ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառա, կոչված առաքյալ լինելու, ընտրված քարոզելու Աստծու Ավետարանը, որ Սուրբ Գրքում Աստված նախապես իր մարգարեների միջոցով խոստացել էր իր Որդու մասին, որ մարմնով սերում էր Դավթի սերնդից, ըստ Սուրբ Հոգու Աստծու Որդի էր սահմանված՝ զորությամբ մեռելներից հարություն առնելով. մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Նրա միջոցով ստացանք շնորհ՝ առաքյալ լինելու, որպեսզի բոլոր ազգերին հավատի հնազանդության առաջնորդենք իր անվան համար։ Դուք էլ եք նրանցից, քանի որ ձեզ կանչեց Հիսուս Քրիստոսը. Ձեզ բոլորիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սրբեր կոչվածներիդ. շնորհ ձեզ և խաղաղություն Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից։

Նախ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ողջ աշխարհում։ Որովհետև վկա է ինձ Աստված, որին ես ծառայում եմ իմ հոգով՝ իր Որդու Ավետարանը քարոզելով, թե ինչպե՛ս եմ անդադար հիշում ձեզ՝ ամեն ժամ իմ աղոթքներում աղաչելով, որ գուցե ինձ երբևէ հաջողվի մի անգամ Աստծու կամքով ձեզ մոտ գալ։ Որովհետև շատ եմ փափագում ձեզ տեսնել, որպեսզի ձեզ հոգևոր մի շնորհ մատուցեմ ձեզ ամրացնելու համար, այսինքն՝ որպեսզի ձեզ հետ և ձեզ մոտ սփոփվեմ մեր՝ իմ և ձեր միասնական հավատի միջոցով։ Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք, որ շատ անգամ մտադրվեցի ձեզ մոտ գալ (թեև մինչև հիմա արգելքներ եղան), որպեսզի ձեր մեջ ևս վաստակ ունենամ, ինչպես մյուս հեթանոսների մեջ։ Ես պարտական եմ հույներին ու բարբարոսներին, իմաստուններին ու անմիտներին, ուստի հոժար եմ ձեզ էլ, որ Հռոմում եք, իմ կարողության չափով ավետարանելու։

Ես Ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծու զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար. նախ՝ հրեայի, ապա՝ նաև հույնի։ Որովհետև Աստծու արդարությունը նրա միջոցով է հայտնվում. հավատից՝ հավատի մեջ, ինչպես որ գրված է. «Արդարը հավատով է ապրելու»։

Որովհետև Աստծու բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության և անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։ Որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով. արդ նրանք որևէ արդարացում չունեն, քանի որ Աստծուն ճանաչելով՝ նրան որպես Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան, և նրանց անմիտ սրտերը խավարեցին։ Ասելով, թե իմաստուն են, հիմարացան։ Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։

Այդ պատճառով Աստված էլ նրանց, ըստ իրենց սրտերի ցանկության, պղծության մատնեց, որպեսզի իրենց մարմիններն իրենց մեջ անարգեն։ Նրանք Աստծու ճշմարտությունը ստության հետ փոխեցին և երկրպագեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ հավիտյանս օրհնյալ է. ամեն։ Դրա համար Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, և նրանց էգերը բնական հարաբերությունը անբնականի հետ փոխեցին։ Նույն կերպ էլ արուները, էգերի հետ բնական հարաբերությունը թողած, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ։ Արուներն արուների հետ խայտառակություն էին անում և փոխարենն իրենց անձերում ստանում էին իրենց մոլորությանն արժանի փոխհատուցումը։ Եվ քանի որ չփորձեցին իրենց մտքի մեջ Աստծուն ունենալ, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ կատարեն։ Նրանք լցված են ամեն անիրավությամբ՝ պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, մարդասպանությամբ, կռվով, նենգությամբ, չար բարքով. չարախոսներ, բամբասողներ, աստվածատյացներ, անարգողներ, ամբարտավաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողներին չհնազանդվողներ, անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ։ Նրանք, իմանալով Աստծու արդար դատաստանը, որ այսպիսի բաներ կատարողները մահվան են արժանի, ոչ միայն անում են այս բաները, այլ անողներին էլ հավանություն են տալիս։

Ուստի աններելի ես, ո՛վ մարդ, որ բոլորին դատում ես. որովհետև ինչով ուրիշին դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու նույնն ես անում, ինչով որ դատում ես։ Բայց մենք գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարիտ է նրանց նկատմամբ, ովքեր այդպիսի բաներ են անում։ Իսկ դու, ո՛վ մարդ, որ այդպիսի բաներ անողներին դատում ես, դու ևս նույնն ես անում, կարծում ես, թե կխուսափե՞ս Աստծու դատաստանից։ Կամ նրա անչափ բարությունը, մեծահոգությունը և համբերատարությունն արհամարհո՞ւմ ես՝ չգիտենալով, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում։ Բայց դու քո խստությամբ և չզղջացող սրտով քո անձի հանդեպ բարկություն ես կուտակում Աստծու բարկության և այն արդար դատաստանի հայտնության օրվա համար։ Նա յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցում է տալու։ Հավիտենական կյանք է տալու նրանց, ովքեր, բարի գործերի մեջ հարատևելով, փառք, պատիվ և անմահություն են փնտրում, իսկ բարկություն և վրդովմունք՝ նրանց, ովքեր հակառակվում են, չեն հնազանդվում ճշմարտությանը և անիրավության հետևից են գնում, նեղություն և տառապանք՝ ամեն մարդու վրա, որ չարիք է գործում, նախ՝ հրեայի, հետո՝ հույնի։ Բայց փառք, պատիվ և խաղաղություն՝ ամեն բարիք գործողին, նախ՝ հրեային, հետո՝ հույնին. որովհետև Աստծու մոտ աչառություն չկա։ Որովհետև ովքեր առանց օրենքի մեղք են գործել, առանց օրենքի էլ կկորչեն, իսկ ովքեր մեղանչում են օրենքն ունենալով, օրենքով էլ կդատվեն. որովհետև Աստծու առաջ ոչ թե օրենքը լսողներն են արդար, այլ օրենքը կատարողները պիտի արդարացվեն։ Ուրեմն երբ հեթանոսները, որ օրենք չունեն, օրենքի պահանջները բնականորեն կատարեն, սրանք թեև օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք։ Նրանք ցույց են տալիս, որ օրենքի պահանջն իրենց սրտերում է գրված՝ իրենց խղճի վկայությամբ, և իրենց մտքերում, որ միմյանց ամբաստանում են կամ էլ արդարացնում։ Այդպես է լինելու այն օրը, երբ Աստված դատի մարդկանց գաղտնի գործերն ըստ իմ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի միջոցով։

