ է նրա մարմինը, այն լրումը, որ ամեն ինչ լցնում է ամեն ինչում։

Եվ դուք, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի պատճառով, որոնց մեջ մի ժամանակ ընթանում էիք այս աշխարհի սովորության համաձայն՝ ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնական ցանկություններով՝ մարմնի ու մտքի կամքը կատարելով, և էությամբ բարկության արժանի որդիներ էինք մյուսների պես։ Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց, մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց։ Դուք շնորհով եք փրկված։ Նրա հետ մեզ հարություն տվեց և նրա հետ նստեցրեց երկնքում՝ Քրիստոս Հիսուսով, որպեսզի գալիք դարերում հավիտյան ցույց տա իր շնորհի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած քաղցրությամբ։ Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա։ Քանզի նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք։

Ուստի հիշե՛ք, որ դուք մի ժամանակ մարմնով հեթանոսներ էիք (որ անթլփատություն է կոչվում մարմնի վրա ձեռքով կատարված թլփատությամբ), որովհետև այն ժամանակ առանց Քրիստոսի էիք, Իսրայելի ժողովրդից անջատված ու խոստումով տրված ուխտերից օտարացած, հույս չունեիք և աշխարհում անաստված էիք։ Բայց հիմա Հիսուս Քրիստոսի միջոցով դուք, որ մի ժամանակ հեռու էիք, Քրիստոսի արյամբ մերձավոր դարձաք։

Նա՛ է մեր խաղաղությունը, որ երկուսին մեկ դարձրեց ու միջնորմ պատը՝ թշնամությունը, վերացրեց իր մարմնով՝ հրահանգների և պատվիրանների օրենքը ջնջելով, որպեսզի իրենով երկու ժողովուրդներից մեկ նոր մարդ ստեղծի և խաղաղություն հաստատի և իր խաչով երկուսին մեկ մարմնով Աստծու հետ հաշտեցնի՝ նրանով թշնամությունն սպանելով։ Եկավ, խաղաղություն ավետարանեց և՛ ձեզ, որ հեռու էիք նրանից, և՛ ձեզ, որ մոտ էիք նրան, որովհետև նրանով երկուսս մեկ Հոգով Հորը մոտենալու արտոնություն ունենք։ Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ՝ առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է. նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որպեսզի Տիրոջով սուրբ տաճար դառնա, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծու բնակարան Հոգու միջոցով։

Դրա համար ես՝ Պողոսս, Հիսուս Քրիստոսի բանտարկյալն եմ ձեզ՝ հեթանոսներիդ համար. դուք անշուշտ լսել եք, որ Աստծու ծրագիրն իրականացնելու համար շնորհ է տրվել ինձ, որը ձեր օգուտի համար է։ Այն խորհուրդն ինձ հայտնությամբ ցույց տրվեց, ինչպես նախապես համառոտ գրեցի ձեզ, որպեսզի կարողանայիք կարդալ և հասկանալ իմ ըմբռնումը Քրիստոսի խորհրդի մասին։ Աստված այն մարդկության նախորդ սերունդներին ցույց չի տվել, ինչպես որ հիմա Հոգով իր սուրբ առաքյալներին ու մարգարեներին է հայտնել, որ հեթանոսները ժառանգակիցներ են ու Քրիստոսի նույն մարմնի անդամները և մասնակից են Հիսուս Քրիստոսով խոստմանը Ավետարանի միջոցով, որին ես սպասավոր եղա Աստծու շնորհի պարգևով, որ նրա զորության ներգործությամբ տրվեց ինձ։ Այս շնորհը տրվեց ինձ՝ բոլոր սրբերից հետինիս, որպեսզի Քրիստոսի անքննելի հարստությունը հեթանոսների մեջ ավետարանեմ և բոլորին լուսավորեմ, թե ի՛նչ է այն խորհրդի տնտեսությունը, որ դարեր շարունակ ծածկված էր Աստծու՝ տիեզերքի արարչի մեջ, որպեսզի այժմ եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին և պետություններին հայտնվի Աստծու բազմատեսակ իմաստությունը՝ համաձայն այն հավիտենական ծրագրի, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով իրագործեց։ Նրան հավատալով՝ համարձակություն ունենք վստահաբար Աստծուն մոտենալու։ Արդ աղաչում եմ, որ չվհատվեք ձեզ համար կրած իմ նեղությունների պատճառով, որոնք ձեր փառքն են։

