ԺՈՂՈՎՈՂ
Երուսաղեմում թագավոր Դավթի որդի Ժողովողի խոսքերը.
Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայնություն է։
Մարդն ի՞նչ օգուտ ունի իր ամբողջ տքնանքից, որ կրում է արևի տակ։
Մի սերունդ գնում է, և մի սերունդ գալիս է, բայց երկիրը հավիտյան կմնա։
Եվ արևը ծագում է և արևը մայր է մտնում և շտապում դեպի ծագելու իր տեղը։
Քամին գնում է հարավ և դառնում դեպի հյուսիս, պտտաձև շրջվում է և իր շրջանակներին է վերադառնում։
Բոլոր գետերը ծով են գնում, բայց ծովը չի լցվում. ուր որ գնում են գետերը, կրկին այնտեղ են վերադառնում։
Ամեն ինչ հոգնեցնում է, մարդ չի կարողանում խոսել։ Աչքը տեսնելուց չի կշտանում, և ականջը լսելով չի լցվում։
Ինչ որ եղել էր, այն էլ կլինի, և ինչ որ կատարված էր, այն էլ կկատարվի, և արևի տակ նոր բան չկա։
Կա՞ արդյոք մի այնպիսի բան, որի համար ասվի, թե սա նոր է. դա արդեն եղել է մեզնից առաջվա դարերում։
Նախկինների հիշատակը չկա. հետինների մասին էլ, որ գալու են, հիշատակ չի լինելու նրանց մեջ, որ հետո են գալու։
Ես՝ Ժողովողս, Երուսաղեմում Իսրայելի վրա թագավոր էի։
Եվ իմ միտքը տվեցի, որպեսզի փնտրեմ և իմաստությամբ քննեմ այն ամենը, ինչ որ լինում է երկնքի տակ. սա մի տխուր զբաղմունք է, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որպեսզի զբաղվեն դրանով։
Ես տեսա այն բոլոր գործերը, որ գործվել են արեգակի տակ, և բոլորն ահա ունայնություն էին, քամուն հետապնդում։
Ծուռը չի կարող ուղղվել, և պակասողը չի կարող հաշվվել։
Սրտումս ասացի. «Ահա ես մեծացել եմ և առավել իմաստություն եմ ստացել, քան Երուսաղեմում ինձնից առաջ բոլոր եղածները, և իմ սիրտը շատ իմաստություն և գիտություն է տեսել»։
Ես իմ միտքը տվեցի իմաստությունը հասկանալու և խենթությունն ու անխելքությունը հասկանալու. հասկացա, որ սա էլ է քամու աշխատանք եղել։
Որովհետև շատ իմաստության մեջ շատ վիշտ կա, և գիտություն ավելացնողը տրտմությունն էլ է ավելացնում։
Սրտումս ասացի. «Արի քեզ ուրախության միջոցով փորձեմ, բարի՛ք վայելիր»։ Բայց ահա սա էլ էր ունայն։
Ծիծաղի մասին ասացի. «Խենթ է», իսկ ուրախության մասին՝ «Ի՞նչ է արածը»։
Մտքումս մտածեցի, որ մարմինս գինով զվարթացնեմ և սիրտս իմաստությամբ առաջնորդելով՝ հիմարությունն ըմբռնեմ, մինչև որ տեսնեմ, թե մարդկանց որդիների համար ի՛նչն է բարին, որ անեն երկնքի տակ իրենց կյանքի սակավաթիվ օրերին։
Ես մեծ գործեր կատարեցի. ինձ համար տներ կառուցեցի, ինձ համար այգիներ տնկեցի։
Պարտեզներ և մրգաստաններ պատրաստեցի և նրանց մեջ ամեն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի։
Ինձ համար ջրավազաններ սարքեցի, որպեսզի նրանցից ոռոգվի աճող անտառը։
Ստրուկներ և աղախիններ գնեցի, նաև իմ տանը ծնված ծառաներ ունեցա, շատ արջառներ և հոտեր ունեցա, ինձանից առաջ Երուսաղեմում եղածների մեջ ամենից ավելի։
Ինձ համար արծաթ և ոսկի, թագավորների և գավառների գանձեր կուտակեցի, ինձ համար երգիչներ ու երգչուհիներ ձեռք բերեցի և մարդկանց որդիների զվարճությունները՝ բազմաթիվ հարճեր։
Մեծ եղա և գերազանցեցի ինձանից առաջ Երուսաղեմում եղած բոլորին. ահա իմաստությունս ինձ մոտ էր մնում։
Եվ ամեն բան, աչքերիս բոլոր ցանկությունները, չարգելեցի նրանց, սիրտս չզրկեցի ոչ մի ուրախությունից, և սիրտս ուրախացավ իմ բոլոր աշխատանքներով։ Սա էր իմ վարձատրությունն իմ ամբողջ աշխատանքից։
Եվ ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին և դրանք կատարելիս՝ իմ տքնությանը։ Եվ ահա ամբողջն ունայն էր և քամու աշխատանք, և արեգակի տակ ոչ մի օգուտ չկար։