Ահա դու, որ հրեա ես կոչվում և օրենքի վրա ես հենվում ու պարծենում ես Աստծով։ Նրա կամքը գիտես և օրենքից ուսանած լինելով՝ զանազանում ես տարբեր բաները։ Վստահ ես քեզ վրա, որ կույրերի առաջնորդ ես ու խավարի մեջ գտնվողների լույս, անմիտներին խրատող, երեխաներին ուսուցանող, որ օրենքի մեջ ունես օրենքի գիտության և ճշմարտության արտահայտությունը։ Արդ դու, որ ուրիշին ուսուցանում ես, ինքդ քեզ չե՞ս ուսուցանում։ Դու, որ քարոզում ես չգողանալ, գողանո՞ւմ ես։ Որ ասում ես չշնանալ, շնանո՞ւմ ես։ Դու, որ կուռքերից նողկում ես, նրանց տաճարները կողոպտո՞ւմ ես։ Դու, որ օրենքով պարծենում ես, օրենքը խախտելով Աստծուն անարգո՞ւմ ես։ Որովհետև «Ձեր պատճառով հեթանոսների մեջ հայհոյվում է Աստծու անունը», ինչպես որ գրված է։

Թլփատությունն օգտակար է, եթե օրենքը պահես, իսկ եթե օրենքի առաջ հանցավոր ես, քո թլփատությունն անթլփատություն է դառնում։ Իսկ եթե անթլփատը օրենքի կանոնները պահի, նրա անթլփատությունը թլփատություն չի՞ համարվի։ Եվ մարմնով անթլփատը, օրենքը կատարելով, կդատապարտի քեզ, որ գրով ու թլփատությամբ օրենքի առաջ հանցավոր ես։ Որովհետև հրեան նա չէ, ով արտաքուստ է երևում, և թլփատությունն այն չէ, որ մարմնով է հայտնի. այլ հրեան նա է, ով ներքուստ է հրեա, և թլփատությունը սրտով ու հոգով է և ոչ թե գրով։ Նրա գովքը մարդկանցից չէ, այլ Աստծուց։

Արդ ո՞րն է հրեայի առավելությունը, կամ ո՞րն է թլփատության օգուտը։ Շատ և ամեն առումով։ Նախ հենց այն, որ Աստծու պատգամները նրանց վստահվեցին։ Ուրեմն ի՞նչ. եթե ոմանք հավատարիմ չմնացին, մի՞թե նրանց անհավատարմությունն Աստծու հավատարմությունը կխափանի։ Քա՛վ լիցի։ Արդ թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ, ինչպես որ գրված է. «Որպեսզի արդար ճանաչվես քո խոսքերում և հաղթես, երբ դատում են քեզ»։

Բայց եթե մեր անիրավությունը հայտնապես ցույց է տալիս Աստծու արդարությունը, ի՞նչ ասենք. մի՞թե Աստված անարդար է, որ բարկություն է ցուցաբերում։ Ըստ մարդու տեսակետի եմ խոսում։ Քա՛վ լիցի։ Հապա Աստված աշխարհն ինչպե՞ս է դատելու։ Եթե իմ ստով Աստծու ճշմարտությունն ավելանում է իր փառքի համար, էլ ինչո՞ւ եմ ես մեղավորի պես դատվում։ Եվ ինչո՞ւ չչարախոսենք այնպես, ինչպես ոմանք ասում են մեր մասին, իբր թե ասել ենք. «Չարիք գործենք, որ բարին գա»։ Այդպիսիների դատաստանն արդար է։

Եվ հիմա ի՞նչ, մենք՝ հրեաներս, առավելությո՞ւն ունենք. ամենևին ոչ, որովհետև հաստատեցինք, որ հրեաներն ու հեթանոսները բոլորն էլ մեղքի տակ են, ինչպես որ գրված է. «Չկա արդար և ոչ մեկը։

Ողջամիտ մեկը չկա, չկա մեկը, որ Աստծուն փնտրի։

Բոլորը խոտորվել են, միասին անպետք դարձել. բարություն անող չկա, մե՛կն անգամ չկա։

Նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզուներով նենգություն են անում. նրանց շրթունքների տակ իժերի թույն կա։

Նրանց բերանն անեծքով ու դառնությամբ է լի։

Նրանց ոտքերն արյուն թափելու համար են արագընթաց։

Նրանց ճանապարհներին կործանում և թշվառություն է։

Եվ խաղաղության ճանապարհը չճանաչեցին։

Աստծու երկյուղը նրանց աչքերի առաջ չէ»։

Բայց գիտենք, որ ամեն բան, ինչ օրենքն ասում է, ասում է նրանց, ովքեր օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ դատապարտելի լինի։ Քանի որ ոչ ոք նրա առաջ օրենքի գործերից չի արդարանա, որովհետև օրենքով է լինում մեղքի ճանաչումը։

Բայց հիմա Աստծու արդարությունը հայտնվել է օրենքից անկախ՝ օրենքի և մարգարեների կողմից վկայված լինելով, այսինքն՝ Աստծու արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միոջոցով է բոլոր հավատացողների համար, որովհետև խտրություն չկա։ Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից։ Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։ Աստված նրան նախապես սահմանեց քավություն լինելու իր արյամբ, իր հավատով, որպեսզի ցույց տա իր արդարությունը անցյալում՝ Աստծու համբերատարության ժամանակ գործված մեղքերի թողությունը, որպեսզի ներկա ժամանակում իր արդարությունը ցույց տա, որպեսզի ինքն արդար լինի և արդարացնի նրան, ով հավատում է Հիսուսին։

