ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ Աստծու կամքով, և Տիմոթեոս եղբայրը՝ Կողոսայում Քրիստոսով եղող սրբերին ու հավատացյալ եղբայրներին. Աստծուց՝ մեր Հորից, ու Տեր Հիսուս Քրիստոսից շնորհ ձեզ և խաղաղություն։

Գոհություն ենք հայտնում Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը՝ ամեն ժամ ձեզ համար աղոթելով, երբ լսեցինք Հիսուս Քրիստոսի և բոլոր սրբերի հանդեպ ձեր ունեցած հավատի և սիրո մասին, այն հույսի համար, որ ձեզ համար պահվում է երկնքում, որի մասին նախապես լսեցիք Ավետարանի ճշմարիտ խոսքով, որ հասավ ձեզ և աճում ու պտղաբերում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ձեր մեջ այն օրից ի վեր, երբ լսեցիք ու Աստծու շնորհը ճշմարտորեն ճանաչեցիք, ինչպես որ սովորեցիք Եպափրասից՝ մեր սիրելի ծառայակցից, որը ձեզ համար Քրիստոսի հավատարիմ սպասավորն է։ Նա մեզ պատմեց հոգով ունեցած ձեր սիրո մասին։

Դրա համար մենք էլ այն օրից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և աղաչելուց, որպեսզի լցվեք նրա կամքի գիտությամբ, ամեն իմաստությամբ ու հոգևոր իմաստությամբ, որպեսզի դուք ընթանաք, ինչպես արժանի է Տիրոջը՝ ամեն բանում նրան հաճելի լինելով, ամեն բարի գործով պտղաբեր լինեք և Աստծու գիտությամբ աճեք. նրա փառքի զորությամբ ամբողջովին զորացած՝ ամեն համբերություն և համառություն կցուցաբերեք հալածանքների հանդեպ ուրախությամբ, գոհություն մատուցելով Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգությանը լույսի մեջ, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց, որի միջոցով ունենք փրկություն՝ մեղքերի թողություն։

Նա աներևույթ Աստծու պատկերն է՝ բոլոր արարածներից առաջ ծնված, որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան՝ ինչ երկնքում է ու երկրի վրա. այն, ինչ երևում է և չի երևում՝ թե՛ գահերը, թե՛ տերությունները, թե՛ պետությունները, թե՛ իշխանությունները։ Ամեն ինչ նրա միջոցով ու նրա համար ստեղծվեց։ Նա է ամեն ինչից առաջ, ու ամեն ինչ նրանով է իր տեղում։ Եվ նա է մարմնի, այսինքն՝ եկեղեցու գլուխը. նա է սկիզբը, մեռելներից անդրանիկը, որպեսզի ամեն բանում նա լինի առաջինը։ Որովհետև հաճելի եղավ Աստծուն, որ նրա ամբողջ լիությունը նրա մեջ բնակվի, և նրանով ամեն բան հաշտեցնի իր հետ՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա նրա արյամբ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում։

Եվ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած էիք ու թշնամի ձեր մտադրությունը ցույց տվող չար գործերով, հիմա որպես մարդ իր մարմնով մեռնելով՝ հաշտեցրեց, որպեսզի ձեզ սուրբ, անբիծ ու անմեղադրելի ներկայացնի նրա առաջ, որպեսզի հավատի մեջ հիմնավոր ու հաստատուն մնաք՝ առանց կտրվելու Ավետարանի հույսից, որ լսեցիք, որ երկնքի տակ եղող բոլոր արարածներին քարոզվեց, և որին ես՝ Պողոսս, սպասավոր դարձա։

Հիմա ուրախ եմ իմ չարչարանքների մեջ, որ կրում եմ ձեզ համար, և իմ մարմնի մեջ լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը՝ հօգուտ նրա մարմնի, որ եկեղեցին է, որի սպասավորը եղա ես ըստ Աստծու այն տնտեսության, որ ինձ տրված է՝ ձեզ Աստծու խոսքը քարոզելու, այն խորհուրդը, որ ծածկված էր դարեր և սերունդներ շարունակ, իսկ հիմա հայտնվեց իր սրբերին։ Աստված կամեցավ ցույց տալ նրանց, թե ի՛նչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսների մեջ, որ է Քրիստոսը ձեր մեջ, այն փառքի հույսը, որ մենք քարոզում ենք՝ ամեն մարդու խրատելով և ամեն մարդու ուսուցանելով ամենայն իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք Քրիստոս Հիսուսով։ Դրա համար էլ աշխատում եմ՝ պայքարելով նրա ուժի չափով, որ զորությամբ գործում է իմ մեջ։