Ապա դարձա իմաստությունը տեսնելու, նաև խենթությունն ու անխելքությունը։ Որովհետև ի՞նչ է անելու այն մարդը, որ թագավորից հետո է գալու. ինչ որ արդեն արվել է։
Եվ ես տեսա, որ իմաստությունն ավելի օգտակար է անխելքությունից. ինչպես որ լույսն է ավելի օգտակար խավարից։
Իմաստունի աչքերն իր գլխին են, իսկ անմիտը խավարի մեջ է քայլում։ Բայց ես հասկացա, որ նրանց բոլորի վախճանը մեկն է։
Եվ ես իմ սրտում ասացի. «Ինչպես որ անմիտին է պատահում, ինձ էլ է պատահելու. ուրեմն ես ինչո՞ւ հույժ իմաստուն եղա»։ Եվ իմ սրտում ասացի. «Սա էլ է ունայն»։
Որովհետև իմաստունի հիշատակը մշտակա չէ, ոչ էլ անմիտինը. գալիք օրերում բոլորն արդեն կմոռացվեն, և օ՜, ինչպե՞ս է մեռնում իմաստունը. անմիտի նման։
Ու ես ատեցի կյանքը, որովհետև ինձ համար չար էին արևի տակ եղած գործերը, որովհետև ամեն ինչ ունայն է և քամուն հետապնդում։
Եվ ես ատեցի արեգակի տակ արած ամբողջ աշխատանքս, որ թողնելու եմ ինձանից հետո եկող մարդու համար։
Եվ ո՞վ գիտի՝ ինքն իմաստո՞ւն կլինի, թե՞ անխելք, սակայն նա տիրելու է ամբողջ աշխատանքին, որ կատարեցի և որի մեջ իմաստություն ցույց տվեցի արեգակի տակ. սա էլ է ունայնություն։
Եվ ես ետ դարձա, որպեսզի սրտիս հույսը կտրեմ արեգակի տակ արած ամբողջ աշխատանքիցս։
Որովհետև մարդ կա, որի աշխատանքն իմաստությամբ, գիտությամբ և հաջողությամբ է եղել, բայց այն իբրև բաժին տալու է դրա մեջ չաշխատած մարդուն։ Սա էլ է ունայնություն և մի մեծ չարիք։
Որովհետև ի՞նչ է մնում մարդուն իր ամբողջ տաժանքից և իր մտատանջությունից, որ նա կատարեց արեգակի տակ։
Որովհետև նրա բոլոր օրերը ցավալի են, և նրա գործերը՝ տաղտկալի, նրա միտքը գիշերն իսկ հանգիստ չէ. սա էլ է ունայնություն։
Սրանից ավելի լավ բան չկա մարդու համար. որ ուտի և խմի ու իր աշխատանքով զվարթացնի իր սիրտը, բայց ես սա էլ տեսա, որ այդ բանն էլ Աստծու ձեռքով է լինում։
Որովհետև առանց նրա ո՞վ կարող է ուտել և ո՞վ կարող է զվարճանալ։
Որովհետև այն մարդուն, որ հաճելի է Աստծու առաջ, նա իմաստություն, գիտություն և ուրախություն է տալիս, իսկ մեղավորին զբաղմունք է տալիս, որ նա հավաքի և կուտակի ու տա Աստծու առաջ հաճելի եղողին։ Սա էլ է ունայն և քամուն հետապնդում։
Ամեն բանի ժամանակ կա և ժամանակ՝ երկնքի տակ բոլոր գործերին։
Ծնվելու ժամանակ և մեռնելու ժամանակ. տնկելու ժամանակ և տնկածն արմատախիլ անելու ժամանակ։
Սպանելու ժամանակ և բժշկելու ժամանակ. քանդելու ժամանակ և կառուցելու ժամանակ։
Լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ. սգալու ժամանակ և պարելու ժամանակ։
Քարեր շպրտելու ժամանակ և քարեր հավաքելու ժամանակ. ողջագուրվելու ժամանակ և ողջագուրանքից հեռու մնալու ժամանակ։
Փնտրելու ժամանակ և կորցնելու ժամանակ. պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ։
Պատռելու ժամանակ և կարելու ժամանակ. լռելու ժամանակ և խոսելու ժամանակ։
Սիրելու ժամանակ և ատելու ժամանակ. պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ։
Իր արած աշխատանքից ի՞նչ օգուտ ունի աշխատողը։
Տեսա այն զբաղմունքը, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որպեսզի նրանով զբաղվեն։
Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին, նաև հավիտենականությունն է դրել մարդկանց սրտում, սակայն մարդը չի կարող սկզբից մինչև վերջը հասկանալ Աստծու արած գործերը։
Գիտեմ, որ մարդկանց համար ուրախ լինելուց և կյանքի ընթացքում բարիք անելուց ավելի լավ բան չկա։
