ՀՈՒԴԱ

Հուդան՝ Հիսուս Քրիստոսի ծառա ու Հակոբոսի եղբայրը՝ նրանց, ովքեր սիրված են Հայր Աստծուց և Հիսուս Քրիստոսի համար պահված ու ընտրված. թող ողորմությունը, խաղաղությունը և սերը առատ լինեն ձեզ վրա։

Սիրելինե՛ր, ամեն ջանք թափեցի, որ ձեզ մեր ընդհանուր փրկության մասին գրեմ. հարկ եղավ, որ գրեմ ձեզ ու խնդրեմ, որ պայքարեք մեկընդմիշտ սրբերին ավանդված հավատի համար. որովհետև սողոսկեցին ձեր մեջ ոմանք, որոնք վաղուց սահմանված էին սույն դատաստանի համար, ամբարիշտներ, որոնք մեր Աստծու շնորհն անառակության վերածեցին և ուրանում են այն միակ Իշխանին և մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։

Իսկ ես կամենում եմ հիշեցնել ձեզ, թեև արդեն այս բոլորը գիտեք, որ Տերը ժողովրդին Եգիպտոսի երկրից փրկեց և հետո անհավատներին կորստյան մատնեց։ Եվ այն հրեշտակներին, որոնք իրենց իշխանությունը չպահեցին, այլ իրենց բնակատեղին լքեցին, մեծ օրվա դատաստանի համար հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց, ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղած քաղաքները, որոնք սրանց նման պոռնկացան և այլ բնույթի էության հետևից գնացին, իբրև օրինակ դարձան՝ հավիտենական կրակի դատաստանն ընդունելով։

Նույն կերպ էլ սրանք, որ զառանցանքի մեջ մարմինն են պղծում, Աստծու իշխանությունն են անարգում ու փառքը հայհոյում։ Այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը, սատանայի հետ վիճելով, պատասխան էր տալիս Մովսեսի մարմնի մասին, չհամարձակվեց հայհոյանքի խոսքեր ասելով դատապարտել, այլ ասաց. «Տերը թող քեզ նախատի»։ Իսկ սրանք այն բաները, որ չեն իմանում, հայհոյում են, և ինչ որ անբան անասունի պես բնազդով գիտեն, նրանց մեջ ապականվում են։ Վա՜յ նրանց, որ Կայենի ճանապարհով են ընթանում ու Բաղաամի մոլորությամբ վարձին են նվիրվում և Կորխի պես հակառակվելով կործանվում են։ Սրանք կեղտոտ բծեր են, որոնք, ձեր սիրո ճաշին մասնակցելով, միասին աներկյուղ ուտել-խմելիս իրենց անձերն են գիրացնում։ Անջուր ամպեր են՝ քամիներից քշված, աշնան պտղակորույս ծառեր՝ կրկնակի մեռած, արմատախիլ եղած, ծովի կատաղի ալիքներ, որ իրենց ամոթն են փրփրեցնելով թափում, մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։

Ենովքն էլ, որ յոթերորդն է Ադամից սկսած, սրանց մասին մարգարեացել ու ասել է. «Ահա Տերը գալիս է իր բյուրավոր սրբերով, որ բոլորին դատաստան անի և հանդիմանի բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտությամբ գործեցին և այն բոլոր խիստ խոսքերի համար, որ ամբարիշտ մեղավորները նրա դեմ խոսեցին»։ Սրանք տրտնջացողներ ու ոչնչով չգոհացողներ են, որոնք իրենց անձերի ցանկությունների համաձայն են գնում, և նրանց բերանն ամբարտավան բաներ է խոսում։ Շահի համար երեսպաշտություն են անում։

Բայց դուք, սիրելինե՛ր, հիշե՛ք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալների կողմից նախկինում ասված խոսքերը. որովհետև ասում էին ձեզ, թե վերջին ժամանակներում ծաղրող մարդիկ կլինեն, որոնք իրենց ամբարիշտ ցանկությունների հետևից կգնան։

Սրանք նշավակելի, զգայական մարդիկ են, որոնք Հոգին չունեն։ Բայց դուք, սիրելինե՛ր, ձեր անձերը ձեր սուրբ հավատի վրա՛ կառուցեք՝ Սուրբ Հոգով աղոթելով։ Ձեզ Աստծու սիրո մե՛ջ պահեք՝ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանն սպասելով։ Ողորմա՛ծ եղեք թերահավատների հանդեպ։ Փրկե՛ք նրանց՝ կրակից խլելով, իսկ ուրիշներին հանդուրժե՛ք երկյուղով՝ ատելով նույնիսկ նրանց աղտոտված պատմուճանը։

Եվ նրան, որ կարող է անարատ պահել ձեզ և անեղծ կանգնեցնել իր փառքի առջև անխառն ցնծությամբ, այն միակ իմաստուն Աստծուն և մեր Փրկչին՝ մեր Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, փա՜ռք և մեծություն, զորություն և իշխանություն բոլոր ժամանակներից առաջ և այժմ ու բոլոր ժամանակներում։ Ամեն։