Դրա համար ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, որից երկնքում ու այս երկրի վրա եղող ամեն ծնունդ անուն է ստանում, որպեսզի ըստ իր հարուստ փառքի զորություն տա ձեզ՝ իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու, որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք, որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ի՛նչ են լայնությունը և երկարությունը, բարձրությունը և խորությունը, ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն, որպեսզի Աստծու ամբողջական լիությամբ լցվեք։

Բայց նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում, փառք նրան եկեղեցու մեջ, որ Քրիստոս Հիսուսով է, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, որ այնպես ընթանաք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ կանչվել եք. ամենայն խոնարհությամբ, հեզությամբ և համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով, ջանալով Հոգու միությունը խաղաղության կապով պահել։ Մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին կանչված եք։ Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն։ Մեկ Աստված ու բոլորի Հայր, որ բոլորի վրա է, բոլորի հետ ու բոլորի մեջ է։

Բայց մեզ՝ յուրաքանչյուրիս, Քրիստոսի պարգևի չափով շնորհ է տրված։ Դրա համար ասում է. «Ելավ բարձունքները, գերիներ տարավ և մարդկանց պարգևներ տվեց»։

Ի՞նչ է նշանակում «ելավ», եթե ոչ՝ որ նախ երկրի ստորին կողմերն իջավ։ Այն իջնողը նույն ինքն է, որ բոլոր երկինքներից ավելի վեր ելավ, որպեսզի ամեն ինչ լցնի։ Եվ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝ կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։ Որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց և մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճենք դեպի նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը, որից ամբողջ մարմինը՝ միասնական ու ներդաշնակ, բոլոր հոդերի օգնությամբ, յուրաքանչյուր անդամի ներգործության չափով, աճում է՝ ինքն իրեն սիրո մեջ հաստատելու համար։

Արդ Տիրոջով սա եմ ասում ու վկայում, որ դուք այլևս չընթանաք, ինչպես հեթանոսները՝ իրենց մտքի ունայնությամբ. նրանք խավար մտքով են ու Աստծու կյանքից օտարացած՝ այն տգիտության պատճառով, որ նրանց մեջ է իրենց սրտերի կուրության պատճառով. որ անզգայացած՝ ագահորեն իրենց անձն անառակության մատնեցին պղծության բոլոր գործերի մեջ։ Բայց դուք Քրիստոսի կողմից այդպես չուսուցանվեցիք, որովհետև դուք լսեցիք նրա մասին ու նրանով սովորեցիք այն ճշմարտությունը, որ Հիսուսի մեջ է. հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, և ձեր մտքով ու հոգով նորոգվե՛ք ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է։

Արդ սուտը դեն նետելով՝ թող յուրաքանչյուր ոք ճշմարտությո՛ւնը խոսի իր ընկերոջ հետ, քանի որ միմյանց անդամներ ենք։ Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք. թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի։ Եվ սատանային առիթ մի՛ տվեք։ Նա, ով գողանում էր, թող այլևս չգողանա, ավելին՝ թող աշխատի՝ իր ձեռքերով բարիք գործելով, որպեսզի կարիքավորին տալու բան ունենա։ Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին։ Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։

Արդ Աստծուն նմանվե՛ք որպես սիրելի որդիներ։ Եվ սիրո՛վ վարվեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց ու իրեն մեզ համար ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։ Պոռնկության, ամեն պղծության կամ ագահության անունն անգամ թող չտրվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին, ինչպես նաև գռեհիկ կամ հիմար խոսքերը, կամ խեղկատակությունը, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն։ Որովհետև մի բան իմացե՛ք, որ ոչ մի պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, որ կռապաշտ է, Քրիստոսի և Աստծու արքայության մեջ ժառանգություն չունի։

Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս պատճառով է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ զավակների վրա։ Ուրեմն դրանց հաղորդակից մի՛ եղեք։ Քանի որ թեպետ մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք Տիրոջով, լույսի որդիների պե՛ս ընթացեք, որովհետև Հոգու պտուղը ամեն բարության, արդարության և ճշմարտության մեջ է։ Փորձե՛ք այն, ինչ Տիրոջը հաճելի է։ Եվ խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, ավելին՝ քննե՛ք դրանք, որովհետև նրանց մեջ ծածուկ կատարվածների մասին խոսելն անգամ ամոթ է։ Բայց քննության ենթարկված ամեն ծածուկ բան հայտնի է դառնում, քանի որ ամեն բան, որ հայտնի է, լույս է։ Դրա համար էլ ասում է. «Արթնացի՛ր, ո՛վ քնած, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը քեզ կլուսավորի»։

Արդ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր վարքին. վարվե՛ք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների. ճի՛շտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ Դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե որն է Տիրոջ կամքը։ Գինով մի՛ հարբեք, որ անառակության է տանում, այլ Հոգո՛վ լցվեք։ Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։ Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը։

Քրիստոսի երկյուղով միմյանց հնազա՛նդ եղեք։ Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազանդվե՛ք, ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցու գլուխն է, և ինքն է մարմնի Փրկիչը։ Եվ ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց ամուսիններին ամեն ինչում թող հնազանդ լինեն։ Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց, որպեսզի նրան սրբացնի՝ մաքրելով ջրի ավազանով՝ խոսքով, որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի։ Ամուսիններն իրենց կանանց այնպես պետք է սիրեն, ինչպես իրենց մարմինները. ով իր կնոջը սիրում է, ինքն իրեն է սիրում։ Որովհետև ոչ ոք իր անձը երբեք չի ատել, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոսը՝ եկեղեցուն, որովհետև նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից ու ոսկորներից։ Դրա համար ամուսինն իր հորն ու մորը պետք է թողնի և իր կնոջը հետևի, ու երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի և եկեղեցու մասին եմ ասում։ Սակայն դուք էլ, ձեզնից յուրաքանչյուրը թող իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինն էլ ակնածի իր ամուսնուց։

Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ սա է ճիշտը։ «Պատվի՛ր քո հորն ու մորը,- սա է առաջին պատվիրանը, որն ուղեկցվում է փոխհատուցման խոստումով,- որպեսզի բարիք գտնես ու երկրի վրա երկար ապրես»։ Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթությա՛մբ մեծացրեք։

Ծառանե՛ր, ձեր մարմնավոր տերերին հնազա՛նդ եղեք վախով ու դողալով, ձեր սրտի անկեղծությամբ, ինչպես Քրիստոսին։ Ոչ թե մարդկանց աչքի առաջ հաճելի եղողների պես ծառայելով, այլ ինչպես Քրիստոսի ծառաներ, որ սրտանց Աստծու կամքն են կատարում՝ հոժարությամբ ծառայելով Տիրոջը և ոչ թե մարդկանց, իմացե՛ք, որ ամեն մեկը՝ ծառա թե ազատ, ինչ բարիք որ անի, նույնը Տիրոջից կստանա։ Եվ դուք, տերե՛ր, նո՛ւյնն արեք նրանց՝ սպառնալիքը թողնելով։ Իմացե՛ք, որ թե՛ նրանք, թե՛ դուք երկնքում Տեր ունեք, և նրա առաջ կողմնակալություն չկա։

Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։ Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։ Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած և ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանը քարոզելու համար։ Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է։

Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար, ինձ համար էլ, որպեսզի իմ բերանը բաց անելիս ինձ խոսք տրվի, որ Ավետարանի խորհուրդը համարձակ հայտնեմ, որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն համարձակությամբ խոսեմ, ինչպես որ պարտավոր եմ։

Բայց որպեսզի դուք էլ գիտենաք իմ մասին, թե ի՛նչ եմ անում, ձեզ ամեն ինչ կտեղեկացնի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը և Տիրոջով հավատարիմ սպասավորը, որին ձեզ մոտ հենց դրա համար ուղարկեցի, որ մեր մասին տեղեկանաք, ու նա ձեր սրտերը մխիթարի։

Խաղաղությո՜ւն եղբայրներին և սեր՝ հավատով՝ Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։ Շնո՜րհ բոլոր նրանց, ովքեր մեր Տեր Հիսուս Քրիստոսին սիրում են անկեղծորեն։ Ամեն։