Նաև որ Աստծու պարգևն է, որ ամեն մարդ ուտում-խմում է և վայելում իր ամբողջ աշխատանքը։
Գիտեմ, որ այն ամենը, ինչ որ անում է Աստված, հավիտյան կմնա. հնարավոր չէ նրա վրա ավելացնել կամ նրանից պակասեցնել. Աստված այդ արել է, որ վախենան իրենից։
Ինչ որ կա, արդեն կար, և ինչ որ լինելու է, արդեն եղել է. Աստված անցածն է փնտրում։ Անարդարություն աշխարհում
Արեգակի տակ նաև տեսա, որ իրավունքի նստավայրում անիրավություն կար, արդարության նստավայրում՝ անիրավություն։
Ես իմ սրտում ասացի. «Արդարին և անիրավին Աստված դատելու է, որովհետև ամեն ինչի համար ժամանակ կա և ամեն արարքի»։
Ես իմ սրտում ասացի մարդկանց որդիների մասին, որ Աստված փորձում է նրանց, որ տեսնեն, թե իրենք անասուններ են։
Արդարև, մարդկանց որդիների վախճանը և անասունների վախճանը նույնն է։ Ինչպես մեռնում է սա, նույնպես և նա է մեռնում։ Եվ բոլորի շունչը միևնույնն է, և մարդն անասունից ոչ մի առավելություն չունի, որովհետև ամեն բան էլ ունայն է։
Բոլորը նույն տեղն են գնում. ամեն բան հողից է եղել և ամենը հող է դառնալու։
Ո՞վ գիտի, թե մարդկանց որդիների հոգին վեր է գնում, իսկ անասունի հոգին ներքև է գնում՝ գետին։
Ու տեսա, որ ավելի լավ բան չկա, քան որ մարդ ուրախանա իր գործերով, որովհետև նրա բաժինը դա է. քանզի նրան ո՞վ պիտի տանի, որ տեսնի, թե ինչ է լինելու իրենից հետո։
Եվ ես շրջվեցի ու տեսա արևի տակ կատարվող բոլոր կեղեքումները. ահա կեղեքվածների արտասուք կար, բայց մխիթարիչ չունեին. նրանց կեղեքիչների ձեռքում՝ ուժ, բայց նրանք մխիթարիչ չունեին։
Եվ ես գովաբանեցի մեռածներին, որոնք արդեն մեռել էին, ավելի, քան այն ապրողներին, որոնք դեռևս ապրում են։
Բայց այդ երկուսից էլ լավագույնը նա է, ով դեռևս չի եղել, որ չի տեսել արեգակի տակ գործվող չարությունը։
Եվ ես տեսա, որ ամբողջ տքնանքն ու բոլոր ձեռքբերումները մարդու նախանձից են իր ընկերոջ նկատմամբ. սա էլ է ունայն և քամուն հետապնդում։
Անմիտը ծալում է իր ձեռքերը և իր միսն ուտում։
Ավելի լավ է մի բուռ հանգստությամբ լի, քան թե երկու բուռ՝ տքնանքով և քամուն հետապնդելով։
Ես շրջվեցի և ունայնություն տեսա արեգակի տակ։
Մեկը կա, որ մի հաջորդ չունի. ո՛չ որդի և ո՛չ եղբայր, բայց նրա ամբողջ աշխատանքը վերջ չունի, և նրա աչքը չի կշտանում հարստությամբ. «Ո՞ւմ համար եմ ես աշխատում և իմ անձը զրկում բարիքից»։ Ահա սա էլ է ունայնություն և չար զբաղմունք։
Երկուսը մեկից լավ է, որովհետև նրանք լավ վարձ ունեն իրենց տանջանքից։
Որովհետև եթե վայր ընկնեն, մեկն իր ընկերոջը կկանգնեցնի. բայց վա՜յ մեկին, որ ընկնում է, և չկա մի երկրորդը, որ կանգնեցնի նրան։
Նաև, երբ որ երկուսը միասին պառկեն, կտաքանան, իսկ մեկն ինչպե՞ս կտաքանա։
Եվ եթե մեկը նրան բռնանա, երկուսը նրա դեմ կկանգնեն. եռապատիկ թելը շուտ չի կտրվի։
Լավ է աղքատ և իմաստուն տղան, քան թե ծեր և անմիտ թագավորը, որն այլևս խրատվել չգիտի։
Որովհետև մեկը կալանավորների տնից է դուրս գալիս, որ թագավորի, իսկ մյուսը, թագավոր ծնված լինելով, աղքատանում է։
Արեգակի տակ ման եկող բոլոր ապրողներին ես տեսա այն տղայի հետ, որ պիտի կանգնի թագավորի տեղում։
Թիվ չկա այն ամբողջ ժողովրդին՝ այն բոլորին, որ նրանցից առաջ էին, սակայն նրանց հաջորդները նրանով չեն ուրախանալու։ Սա էլ է ունայն և քամուն հետապնդում։
Երբ որ Աստծու տունը գնաս, զգո՛ւյշ եղիր, թե ինչ ես անում, և մոտեցի՛ր ավելին լսելու համար, ոչ թե անմիտների պես զոհը մատուցիր, որովհետև նրանք չգիտեն, որ չարություն են անում։