Արդ որտե՞ղ է պարծանքը. ջնջվել է։ Ո՞ր օրենքով՝ գործերի՞. ո՛չ, այլ հավատի օրենքով, որովհետև կարծում ենք, որ մարդը հավատով է արդարանում՝ անկախ օրենքի գործերից։ Մի՞թե Աստված միայն հրեաներինն է և ոչ հեթանոսներինը. այո՛, հեթանոսներինն էլ է, որովհետև մեկ է Աստված, որ արդարացնում է հավատով թլփատվածներին, ինչպես նաև չթլփատվածներին՝ նույն հավատի միջոցով։ Արդ մի՞թե օրենքը ջնջում ենք հավատի միջոցով. քա՛վ լիցի, այլ հաստատում ենք օրենքը։

Արդ ի՞նչ ասենք մեր նախահոր՝ Աբրահամի մասին. ի՞նչ ձեռք բերեց նա ըստ մարմնի։ Որովհետև եթե Աբրահամը գործերով արդարացած լիներ, պարծենալու բան կունենար, բայց ո՛չ Աստծու առաջ։ Որովհետև Գիրքն ի՞նչ է ասում. «Աբրահամն Աստծուն հավատաց, և դա արդարություն համարվեց նրան»։ Բայց ով գործ է անում, վարձը նրան շնորհ չի համարվում, այլ պարտք։ Իսկ ով գործ չի անում, այլ հավատում է նրան, ով ամբարիշտին արդարացնում է, նրա հավատն արդարություն է համարվում։ Այդպես էլ Դավիթն է երանի տալիս այն մարդուն, որին Աստված, անկախ գործերից, արդար է համարում.

«Երանի՜ նրանց, որոնց անօրենությունները ներվեցին, և որոնց մեղքերը ծածկվեցին։

Երանի՜ այն մարդուն, որի մեղքը Տերը հաշվի չի առնի»։

Արդ այս երանությունը թլփատությա՞նն է վերաբերում, թե՞ անթլփատությանն էլ. որովհետև ասում ենք. «Աբրահամի հավատն արդարություն համարվեց»։ Արդ ինչպե՞ս համարվեց. թլփատություն ընդունելուց հետո՞, թե՞ առաջ. ոչ թե թլփատությունից հետո, այլ անթլփատության վիճակում։ Եվ թլփատության նշանն ընդունեց իբրև այն հավատի արդարության կնիք, երբ անթլփատ էր, որպեսզի նա հայր լիներ այն բոլոր հավատացյալներին, որոնք անթլփատությունից են, որպեսզի նրանց էլ արդարություն համարվի։ Եվ թլփատության հայր լինի ոչ միայն նրանց, ովքեր թլփատությունից են, այլ նրանց էլ, ովքեր այն հավատի հետքով են գնում, որ մեր հայր Աբրահամն անթլփատ ժամանակ ուներ։

Հիրավի Աբրահամին կամ նրա սերնդին աշխարհի ժառանգորդը լինելու խոստումը եղավ ոչ թե օրենքով, այլ հավատի արդարությամբ։ Որովհետև եթե ժառանգները օրենքի վրա հիմնվողներն են, ապա հավատն ունայն կլիներ, իսկ խոստումը կդրժվեր։ Որովհետև օրենքը բարկություն է ստեղծում, քանի որ որտեղ օրենք չկա, օրինազանցություն էլ չկա։ Դրա համար հավատից է ժառանգ լինելը, որպեսզի դա շնորհով լինի, որպեսզի խոստումը հաստատուն լինի ամբողջ սերնդի համար. ոչ միայն օրենք ունեցողի համար, այլ նաև նրա համար, ով Աբրահամի հավատից է, որ մեր բոլորի հայրն է, ինչպես որ գրված է. «Քեզ բազում ազգերի հայր կարգեցի»։ Եվ դա Աստծու առաջ, որին հավատաց, որ մեռելներին կենդանացնում է և չեղած բաները գոյության կոչում։ Երբ հույս չկար, նա հուսալով հավատաց, որ շատ ազգերի հայր է լինելու, ինչպես որ իրեն ասվեց. «Քո սերունդն այսպիսին է լինելու»։ Եվ հավատի մեջ չթուլացավ՝ իր մարմնին նայելով, որովհետև արդեն մեռածի պես էր՝ գրեթե հարյուր տարեկան լինելով, և ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն։ Եվ Աստծու խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն։ Եվ իր մտքում համոզված էր, որ նա, ով խոստացավ, կարող է և կատարել։ Դրա համար էլ նրան արդարություն համարվեց։ Բայց ոչ միայն նրա համար գրվեց, որ նրան արդարություն է համարվել, այլև մեզ համար, որ մեզ էլ է համարվելու, որ հավատում ենք նրան, ով մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ մատնվեց մեր հանցանքների համար ու հարություն առավ մեզ արդարացնելու համար։

Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ Որովհետև երբ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը որոշված ժամանակին մեռավ ամբարիշտների համար։ Քանի որ հազիվ թե մեկը արդարի համար մեռնի, բայց բարի մարդու համար գուցե մեկը համարձակվի մեռնել։ Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Հապա որքա՜ն առավել հիմա, երբ նրա արյունով արդարացած ենք, նրա բարկությունից փրկված կլինենք։ Որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, նրա հետ հաշտվեցինք իր Որդու մահով, ապա որքա՜ն առավել կփրկվենք նրա կյանքով, երբ հաշտվել ենք։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև Աստծով ենք պարծենում մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա հաշտությունն ընդունեցինք։

Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին։ Որովհետև մինչև օրենքը աշխարհում մեղքը կար, բայց այն մեղք չի համարվում, քանի դեռ օրենք չկա։ Բայց Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ Ադամի մեղքի պես մեղք չգործածների վրա. Ադամի, որ օրինակն է նրա, որ գալու էր։ Սակայն շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը. որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որքա՜ն առավել Աստծու շնորհն ու պարգևը ավելացան շատերի վրա մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով։ Դա պարգևի միջոցով չեղավ, ինչպես եղավ այն մեղանչածի հետ, որովհետև այն դատաստանը, որով դատապարտվեց օրինազանց Ադամը, կատարվեց մեկ մեղքի հանդեպ, սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն է տանում։ Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որքա՜ն առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ, ուրեմն, ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դատապարտվեցին, այնպես էլ բոլոր մարդիկ կարդարացվեն մեկի արդարությամբ, որ կյանք է տալիս։ Որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։ Բայց օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը. բայց որտեղ մեղքն ավելի եղավ, այնտեղ շնորհն առավել շատացավ, որպեսզի ինչպես որ մեղքը մահվան միջոցով թագավորեց, այնպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհը արդարությամբ թագավորի հավիտենական կյանքի համար։

Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մեջ, որ շնորհը բազմանա։ Քա՛վ լիցի. մենք, որ մեղքի պատճառով մեռանք, ինչպե՞ս կարող ենք տակավին նրա մեջ ապրել։ Կամ չգիտե՞ք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, նրա մահո՛վ մկրտվեցին։ Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։ Որովհետև եթե նրա մահվան նմանությամբ նրա հետ միացանք, ապա նրա հարությամբ նույնը կլինենք։ Իմացե՛ք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։ Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։ Իսկ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Գիտենք, որ Քրիստոսը, մեռելներից հարություն առնելով, այլևս չի մեռնում, մահը նրա վրա այլևս չի իշխում։ Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկ անգամ, իսկ նա, որ կենդանի է, Աստծու համար է կենդանի։ Նույնպես էլ դուք ձեզ մեղքի համար մեռած համարեք, իսկ Աստծու համար՝ կենդանի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Արդ թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք։ Եվ ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրե՛ք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության զենք՝ Աստծուն։ Որովհետև մեղքը ձեզ վրա չպիտի իշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի։

Արդ ի՞նչ, մե՞ղք գործենք, որովհետև օրենքի տակ չենք, այլ շնորհի։ Քա՛վ լիցի։ Դուք չգիտե՞ք, որ ում ինքներդ ձեզ ծառա ներկայացնեք՝ նրան հնազանդվելու, ծառաներ եք նրան, որին հնազանդվում եք. թե՛ մեղքին, որ դեպի մահ է տանում, և թե՛ հնազանդությանը՝ դեպի արդարություն։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, սակայն սրտով հնազանդվեցիք այն վարդապետության օրինակին, որը ձեզ ավանդվեց։ Ուրեմն մեղքից ազատվելով՝ ծառա դարձաք արդարությանը։ Ձեր՝ բնույթով տկարության համար մարդկային ձևով եմ ասում. ինչպես որ ձեր անդամները պղծությանը և անօրենությանը ծառա մատուցեցիք անօրենության համար, այնպես էլ հիմա ձեր անդամները արդարությա՛նը ծառա մատուցեք սրբագործվելու համար։ Որովհետև երբ մեղքի ծառաներ էիք, ազատ էիք արդարությունից։ Արդ այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք, որի համար հիմա ամաչում եք, որովհետև դրանց վերջը մահն է։ Բայց հիմա, որ մեղքից ազատված եք և Աստծու ծառա եք դարձել, սրբագործվելու համար ձեր պտուղն ունեք, և դրա վերջը հավիտենական կյանքն է։ Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Կամ չգիտե՞ք, եղբայրնե՛ր, քանզի օրենքին գիտակ մարդկանց եմ ասում, որ օրենքը մարդու վրա իշխում է, քանի դեռ նա կենդանի է։ Որովհետև ամուսնացած կինն իր ամուսնու հետ կապված է օրենքով նրա կենդանության ժամանակ. բայց եթե ամուսինը մեռնի, ամուսնության օրենքից ազատված կլինի։ Ուրեմն քանի դեռ ամուսինը կենդանի է, նա շնացող կհամարվի, եթե ուրիշ տղամարդու պատկանի։ Բայց եթե ամուսինը մեռնի, օրենքից ազատ կլինի ու շնացող չի համարվի, եթե ուրիշ տղամարդու պատկանի։ Այդպես էլ դուք, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնով օրենքի համար մեռաք, որպեսզի ուրիշինը լինեք, նրանը, ով մեռելներից հարություն է առել, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։ Որովհետև քանի դեռ մարմնի մեջ էինք, մեղսավոր կրքերը, որ օրենքի պատճառով էին, զորանում էին մեր անդամների մեջ, որպեսզի մենք պտղաբեր լինենք մահվան համար։ Բայց այժմ օրենքից ազատված ենք, որովհետև մեռանք այն բանի համար, որով գերեվարված էինք, որպեսզի հոգու նորոգմամբ ծառայենք և ոչ թե հին գրով։

Արդ ի՞նչ ասենք. օրենքը մե՞ղք է. քա՛վ լիցի։ Բայց ես մեղքը չէի ճանաչի, եթե ոչ օրենքի միջոցով, և ցանկությունն էլ չէի ճանաչի, եթե օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր»։ Պատվիրանը առիթ դարձավ մեղքի, իմ մեջ ամեն տեսակ ցանկություն առաջացրեց, որովհետև առանց օրենքի մեղքը մեռած է։ Ես էլ մի ժամանակ ապրում էի առանց օրենքի, բայց երբ պատվիրանը եկավ, մեղքը վերակենդանացավ։ Իսկ ես մեռա, և այն պատվիրանը, որ կյանքի համար էր, ինձ համար մահվան պատճառ դարձավ, որովհետև մեղքը պատվիրանով առիթ գտավ, ինձ խաբեց ու դրանով սպանեց։ Հետևաբար օրենքը սուրբ է, պատվիրանն էլ է սուրբ, արդար ու բարի։

Ուրեմն ինձ համար բարի՞ն մահ դարձավ. քա՛վ լիցի, այլ մեղքը. որպեսզի մեղքը առավել մեղավոր երևա պատվիրանի միջոցով, որ բարի է, ինձ մահ պատճառեց։ Որովհետև գիտենք, որ օրենքը հոգևոր է, բայց ես մարմնավոր եմ՝ մեղքին վաճառված։ Քանզի չգիտեմ ինչ եմ անում, քանի որ այն չեմ անում, ինչ որ ուզում եմ, այլ այն եմ անում, ինչ որ ատում եմ։ Եվ եթե այն եմ անում, ինչ որ չեմ ուզում, օրենքի հետ համաձայնում եմ, որ բարի է։ Ապա ուրեմն այն ոչ թե ես եմ անում, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ Գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնում, բարի բան չի բնակվում, քանի որ իմ մեջ ցանկանալը կա, բայց բարին գործելու կարողությունը չեմ գտնում։ Որովհետև անում եմ ոչ թե բարին, որ ուզում եմ, այլ անում եմ չարը, որ չեմ ուզում։ Ուրեմն եթե անում եմ այն, ինչ ես չեմ ուզում, այլևս ե՛ս չեմ անում, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ Երբ ես ուզում եմ բարին անել՝ հետևելով օրենքին, չարն եմ անում։ Որովհետև ես Աստծու օրենքը հավանում եմ ըստ ներքին մարդու, բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որ պայքարում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է վերցնում այն մեղքի օրենքով, որ իմ անդամներում է։ Ես ի՜նչ թշվառ մարդ եմ. մահվան դատապարտված այս մարմնից ո՞վ կազատի ինձ։ Աստծուց շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ, ուրեմն ես ինքս մտքով Աստծու օրենքին եմ ծառայում, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին։

Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ Որովհետև Հիսուս Քրիստոսով կենարար Հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ Այն, ինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմինն այն տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց՝ ուղարկելով իր Որդուն մեղավոր մարմնի նմանությամբ և մեղքի համար, և մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ Հոգու։ Որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ Հոգու եղողները՝ հոգևոր։ Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ Հոգու խորհելը՝ կյանք ու խաղաղություն։ Որովհետև ըստ մարմնի խոկումը Աստծու դեմ թշնամություն է, քանի որ Աստծու օրենքին չի հնազանդվում և չի էլ կարող։ Եվ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել։ Բայց դուք մարմնին չեք հետևում, այլ Հոգուն, եթե Աստծու Հոգին ձեր մեջ է բնակվում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։ Բայց եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի պատճառով, իսկ հոգին կյանք է տալիս արդարության պատճառով։ Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։

Ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնի՛ն չենք պարտական՝ ըստ մարմնի ապրելով. որովհետև եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերն սպանեք, կապրեք։ Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են։ Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։ Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք։

Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։ Որովհետև ստեղծագործությունը անհամբերությամբ ակնկալում է Աստծու որդիների հայտնությանը։ Քանի որ ստեղծագործությունը ունայնությանը հնազանդվեց ոչ իր կամքով, այլ նրա, ով հնազանդեցրեց այն հույսով, որ ստեղծագործությունն ինքը ևս ապականության ծառայությունից կազատվի՝ Աստծու որդիների փառքի ազատության մեջ մտնելու համար։ Որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա հառաչում է ու ցավի մեջ է։ Եվ ոչ միայն նա, այլ ինքներս էլ, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք էլ մեր մեջ հառաչում ենք՝ սպասելով որդեգրությանը, այսինքն՝ մեր մարմնի փրկությանը, որովհետև այս հույսով փրկվեցինք. բայց այն հույսը, որ տեսանելի է, հույս չէ, քանի որ այն, ինչ որևէ մեկը տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա։ Սակայն եթե ինչ որ չենք տեսնում, նրա՛ հույսն ունենք, ապա համբերությամբ սպասում ենք։

Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։ Եվ սրտերը քննողը գիտի, թե Հոգին ի՛նչ է խորհում, որովհետև Աստծուն վայել կերպով բարեխոսում է սրբերի համար։

Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։ Որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինել իր Որդու պատկերին, որպեսզի նա անդրանիկը լինի բազում եղբայրների մեջ։ Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, որոնց որ կանչեց, նրանց նաև արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։

Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ։ Նա, որ իր Որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։ Ո՞վ է, որ Աստծու ընտրյալներին մեղադրելու է. Աստված է, որ արդարացնում է։ Ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, ավելին՝ որ հարություն էլ առավ, Աստծու աջ կողմում է և մեզ համար բարեխոս էլ է։ Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը։ Ինչպես որ գրված է. «Ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք և որպես մորթվելու ոչխար համարվեցինք»։

Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց։ Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։

Ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և սուտ չեմ ասում. խիղճս էլ է ինձ Սուրբ Հոգով վկայում, որ տրտմությունս մեծ է, իսկ սրտիս ցավը՝ անհատնում։ Կցանկանայի ես ինքս Քրիստոսից նզովված լինել իմ եղբայրների ու ըստ մարմնի իմ ազգակիցների համար, որ իսրայելացի են. նրանցն են որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենքի տվչությունը, պաշտամունքը և խոստումները, նրանցն են հայրերը, որոնցից է նաև Քրիստոսը ըստ մարմնի, որ ամենից վեր է՝ հավիտյանս օրհնյալ Աստված. ամեն։

Բայց ոչ իբրև թե Աստծու խոսքը ձախողվել է. որովհետև ոչ բոլորը, ովքեր Իսրայելից են, Իսրայելն են, և ոչ բոլորը, ովքեր Աբրահամի սերնդից են, նրա որդիներ են. այլ «Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի»։ Այսինքն՝ ոչ թե ըստ մարմնի որդիներն են Աստծու որդիներ, այլ խոստման որդիներն են սերունդ համարվում։ Որովհետև խոստումի խոսքը սա է՝ «Այս ժամանակ կգամ, և Սառան որդի կունենա»։ Եվ ոչ միայն այսքանը. Ռեբեկան ևս, որ մեկ մարդուց հղիացավ՝ մեր հայր Իսահակից։ Որովհետև նրանք քանի դեռ չէին ծնվել և մի բարի կամ չար գործ չէին արել, որպեսզի համաձայն ընտրության՝ Աստծու ծրագիրը հաստատվի և կախված չլինի գործերից, այլ կանչողից, նրան ասվեց. «Ավագը պիտի փոքրին ծառայի», ինչպես գրված է. «Հակոբին սիրեցի, իսկ Եսավին ատեցի»։

Հիմա ի՞նչ ասենք. Աստծու մոտ մի՞թե անարդարություն կա. քա՛վ լիցի։ Որովհետև Մովսեսին ասում է. «Ողորմելու եմ, ում որ ողորմելու եմ, և գթալու եմ, ում որ գթալու եմ»։ Ուրեմն ողորմությունը կախված չէ կամեցողից, ո՛չ էլ ջանք գործադրողից, այլ Աստծուց, որ ողորմում է։ Որովհետև Գիրքը փարավոնին ասում է. «Քեզ հենց նրա համար բարձրացրի, որ քեզանով իմ զորությունը ցույց տամ, և ամբողջ երկրում իմ անունը հռչակվի»։ Արդ ում կամենում է, ողորմում է, և ում կամենում է, խստացնում է։