Կամենում եմ, որ դուք գիտենաք, թե ինչպիսի՛ պայքար եմ մղում ձեզ և լաոդիկեցիների համար, նաև բոլոր նրանց համար, ովքեր ինձ անձամբ չեն տեսել, որպեսզի նրանց սրտերը մխիթարվեն՝ սիրով միմյանց միանալով, և ամենայն ճոխությամբ հասնեն կատարյալ իմաստության, այսինքն՝ Աստծու և Հոր և Քրիստոսի խորհուրդը ճանաչելուն, որի մեջ են թաքնված իմաստության և գիտության բոլոր գանձերը։ Այս ասում եմ, որպեսզի ոչ ոք ձեզ հրապուրիչ խոսքերով չմոլորեցնի։ Քանի որ թեև մարմնով բացակա եմ, բայց հոգով ձեզ հետ եմ՝ տեսնելով ձեր ընթացքը և Քրիստոսի հանդեպ ձեր հավատի հաստատությունը և ուրախանալով։

Ուրեմն ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, նրանով էլ ընթացե՛ք՝ արմատավորված և նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, և դրա մեջ աճե՛ք գոհություն հայտնելով։ Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ իմաստասիրությամբ ու դատարկ խաբեությամբ գրավի, որ մարդկային ավանդության, բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Քրիստոսի։ Որովհետև նրա մեջ Աստվածության ամբողջ լիությունը բնակվում է մարմնապես։ Եվ դուք էլ նրանով լցվեցիք, որովհետև նա է ամեն իշխանության և պետության գլուխը։ Նրանով դուք անձեռակերտ թլփատությամբ թլփատվեցիք՝ Քրիստոսի թլփատությամբ մարմնական մեղքերի մարմնից մերկանալով, նրա հետ մկրտությամբ թաղվեցիք, որով էլ նրա հետ հարություն առաք՝ հավատալով Աստծու զորությանը, որ մեռելներից հարություն տվեց նրան։ Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի ու ձեր մարմնի անթլփատության մեջ, իր հետ կենդանացրեց՝ մեր բոլոր հանցանքները ներելով։ Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց, իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց նրանով։

Արդ թող ոչ ոք ձեզ չդատի ուտելու կամ խմելու համար, կամ տոնական օրվա կամ ամսամուտի կամ շաբաթը պահելու համար։ Սրանք գալիքի ստվերներն են, բայց մարմինը Քրիստոսինն է։ Ոչ ոք թող ձեզ մրցանակից չզրկի կեղծ խոնարհությամբ և հրեշտակների պաշտամունքով, ներթափանցելով այն բաների մեջ, որ չի տեսել, և անտեղի հպարտանալով իր մարմնական մտքի խոհերով. այդպիսի մեկը չի պահում Գլուխը, որից ամբողջ մարմինը, հոդերով ու խաղերով կապված ու միացած, աճում է, և Աստված է աճեցնում։

Արդ եթե Քրիստոսի հետ մեռաք և ազատվեցիք այս աշխարհի սկզբունքներից, էլ ինչո՞ւ եք ապրում այս աշխարհում այսպիսի կանոններով՝ «Մի՛ մոտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպիր»։ Դրանք բոլորը նախատեսված են գործածվելու ապականության համար, ինչպես մարդկանց կողմից ստեղծված պատվիրաններն ու վարդապետությունները, որոնք արտաքուստ իմաստության կերպարանք ունեն՝ կամային պաշտամունքով, կեղծ խոնարհությամբ, մարմնի խստակեցությամբ, բայց արժեք չունեն և մարմինը բավարարելուն են ծառայում։

Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա փնտրե՛ք այն, ինչ վերևում է, որտեղ Քրիստոսն է՝ Աստծու աջ կողմում նստած։ Վերևում եղած բաների մասի՛ն մտածեք և ոչ թե այն, ինչ երկրի վրա է։ Որովհետև դուք մեռաք, ու ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծու մեջ։ Բայց երբ Քրիստոսը՝ մեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ փառքով կհայտնվեք։

Ուրեմն սպանե՛ք այն, ինչ ձեզ է պատկանում երկրի վրա. պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունն ու ագահությունը, որ կռապաշտություն է, որոնց պատճառով Աստծու բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա. դուք էլ մի ժամանակ ընթանում էիք դրանց մեջ, երբ ապրում էիք դրանցով։ Բայց հիմա դո՛ւք էլ դեն նետեք այդ ամենը՝ բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը, ամոթալի խոսքերը ձեր բերանից։ Մի՛ ստեք միմյանց. հանե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ և նո՛րը հագեք, որ գիտությամբ նորոգված է ըստ իր արարչի պատկերի։ Այստեղ չկա ո՛չ հույն և ո՛չ հրեա, ո՛չ թլփատություն և ո՛չ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամենը և ամենի մեջ։

Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։ Եվ այս ամենի վրա սե՛րը հագեք, որ կատարելության կապն է։ Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացո՛ղ եղեք։ Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։ Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը։

Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազա՛նդ եղեք, ինչպես վայել է Տիրոջով։

Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց ու մի՛ դառնացրեք նրանց։

Զավակնե՛ր, ձեր ծնողներին ամեն բանում հնազա՛նդ եղեք, որովհետև դա հաճելի է Տիրոջը։

Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ զայրացրեք, որ չվհատվեն։

Ծառանե՛ր, ձեր երկրավոր տերերին ամեն բանում հնազա՛նդ եղեք. ոչ թե ծառայեք, երբ ձեզ հսկում են, և նրանց հաճոյանաք, այլ անկեղծ սրտով՝ Աստծուց երկյուղելով։ Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ և ոչ թե մարդկանց համար, իմանալով, որ Տիրոջից ժառանգության հատուցումը կստանաք, որովհետև Տիրոջը՝ Քրիստոսին եք ծառայում։ Բայց անիրավը հատուցում կստանա իր արած անիրավության համար. ոչ մեկի համար աչառություն չկա։

Տերե՛ր, հավասարությամբ և արդարությա՛մբ վարվեք ծառաների հետ՝ գիտենալով, որ դուք էլ Տեր ունեք երկնքում։

Մշտապես աղոթե՛ք ու գոհունակությամբ արթո՛ւն կացեք նրա մեջ։ Մեզ համա՛ր էլ աղոթք արեք, որպեսզի Աստված բացի մեզ խոսքի դուռը՝ Քրիստոսի խորհուրդը հայտնելու, որի համար էլ կապված եմ, որպեսզի հայտնեմ այն՝ խոսելով, ինչպես արժան է։ Ոչ քրիստոնյաների հետ իմաստությա՛մբ վարվեք՝ առիթն օգտագործելով։ Ձեր խոսքը միշտ թող շնորհով՝ ինչպես աղով համեմված լինի, որպեսզի գիտենաք, թե ինչպե՛ս է արժան ձեզնից յուրաքանչյուրին պատասխանել։

Իմ մասին ձեզ ամեն ինչ կտեղեկացնի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը, հավատարիմ սպասավորը և ծառայակիցը Տիրոջով։ Նրան հենց դրա համար ձեզ մոտ ուղարկեցի, որ մեր մասին իմանաք, ու նա ձեր սրտերը մխիթարի։ Նա Օնեսիմոս հավատարիմ ու սիրելի եղբոր հետ է, որ ձեր համաքաղաքացին է։ Նրանք ամեն բանի մասին, ինչ որ այստեղ լինում է, ձեզ կտեղեկացնեն։

Ձեզ ողջունում են Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, և Բառնաբասի եղբորորդի Մարկոսը, որի համար պատվեր ստացաք, որ եթե ձեզ մոտ գա, նրան ընդունեք, և Հիսուսը, որ Հուստոս է կոչվում, որոնք թլփատվածներից են։ Միայն նրանք են իմ գործակիցներն Աստծու արքայության մեջ, որով ինձ համար էլ մխիթարություն եղան։ Ձեզ ողջունում է Եպափրասը՝ Քրիստոսի ծառան, որ ձեր համաքաղաքացին է. նա ամեն ժամ ձեզ համար տքնում է աղոթքներով, որ մնաք կատարյալ և լցված լինեք Աստծու ամբողջ կամքով։ Վկայում եմ նրա համար, որ խիստ նախանձախնդիր է ձեր և նրանց նկատմամբ, ովքեր Լաոդիկիայում և Հերապոլիսում են։ Ողջունում են ձեզ Ղուկասը՝ սիրելի բժիշկը, և Դեմասը։ Ողջունե՛ք Լաոդիկիայում եղող եղբայրներին, Նիմֆային ու նրա տանը հավաքվող եկեղեցուն։ Երբ այս նամակը ձեզ մոտ կարդացվի, լաոդիկեցիների եկեղեցում էլ կարդալ տվեք, իսկ Լաոդիկիայից եկած նամակն էլ դո՛ւք կարդացեք։ Արքիպպոսին ասե՛ք. «Զգո՛ւյշ եղիր այն սպասավորության մեջ, որ Տիրոջով ստացար, որպեսզի այն կատարես»։

Այս ողջույնն իմ՝ Պողոսիս ձեռքով է գրվում։ Հիշե՛ք կապանքներս։ Շնորհըձեզ հետ լինի։ Ամեն։