Բերանովդ մի՛ շտապիր, և սիրտդ Աստծու առաջ թող չշտապի խոսելու, որովհետև Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա. սրա համար էլ թող խոսքերդ քիչ լինեն։
Ինչպես որ երազը բազում մտազբաղությունից է գալիս, այնպես էլ անմիտի ձայնը՝ բազում բառերից։
Երբ Աստծուն ուխտ անես, այն կատարելը մի՛ ուշացրու, որովհետև նա անմիտների հանդեպ բարեհաճ չէ. ինչ որ ուխտում ես, կատարի՛ր։
Լավ է չուխտես, քան թե ուխտես և չկատարես։
Բերանիդ թույլ մի՛ տուր, որ մեղանչել տա մարմնիդ, և Աստծու պատգամաբերի առաջ մի՛ ասա. «Սխալվեցի»։ Ինչո՞ւ Աստված բարկանա քո խոսքի համար և քո ձեռքի գործերն ավերի։
Որովհետև երազների շատության մեջ ունայնություն և շատախոսություն կա, իսկ դու վախեցի՛ր Աստծուց։
Եթե մի գավառում տեսնես մի աղքատի հարստահարությունը և իրավունքի ու արդարության հափշտակվելը, մի՛ զարմացիր այդ բանի վրա, որովհետև բարձրին հսկում է մեկ ավելի բարձրը, և նրանց վրա՝ առավել բարձրերը։
Երկրի ամենամեծ հսկողը թագավորն է. նա է տնօրինում մշակված արտը։
Դրամ սիրողը դրամից չի կշտանա, և ոչ էլ հարստություն սիրողը՝ շահույթից։ Սա էլ է ունայնություն։
Երբ շատանում են բարիքները, շատանում են այն ուտողները, ուրեմն նրանց տերերի համար ի՞նչ օգուտ կա, բացի իրենց աչքով տեսնելուց։
Աշխատողի քունը քաղցր է, քիչ ուտի, թե շատ. բայց հարուստի կուշտ փորը թույլ չի տալիս, որ հանգիստ քնի։
Տեսա, որ դառը չարիք կա արեգակի տակ. այն հարստությունը, որ դիզվում է ի վնաս իր տիրոջ։
Եվ եթե այդ հարստությունը մի չարաղետ զբաղմունքով կորչի, և նրան որդի ծնվի, նա ձեռքում ոչինչ չի ունենա։
Նա ինչպես որ ելավ իր մոր որովայնից, մերկ էլ ետ կդառնա. կգնա, ինչպես որ եկել էր, և իր աշխատանքից ոչինչ չի վերցնի, որ իր ձեռքով տանի իր հետ։
Սա էլ է մի դառը չարիք, որ ինչպես որ եկավ, այնպես էլ գնալու է, և նրան ի՞նչ օգուտ կա, որ աշխատեց քամուն հետապնդել։
Նա իր բոլոր օրերը խավարում կսպառի կսկիծով, հիվանդությամբ և բարկությամբ։
Ահա իմ տեսածը. լավ և վայելուչ է ուտել ու խմել և արեգակի տակ իր կատարած աշխատանքով բարիք վայելել կյանքի այն քիչ օրերին, որ Աստված տվել է, որովհետև դա է նրա բաժինը։
Ամեն մարդու, որին Աստված հարստություն և ստացվածք է տվել, նրան նաև իշխանություն է տալիս դրանից ուտելու, իր բաժինն առնելու և իր աշխատանքով ուրախանալու. սա Աստծու պարգևն է։
Որովհետև նա իր կյանքի օրերը շատ չի հիշելու, որովհետև Աստված նրան զբաղ է պահում նրա սրտի ուրախությամբ։
Մի չարիք կա, որ տեսել եմ արեգակի տակ, և դա ծանր է մարդկանց համար։
Աստված մի մարդու հարստություն, ունեցվածք և պատիվ է տալիս, այնպես, որ իր հոգու ցանկացած բաներից ոչ մի պակասություն չունենա. բայց Աստված նրան իշխանություն չի տալիս դրանցից ճաշակելու, այլ մի օտար մարդ է ուտում այն։ Սա ունայնություն է և դառը չարիք։
Եթե մի մարդ հարյուր որդի ծնի և շատ տարիներ ապրի, և նրա տարիների օրերը բազմաթիվ լինեն, ու նրա անձը չկշտանա բարիքից, և նա թաղում էլ չունենա, ես ասում եմ, որ վիժածը նրանից լավ է։
Որովհետև նա ունայնությամբ է գալիս և խավարով գնում, ու խավարով է ծածկվում նրա անունը։
Արեգակին չի տեսել և ոչինչ չի իմացել. նա այդ մարդուց հանգիստ կլինի։
Եվ ահա, եթե նա կրկնակի հազար տարի էլ ապրի և մի բարիք չտեսնի. չէ՞ որ բոլորն էլ նույն տեղն են գնում։
Մարդու ամբողջ աշխատանքն իր բերանի համար է, սակայն նրա ախորժակը չի հագենում։