Հիմա պիտի ասես. «Էլ ինչո՞ւ է մեղադրում. նրա կամքին ո՞վ հակառակ կկանգնի»։ Բայց դու ո՞վ ես, մա՛րդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իրեն Ստեղծողին կարող է ասել. «Ինձ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր»։ Մի՞թե բրուտը կավի վրա իշխանություն չունի, որ նույն շաղախից անոթ շինի. մեկը՝ պատվական, մյուսը՝ անտաշ։ Եվ ի՞նչ, եթե Աստված կամենում էր իր բարկությունը ցույց տալ և իր զորությունը հայտնի դարձնել. մեծ համբերությամբ բարկության արժանի անոթներին հանդուրժեց, որ կորստյան համար էին պատրաստվել։ Եվ որպեսզի հայտնի դարձնի իր փառքի մեծությունը ողորմության արժանի անոթների վրա, որոնք փառքի համար էր նախապատրաստել, նա մեզ ևս կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլև հեթանոսների, ինչպես որ Օվսեեի միջոցով է ասում. «Նրան, որ իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կկոչեմ, և որ ինձ սիրելի չէր, սիրելի։

Եվ այնպես կլինի, որ այնտեղ, որտեղ նրանց ասվեց՝ “Դուք իմ ժողովուրդը չեք”, այնտեղ նրանք կենդանի Աստծու որդիներ կկոչվեն»։

Եսային Իսրայելի մասին աղաղակում է. «Իսրայելի որդիների թիվը թեկուզ ծովի ավազի չափ շատ լինի, միայն մնացորդը կփրկվի, որովհետև Տերն անհապաղ և վճռական մի բան է անելու երկրի վրա»։ Ինչպես որ Եսային կանխասաց. «Եթե Զորությունների Տերը մեզ համար սերունդ թողած չլիներ, մենք Սոդոմի պես կլինեինք ու Գոմորին կնմանվեինք»։

Արդ ի՞նչ ասենք. հեթանոսները, որոնք արդարությանը չէին հետևում, արդարության հասան, այն արդարությանը, որ հավատից է։ Մինչդեռ Իսրայելը, որ հետևում էր արդարությանը՝ օրենքը պահելով, արդարության չհասավ։ Ինչո՞ւ. որովհետև ոչ թե հավատով, այլ իբր օրենքի գործերով էին ուզում հասնել։ Նրանք գայթակղության քարի վրա գլորվեցին, ինչպես գրված է. «Ահա ես Սիոնում դնում եմ ժայռ գլորման և քար գայթակղության, և ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու»։

Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագն ու աղոթքն Աստծուն նրանց համար են, որպեսզի փրկվեն։ Քանզի վկայում եմ նրանց, որ Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ո՛չ գիտակցաբար, որովհետև նրանք Աստծու արդարությունը չգիտենալով և իրենց արդարությունը հաստատել փորձելով՝ Աստծու արդարությանը չհնազանդվեցին։ Օրենքի վախճանը Քրիստոսն է ամեն հավատացյալի արդարացման համար։

Մովսեսը գրում է այն արդարության մասին, որ օրենքից է բխում. «Այս բաներն իրագործող մարդը դրանցով կապրի»։ Բայց հավատից բխող արդարության մասին այսպես է ասում. «Քո սրտում չասես՝ “Ո՞վ է երկինք բարձրանալու”», այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու համար, կամ՝ «Ո՞վ է անդունդ իջնելու», այսինքն՝ Քրիստոսին մեռելներից վեր հանելու համար։ Իսկ Գիրքն ի՞նչ է ասում. «Խոսքը մոտ է քեզ, քո բերանում և քո սրտում է», այսինքն՝ հավատի խոսքը, որ մենք քարոզում ենք։ Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես. քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար։ Որովհետև Գիրքն ասում է. «Ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու»։ Հրեայի և հույնի միջև խտրություն չկա, որովհետև բոլորի Տերը նույնն է, առատաձեռն բոլորի հանդեպ, ովքեր կանչում են իրեն։ Քանի որ ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի։

Արդ ինչպե՞ս կկանչեն նրան, ում չհավատացին, կամ ինչպե՞ս կհավատան նրան, ում մասին չլսեցին, կամ ինչպե՞ս կլսեն առանց քարոզչի։ Եվ ինչպե՞ս կքարոզեն, եթե չուղարկվեն։ Ինչպես որ գրված է. «Ի՜նչ գեղեցիկ են նրանց ոտքերը, ովքեր բարի ավետիսն են քարոզում»։ Բայց բոլորը չէ, որ Ավետարանին հնազանդ եղան։ Եսային ասում է. «Տե՛ր, մեր ավետիսին ո՞վ հավատաց»։ Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից։ Բայց ես ասում եմ. «Մի՞թե չլսեցին, մանավանդ որ “նրանց ձայնը ողջ երկրով մեկ եկավ, և նրանց խոսքը՝ մինչև աշխարհի ծայրերը”»։

Բայց ասում եմ. «Իսրայելը մի՞թե չիմացավ»։ Նախ Մովսեսն է ասում. «Ես ձեր նախանձը շարժելու եմ մի ժողովրդով, որ ժողովուրդ չէ, և մի անմիտ ազգով ձեզ բարկացնելու եմ»։

Սակայն Եսային համարձակ ասում է. «Ինձ գտան նրանք, ովքեր ինձ չէին փնտրում, և հայտնվեցի նրանց, ովքեր իմ մասին չէին հարցնում»։

Բայց Իսրայելին ասում է. «Ամբողջ օրը ձեռքերս երկարեցի մի անհնազանդ ու հակառակվող ժողովրդի»։