Որովհետև իմաստունն ի՞նչ առավելություն ունի անմիտից. ի՞նչ գերազանցություն՝ ապրողների մեջ ապրել իմացող աղքատը։
Աչքերի տեսնելն ավելի լավ է, քան թե ցանկության թափառելը. սա էլ է ունայն և քամուն հետապնդում։
Ինչ որ եղել է, իր անունով արդեն կոչված է. մարդն ինչ է, արդեն հայտնի է, և նա իրենից Զորավորի հետ չի կարող վիճել։
Որքան շատ են խոսքերը, այնքան շատացնում են ունայնությունը. ո՞րն է մարդու օգուտը։
Որովհետև ո՞վ գիտի, թե կյանքում ինչն է լավ մարդուն իր ունայն կյանքի սակավաթիվ բոլոր օրերի մեջ, որ ստվերի պես է անցկացնում. որովհետև ո՞վ պիտի մարդուն հայտնի, թե իրենից հետո ի՛նչ կլինի արեգակի տակ։
Բարի անունը թանկարժեք յուղերից լավ է, և մահվան օրը՝ ծննդյան օրից։
Լավ է սգի տուն գնալ, քան թե խնջույքի տուն, որովհետև սա՛ է ամեն մարդու վերջը, և ապրողը դա իր սրտի մեջ պիտի պահի։
Վիշտը ծիծաղից լավ է, որովհետև դեմքի տխրությամբ սիրտն ուրախանում է։
Իմաստունների սիրտը սգի տանն է, իսկ անմիտների սիրտը՝ ուրախության տանը։
Լավ է իմաստունների կշտամբանքը լսել, քան թե անմիտների երգը։
Որովհետև ինչպես փշերի ձայնն է կաթսայի տակ, այնպես էլ՝ անմիտի ծիծաղը. սա էլ է ունայն։
Որովհետև բռնությունը խենթացնում է իմաստունին. իսկ կաշառքն ապականում է միտքը։
Ավելի լավ է մի բանի վախճանը, քան նրա սկիզբը. համբերատար մարդը գոռոզ մարդուց լավ է։
Մի՛ շտապիր հոգով բարկանալ, քանի որ բարկությունը անմիտների ծոցում է հանգչում։
Մի՛ ասա. «Ինչո՞ւ էին առաջվա օրերը այս օրերից լավը», որովհետև իմաստությունից չէ, որ հարցնում ես այս բանը։
Իմաստությունը լավ է ժառանգության հետ և օգտակար է արեգակը տեսնողների համար։
Որովհետև իմաստության հովանին արծաթի հովանու պես է, բայց գիտության օգուտը սա է, որ իմաստությունն իր տերերին ապրեցնում է։
Նայի՛ր Աստծու գործին. որովհետև ո՞վ կարող է ուղղել նրա ծռածը։
Բարօրության օրը ուրա՛խ եղիր և չարիքի օրը՝ զգուշավոր. Աստված թե՛ մեկը, թե՛ մյուսը ստեղծեց, որ մարդ իրենից հետո լինելիք ոչ մի բան չգտնի։
Ամեն բան տեսա իմ ունայնության օրերում. արդար կա, որ կորչում է իր արդարության մեջ, և անիրավ կա, որ երկարացնում է իր կյանքը իր անիրավության մեջ։
Չափազանց արդար մի՛ եղիր և քեզ չափազանց իմաստուն մի՛ կարծիր. ինչի՞ համար քեզ կործանես։
Խիստ ամբարիշտ մի՛ եղիր և անխելք մի՛ եղիր. ինչի՞ համար տարաժամ մեռնես։
Լավ է, որ մեկին բռնես և մյուսից էլ ձեռքդ չքաշես, որովհետև Աստծուց վախեցողը ամեն ինչից դուրս կգա։
Իմաստությունն իմաստունին ավելի ուժ կտա, քան թե մի քաղաքում եղող տասը իշխանները այդ քաղաքին։
Իրոք որ երկրի վրա արդար մարդ չկա, որ բարին անի և երբևէ մեղք չգործի։
Սիրտդ մի՛ տուր ասված ամեն խոսքի, որպեսզի չլսես, որ ծառադ անիծում է քեզ։
Որովհետև քո սիրտն էլ իմացել է, որ շատ անգամ դու էլ ուրիշներին ես անիծել։
Այս ամենը փորձարկեցի իմաստությամբ, ասացի. «Ես իմաստուն կլինեմ», բայց այն ինձանից հեռու էր։
Այն, ինչ եղել է, հեռու է և խորը՝ խորունկ. ո՞վ կարող է գտնել այն։
Ես իմ միտքը շրջեցի, որ գիտենամ և քննեմ, իմաստություն և նշանակություն փնտրեմ և իմանամ, որ չարությունը ապուշություն է, իսկ անխելքությունը՝ խենթություն։
Ես մահից ավելի դառը գտա այն կնոջը, որի սիրտը ցանցեր և ուռկաններ են, ձեռքերը՝ կապանքներ։ Աստծու առաջ հաճելի եղողը կազատվի նրանից, իսկ մեղավորը կբռնվի նրա մեջ։
Ահավասիկ սա՛ եմ գտել,- ասում է Ժողովողը,- մի բան մյուսին ավելացնելով՝ գտնել իրերի նշանակությունը.
Հոգիս տակավին փնտրում է, բայց ես չեմ գտել։ Մի տղամարդ եմ գտել հազարից, բայց այս բոլորի մեջ մի կին չգտա։
Սակայն ես միայն սա գտա. որ Աստված մարդուն ուղիղ է ստեղծել, բայց նա շատ հնարքներ փնտրեց։
Իմաստունի պես ո՞վ կա և ո՞վ է խոսքի մեկնությունն իմացողը. մարդու իմաստությունը փայլեցնում է նրա երեսը, և նրա երեսի խստությունը փոխվում է։
Ես ասում եմ. «Պահի՛ր թագավորի հրամանը, մանավանդ Աստծու առաջ տրված երդման համաձայն։
Մի՛ շտապիր թագավորի առաջից գնալ, մի՛ կանգնիր չար գործի համար, որովհետև նա ամենը, ինչ որ ուզում է, անում է»։
Որովհետև թագավորի խոսքը զորավոր է. նրան ո՞վ կարող է ասել. «Ի՞նչ ես անում»։
Թագավորի պատվիրանը պահողը չարիքի չի հանդիպում, այլ իմաստունի միտքը ժամանակն ու դատելու եղանակը գիտի։
Որովհետև ամեն ինչի համար ժամանակ և դատաստան կա. չէ՞ որ մարդու վրա մեծ չարիք կա։
Որովհետև նա չգիտի, թե ի՛նչ է լինելու և ե՛րբ է լինելու. ո՞վ կարող է հայտնել նրան, թե ինչպե՛ս է լինելու։
Մարդ չկա, որ հոգու վրա իշխի, որ հոգուն արգելի, և մահվան օրվա վրա իշխող չկա, և պատերազմի մեջ ազատում չկա, և անիրավություն գործողը չի ազատվի։
Այս բոլորը տեսա և արեգակի տակ եղած բոլոր գործերին միտքս դարձրի. ժամանակ կա, որ մարդ մարդու վրա իշխում է ի վնաս իրեն։
Եվ հետո տեսա, որ անիրավները թաղվեցին. եկած ու գնացած էին սուրբ տեղից, մոռացվեցին այն քաղաքում, ուր որ այսպես էին վարվել. սա էլ է ունայնություն։
Որովհետև չար արարքի վճիռը շուտով չի գործադրվում, սրա համար էլ մարդկանց որդիների սիրտը չարությամբ է լցված։
Թեև մեղավորը հարյուր անգամ չարություն գործի, և իր կյանքը երկարի, այնուամենայնիվ գիտեմ, որ բարօրություն կլինի Աստծուց վախեցողներին, որոնք վախենում են նրա առաջ։
Բայց անիրավին բարօրություն չի լինելու, և իր օրերը չի երկարացնելու ստվերի նման, որովհետև Աստծու երեսից չի վախենում։
Մի ունայնություն կա, որ լինում է երկրի վրա. արդարներ կան, որոնց պատահում է ըստ անիրավների արարքների, և անիրավներ կան, որոնց պատահում է ըստ արդարների արարքների. ասացի, որ սա էլ է ունայնություն։
Եվ ես գովեցի ուրախությունը, որովհետև մարդու համար արեգակի տակ ուտելուց, խմելուց և ուրախանալուց բացի լավ բան չկա, և արեգակի տակ իր կյանքի օրերում, որ Աստված նրան է տվել, սա է նրա հետ գնում իր աշխատանքի մեջ։
Երբ որ միտքս դարձրի իմաստությունը գիտենալու և երկրի վրա կատարվող զբաղումը տեսնելու (որովհետև թե՛ ցերեկը և թե՛ գիշերը նրա աչքը քուն չի տեսնում),
Այն ժամանակ Աստծու բոլոր գործերը տեսա, որ մարդը չի կարող հասկանալ այն, ինչ որ կատարվում է արեգակի տակ. որքան էլ մարդը աշխատի փնտրել իմաստը, չի գտնելու. եթե անգամ իմաստունն էլ ասի՝ «Գիտեմ», դարձյալ չի կարող գտնել։
Ես այս բոլորի մասին մտածեցի, որպեսզի այս բոլորն էլ քննեմ, որ արդարներն ու իմաստունները և նրանց գործերն Աստծու ձեռքին են. մարդը չգիտի թե՛ սերը, թե՛ ատելությունը, և ամեն բան, որ իր առջևում է։
Ամեն բան ամենքի համար է. նույն վախճանը լինում է արդարին և անիրավին, բարի և մաքուր մարդուն ու անմաքուրին, զոհ անողին և զոհ չանողին, ինչպես բարին է, այնպես էլ մեղավորն է, երդում անողը երդումից վախեցողի պես է։
Սա չարիք է արեգակի տակ եղած բոլոր գործերի մեջ, որ բոլորի վախճանը միևնույն է. ու նաև մարդկանց որդիների սիրտը լի է չարությամբ, և նրանց սրտում խենթություն կա, մինչև ապրում են, իսկ հետո իջնում են մեռելների մոտ։
Ով որ ընկեր է մյուս ապրողներին, հույս կա նրա համար, որովհետև ողջ շունը մեռած առյուծից լավ է։