Արդ հարցնում եմ. «Մի՞թե Աստված իր ժողովրդին մերժեց». քա՛վ լիցի, որովհետև ես էլ իսրայելացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից։ Աստված չմերժեց իր ժողովրդին, որին կանխավ ճանաչեց։ Կամ չգիտե՞ք, թե Գիրքը Եղիայի մասին ի՛նչ է ասում. ինչպե՛ս է նա Աստծուն Իսրայելի դեմ գանգատվում. «Տե՛ր, քո մարգարեներին կոտորեցին ու քո զոհասեղանները կործանեցին. միայն ես մնացի, և իմ կյանքն են ուզում»։ Իսկ Աստծու պատասխանը նրան ի՞նչ է ասում. «Ինձ համար յոթ հազար այր թողեցի, որոնք Բահաղին չծնրադրեցին»։ Նույն կերպ էլ ներկայումս մարդկանց մի մնացորդ կա շնորհի ընտրության համաձայն։ Իսկ եթե շնորհով է, ուրեմն այլևս գործերից չէ. այլապես շնորհն այլևս շնորհ չի լինի։ Ուրեմն ի՞նչ. այն, ինչ Իսրայելը փնտրում էր, չհասավ դրան, սակայն ընտրյալները հասան, իսկ մյուսները կուրացան, ինչպես որ գրված է. «Աստված նրանց թմրության հոգի տվեց, աչքեր, որոնցով չեն տեսնելու, ու ականջներ, որոնցով չեն լսելու մինչև այսօր»։

Դավիթն էլ ասում է. «Նրանց սեղանը թող որոգայթ դառնա նրանց համար, խայծ և գայթակղություն ու հատուցում նրանց։

Նրանց աչքերը թող խավարեն, որպեսզի չտեսնեն, ու նրանց թիկունքները միշտ կորացա՛ծ պահիր»։

Ուրեմն հարցնում եմ. «Մի՞թե սայթաքեցին, որ կործանվեն». քա՛վ լիցի։ Բայց նրանց անկումը հեթանոսների համար փրկություն եղավ, որպեսզի նրանց նախանձը շարժեր։ Սակայն եթե նրանց անկումը դարձավ աշխարհի հարստություն, և նրանց պարտությունը՝ հեթանոսների հարստություն, ապա որքա՜ն առավել՝ նրանց լիակատար դարձը։

Բայց ձեզ՝ հեթանոսներիդ, ասում եմ. քանի որ ես հեթանոսների առաքյալ եմ, մեծարելու եմ իմ պաշտոնը, որպեսզի թերևս իմ ազգակիցների նախանձը շարժեմ ու նրանցից ոմանց փրկեմ։ Որովհետև եթե նրանց մերժումն աշխարհի հաշտություն է, ապա նրանց ընդունելությունն ի՞նչ կլինի, եթե ոչ մեռելներից կենդանացում։ Եթե երախայրին սուրբ է, ապա խմորն էլ է սուրբ, և եթե արմատը սուրբ է, ապա ճյուղերն էլ են սուրբ։

Բայց եթե ճյուղերից մի քանիսը կոտրվեցին, իսկ դու, որ վայրի ձիթենի էիր, նրանց վրա պատվաստվեցիր և արմատին ու ձիթենու պարարտությանը հաղորդակից դարձար, այն ճյուղերի առաջ մի՛ պարծենա. իսկ եթե պարծենաս, իմացի՛ր, որ դո՛ւ չես արմատը պահում, այլ արմատը՝ քեզ։ Արդ կասես. «Ճյուղերը կոտրվեցին, որպեսզի ես պատվաստվեմ»։ Լա՛վ. նրանք անհավատության պատճառով կոտրվեցին, իսկ դու հավատով հաստատվեցիր. մի՛ մեծամտացիր, այլ վախեցի՛ր, որովհետև եթե Աստված բուն ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայի։ Արդ տե՛ս Աստծու բարությունը և խստությունը. կործանվածների նկատմամբ՝ խստություն և քո նկատմամբ՝ բարություն, եթե այդ բարության մեջ մնաս. այլապես դու էլ կկտրվես։ Նրանք ևս, եթե անհավատության մեջ չմնան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է նրանց կրկին պատվաստել։ Քանի որ եթե դու ի բնե վայրի ձիթենուց կտրվեցիր ու բնությանը հակառակ՝ լավ ձիթենու վրա պատվաստվեցիր, որքա՜ն առավել նրանք, ովքեր բուն ճյուղերն են և իրենց ձիթենու վրա են պատվաստվելու։

Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ այս խորհուրդը չիմանաք և ձեզ իմաստուն կարծեք. Իսրայելի մեկ մասի վրա եկած կուրությունը կշարունակվի մինչև բոլոր հեթանոսների մտնելը։ Եվ այսպես Իսրայելը կփրկվի, ինչպես որ գրված է. «Սիոնից Փրկիչը կգա և ամբարշտությունները Հակոբից կհեռացնի։

Իմ կողմից ուխտը նրանց հետ սա է, երբ նրանց մեղքերը կվերացնեմ»։

Ավետարանի համաձայն՝ նրանք թշնամի են ձեր պատճառով, ընտրության տեսակետից՝ սիրելի են հայրերի միջոցով. որովհետև Աստծու շնորհն ու կոչումը անփոփոխելի են։ Ինչպես որ դուք էլ մի ժամանակ Աստծուն չէիք հնազանդվում, իսկ հիմա նրանց անհնազանդությամբ ողորմություն եք գտել, այնպես էլ նրանք այժմ անհնազանդ եղան ձեր ողորմածության համար, որպեսզի իրենք էլ ողորմություն գտնեն։ Որովհետև Աստված բոլորին անհավատության մեջ փակեց, որպեսզի բոլորին էլ ողորմի։

«Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։

Ո՞վ Տիրոջ միտքն իմացավ, կամ ո՞վ նրան խորհրդատու եղավ։

Կամ նրան ո՞վ նախապես մի բան տվեց, որպեսզի դրա հատուցումը նրանից ստանա։

Որովհետև նրանից, նրանով ու նրա համար է ամեն բան. նրան փա՜ռք հավիտյան. ամեն»։

Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։

Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց։ Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազում անդամներ ունենք, և այդ բոլոր անդամները նույն գործառույթը չունեն, այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք։ Միայն թե զանազան պարգևներ ունենք ըստ այն շնորհի, որ մեզ տրված է. եթե դա մարգարեության շնորհն է, թող հավատի չափով գործածի, եթե ծառայության, թող ծառայության մեջ լինի, եթե մեկը ուսուցանող է, թող ուսուցանելու մեջ լինի, թե հորդորող է, հորդորանքի մեջ, թե բաշխող է, թող զվարթությամբ կատարի, թե վերակացու է կարգված, ջանասիրությամբ, թե ողորմած է, ուրախությամբ, թող սերը առանց կեղծիքի լինի. չարն ատե՛ք և բարո՛ւն հետևեք։ Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասի՛րտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցե՛ք։ Ջանասիրության մեջ մի՛ ծուլացեք, հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք։ Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։ Սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրությա՛ն հետևեք։ Ձեզ հալածողներին օրհնե՛ք, օրհնե՛ք ու մի՛ անիծեք։ Ուրախացողների հետ ուրախացե՛ք և լացողների հետ լացե՛ք։ Միմյանց նկատմամբ նույն վերաբերմո՛ւնքն ունեցեք. մեծամիտ մի՛ եղեք, այլ խոնարհների հե՛տ շփվեք. ինքներդ ձեզ իմաստուն մի՛ համարեք։ Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։ Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։ Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ»,- ասում է Տերը։ Բայց՝ «Եթե քո թշնամին քաղցած է, հա՛ց տուր նրան, իսկ եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան, որովհետև այս անելով՝ նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես»։ Չարից մի՛ պարտվիր, այլ բարիո՛վ հաղթիր չարին։