Ողջերը գիտեն, որ մեռնելու են, բայց մեռելները ոչ մի բան չգիտեն և վարձատրություն էլ չունեն, որովհետև նրանց հիշատակը մոռացվել է։
Նրանց սերն էլ, նրանց ատելությունն էլ, նրանց նախանձն էլ վաղուց կորած են, և նրանց համար այլևս հավիտյան բաժին չկա արեգակի տակ եղած բոլոր բաներից։
Գնա՛, ուրախությամբ կե՛ր հացդ և զվարթ սրտով խմի՛ր գինիդ, որովհետև Աստված արդեն հավանել է քո գործերը։
Հանդերձներդ թող միշտ սպիտակ լինեն, և գլխիդ յուղը թող չպակասի։
Վայելի՛ր կյանքը քո սիրած կնոջ հետ քո ունայն կյանքի բոլոր օրերում, որ Աստված քեզ տվեց արևի տակ, որովհետև նա է քո բաժինը կյանքում և արեգակի տակ քո կատարած ծանր աշխատանքի մեջ։
Ամեն ինչ, որ ձեռքդ գտնի անելու համար, ամբողջ ուժովդ արա՛, որովհետև գերեզմանում, ուր որ գնալու ես, գործ, նշանակություն, գիտություն և իմաստություն չկա։
Դարձա ու արեգակի տակ տեսա, որ մրցավազքը թեթևաշարժներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ հզորներինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, հարստությունն էլ ողջամիտներինը չէ, շնորհքն էլ գիտուններինը չէ, որովհետև ժամանակն ու դիպվածը բոլորին են պատահում։
Քանի որ մարդը չգիտի իր ժամանակը. ինչպես որ ձկներն են բռնվում չար ուռկանով, ինչպես որ թռչուններն են բռնվում ծուղակի մեջ, նրանց նման էլ մարդկանց որդիներն են բռնվում որոգայթի մեջ մի չար ժամանակում, որը հանկարծ նրանց վրա է գալիս։
Արեգակի տակ այս իմաստությունն էլ տեսա, և այն մեծ էր ինձ համար։
Մի փոքր քաղաք և մեջը քիչ մարդ, նրա դեմ մի մեծ թագավոր եկավ և պաշարեց այն ու նրա դեմ մեծամեծ պատնեշներ շինեց։
Բայց այնտեղ մի աղքատ իմաստուն գտնվեց և իր իմաստությամբ ազատեց քաղաքը. սակայն ոչ ոք չհիշեց այն աղքատ մարդուն։
Եվ ես ասացի. «Իմաստությունն ուժից լավ է, թեկուզ և աղքատի իմաստությունն արհամարհված լինի, և նրա խոսքը չլսեն»։
Իմաստունների մեղմ խոսքերն ավելի լավ են, քան անմիտների վրա իշխողի աղաղակը։
Իմաստությունը պատերազմական գործիքներից լավ է, բայց մի մեղավորը շատ բարիքներ է ոչնչացնում։
Սատկած ճանճերը գարշահոտ են դարձնում յուղագործի հոտավետ յուղը, նույնպես էլ մի փոքր անմտությունն ավելի ծանր է, քան իմաստությունն ու փառքը։
Իմաստունի սիրտն իր աջ կողմում է, իսկ անմիտի սիրտը՝ իր ձախ կողմում։
Նույնիսկ ճանապարհով գնալիս անխելքը պակասամիտ է և բոլորին կասի, որ ինքն անխելք է։
Եթե իշխանի բարկությունը քո դեմ ելնի, քո տեղը մի՛ թող, որովհետև մեղմությունը մեծ հանցանքներ է թեթևացնում.
Մի չարիք էլ կա, որ տեսա արեգակի տակ. այն սխալմունքի նման, որ իշխանից է դուրս գալիս։
Հիմարությունը շատ բարձր տեղերում է դրվում, իսկ հարուստները ցածր տեղում են նստում։
Ստրուկների տեսա ձիերի վրա և իշխանների, որ ստրուկների պես քայլում էին երկրի վրա։
Ով որ փոս է փորում, ինքը կընկնի մեջը, և ցանկապատ քանդողին օձը կկծի։
Քարհանը քարերով կվնասվի. փայտահատը փայտից կվտանգվի։
Եթե կացինը բթացել է, և նա չսրի բերանը, այն ժամանակ պետք է ավելացնի ուժը։ Իմաստության օգուտը հաջողությունն է։
Եթե օձը խայթի մինչև թովելը, ուրեմն թովիչն օգուտ չունի։
Իմաստունի բերանի խոսքերը շնորհալի են, բայց անմիտը կործանվում է իր խոսքերից։
Նրա բերանի խոսքերի սկիզբն անխելքություն է, և նրա խոսքերի վերջը՝ չար խենթություն։
Եվ անմիտը կշատացնի խոսքերը. մարդը չգիտի, թե ի՛նչ է լինելու. թե իրենից հետո ի՛նչ է լինելու. ո՞վ կարող է հայտնել նրան։
Անմիտների աշխատանքն իրենց կհոգնեցնի, նույնիսկ չգիտեն քաղաքի ճամփան։
Վա՜յ քեզ, երկի՛ր, որ թագավորդ մանուկ է, և որ իշխաններդ վաղ առավոտից հացկերույթի են։
Երանի՜ քեզ, երկի՛ր, որ թագավորդ ազնվազարմ է, և որ իշխաններդ ուտում են իր ժամանակին՝ ուժի համար և ոչ թե վայելքի համար։
Ծուլությունից տանիքի գերանները փուլ կգան, և ձեռքերի անգործությունից տունը կկաթի։
Հացկերույթն ուրախանալու համար են անում, և գինին զվարթացնում է կյանքը, իսկ դրամը տալիս է ամեն բանի պատասխանը։
Քո մտքում անգամ մի՛ անիծիր թագավորին և քո ննջարանում մի՛ անիծիր հարուստին, որովհետև երկնքի թռչունը ձայնը կտանի, ու թևավորը խոսքը կպատմի։
Հացդ գցի՛ր ջրերի երեսին, որովհետև շատ օրեր հետո այն կգտնես։
Յոթ կամ ութ հոգու բաժի՛ն տուր, որովհետև չգիտես, թե երկրի վրա ի՛նչ չարիք պիտի լինի։
Եթե ամպերը լցվեն, երկրի վրա անձրև կտեղան, և եթե մի ծառ դեպի հարավ կամ դեպի հյուսիս ընկնի, ծառի ընկած տեղում այն կմնա։
Քամուն դիտողը չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի։
Ինչպես որ չգիտես, թե որն է քամու ճանապարհը, ինչպես են հղի կնոջ արգանդում ոսկորները կազմավորվում, նույնպես և չգիտես ամենաստեղծ Աստծու գործերը։
Առավոտյա՛ն ցանիր քո սերմը և երեկոյան քո ձեռքը մի՛ հանգստացրու, որովհետև չգիտես, թե ո՛րն է հաջողվելու՝ սա՞, թե՞ նա, կամ թե երկուսն էլ հավասարապես են լավ լինելու։
Լույսը քաղցր է, և աչքին հաճելի է արևը տեսնելը։
Թեև մարդ շատ տարիներ ապրի ու նրանց բոլորի մեջ ուրախանա, թող հիշի խավարի օրերը, որ բազում են լինելու. ամեն ինչ, որ գալու է, ունայն է։
Ո՛վ երիտասարդ, ուրախացի՛ր քո պատանեկության ժամանակ, և քո սիրտը քեզ թող զվարճացնի քո երիտասարդության օրերին. քայլի՛ր քո սրտի ճանապարհներով և ըստ քո աչքերի հայացքների, բայց իմացի՛ր, որ այդ ամենի համար Աստված քեզ դատաստանի է բերելու։
Սրտիցդ հանի՛ր վիշտը և մարմնիցդ վանի՛ր ցավը, որովհետև մանկությունն ու երիտասարդությունը ունայն են։ 12 1 Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել թշվառության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնցում ասելու ես. «Դրանց մեջ ես հաճույք չեմ զգում»։ 2 Քանի դեռ չեն խավարել արեգակն ու լույսը, լուսինն ու աստղերը, և անձրևից հետո ամպերը չեն վերադարձել. 3 Այն օրը, երբ կդողդողան տան պահապանները, կկորանան զորավոր մարդիկ, քչանալու պատճառով կդադարեն աղացողները և պատուհանից նայողները կմռայլվեն, 4 Փողոցի դռները կփակվեն, աղորիքի ձայնը կտկարանա, և նա թռչնի ձայնից կարթնանա, և երգի բոլոր դուստրերը կթուլանան։ 5 Բարձր տեղից պիտի վախենան և պիտի սարսափեն ճանապարհին. նշենին պիտի ծաղկի,և մարախը պիտի ծանրանա, ախորժակը պիտի դադարի, որովհետև մարդը գնում է իր հավիտենական տունը, և փողոցում շրջում են սգացողները։ 6 Քանի դեռ արծաթի թելը չի կտրվել, ոսկե բաժակը չի կոտրվել, և աղբյուրի մոտ չի փշրվել սափորը, ջրհորի վրա չի կոտրվել անիվը, 7 Հողը առաջվա պես երկրին պիտի դառնա, հոգին պիտի դառնա Աստծու մոտ, որ այն տվել էր։ 8 Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ամեն բան ունայն է։ 9 Իմաստուն լինելուց բացի Ժողովողը ժողովրդին նաև գիտություն սովորեցրեց, կշռադատեց ու քննեց և շատ առակներ շարադրեց։ 10 Ժողովողը փորձեց վայելուչ խոսքեր գտնել և ուղղամտությամբ ճշմարտության խոսքեր գրեց։ 11 Իմաստունների խոսքերը խթանների պես են. ժողովածուների տերերի ձեռքով գամված բևեռներ են՝ մեկ հովվից տրված։ 12 Եվ վերջապես, որդյա՛կս, նրանցի՛ց խրատվիր. շատ գրքեր գրելը վերջ չունի, և շատ կարդալը մարմինը հոգնեցնում է։ 13 Ամբողջ խոսքի վախճանը լսենք. Աստծուց վախեցի՛ր և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև մարդու համար սա է իր ամբողջ պարտավորությունը։ 14 Որովհետև Աստված բոլոր գործերը դատաստանի է բերելու ամեն ծածուկ բանի հետ՝ բարի թե չար։