Ամեն մարդ թող հնազանդվի իր վրա եղած իշխանություններին, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։ Ուրեմն իշխանությանը հակառակվողն Աստծու հրամանին է հակառակվում, և հակառակվողներն իրենք իրենց վրա դատապարտություն են վերցնում։ Որովհետև իշխանավորները բարի գործերի համար վախ չեն ազդում, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր ու նրանից գովասանք կստանաս, որովհետև իշխողը քեզ համար Աստծու սպասավորն է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև սուրն իզուր տեղը չի կրում։ Նա Աստծու սպասավորն է՝ չարիք գործողին բարկությամբ պատժելու համար։ Դրա համար պետք է հնազանդ լինել ոչ միայն բարկության վախի պատճառով, այլ խղճի համար ևս։ Դրա համար եք նաև հարկ վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներ են այդ բանը հոգալու համար։ Ուրեմն վճարե՛ք ամեն մեկին իրեն հասանելիքը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին վախ՝ վախը, որին պատիվ՝ պատիվը։

Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ընկերոջը սիրողն օրենքը կատարել է։ Քանի որ «Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Մի՛ գողացիր», «Սուտ մի՛ վկայիր», «Մի՛ ցանկացիր» և ուրիշ ի՛նչ պատվիրաններ էլ որ կան, այս խոսքի մեջ են բովանդակվում՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»։ Սերն ընկերոջ նկատմամբ չարիք չի գործի. ուրեմն օրենքի լրումը սերն է։

Ժամանակի հետ կապված՝ սա՛ էլ իմացեք. արդեն քնից զարթնելու ժամն է, որովհետև այժմ փրկությունը մեզ ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացինք։ Գիշերն անցել է, ու ցերեկը՝ մոտեցել, ուրեմն խավարի գործերը դեն գցենք և լույսի զենքերը հագնենք։ Ինչպես ցերեկը, պարկեշտությա՛մբ շրջեք, ոչ թե անառակություններով ու հարբեցողությամբ, անկողնային խառնակությամբ ու պղծություններով, ո՛չ հակառակությամբ, ո՛չ էլ նախանձով։ Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով ու մարմնի մասին մի՛ հոգացեք ցանկությունը բավարարելու համար։

Հավատի մեջ տկարացածին ընդունե՛ք՝ առանց նրա կարծիքները քննադատելու։ Մեկի հավատը թույլ է տալիս ամեն ինչ ուտել, իսկ մյուսը, որ տկար է, միայն բանջարեղեն է ուտում։ Ուտողը թող չուտողին չանարգի, իսկ չուտողն էլ թող ուտողին չդատի, որովհետև Աստված նրան ընդունել է։ Դու ո՞վ ես, որ ուրիշի ծառային դատում ես. նա իր Տիրոջ համար է կանգուն կամ ընկած. բայց նա կկանգնի, որովհետև Աստված կարող է նրան վեր կանգնեցնել։ Մեկը օրն օրից վեր է դասում, իսկ մյուսը բոլոր օրերը հավասար է համարում. ամեն մեկը թող իր մտքի համոզմամբ վարվի։ Օրերը հաշվի առնողը Տիրոջ համար է հաշվի առնում, իսկ օրերը հաշվի չառնողը Տիրոջ համար հաշվի չի առնում։ Ով ուտում է, Տիրոջ համար է ուտում և Աստծուն գոհություն հայտնում, իսկ ով չի ուտում, Տիրոջ համա՛ր չի ուտում և Աստծուն գոհություն հայտնում։ Որովհետև մեզանից ոչ ոք ինքն իր համար չի ապրում, և ոչ ոք ինքն իր համար չի մեռնում։ Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, իսկ թե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Ուրեմն թե ապրենք և թե մեռնենք, Տիրոջն ենք։ Հենց դրա համար Քրիստոսը մեռավ ու կենդանացավ, որ մեռածների և կենդանիների վրա տիրի։ Բայց դու ինչո՞ւ ես քո եղբորը դատում կամ ինչո՞ւ ես քո եղբորն անարգում. որովհետև բոլորս էլ Քրիստոսի ատյանի առջև ենք կանգնելու։ Որովհետև գրված է. «Ես կենդանի եմ,- ասում է Տերը,- ամեն ծունկ իմ առաջ պետք է ծալվի, և ամեն լեզու Աստծուն պիտի խոստովանի»։

Ուրեմն մեզանից ամեն մեկն իր համար Աստծուն պետք է հաշիվ տա։

Այսուհետև այլևս իրար չդատենք, այլ ավելի մտածե՛ք, որ եղբոր համար անկման կամ գայթակղության պատճառ չլինեք։ Գիտեմ և համոզված եմ Տեր Հիսուսով, որ ոչ մի բան ինքնին պիղծ չէ. միայն ով մի բան պիղծ է համարում, իր համար է պիղծ։ Եթե ուտելիքի պատճառով քո եղբայրը տրտմում է, ուրեմն դու նրա հետ այլևս սիրով չես վարվում. քո ուտելիքով կորստյան մի՛ մատնիր նրան, ում համար Քրիստոսը մեռավ։ Ձեր բարին թող չչարախոսվի։ Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։ Ով այս կերպով է ծառայում Քրիստոսին, Աստծուն հաճելի է ու մարդկանց՝ գովելի։ Ուրեմն հետևե՛ք խաղաղությանը և միմյանց ամրապնդելուն։ Ուտելիքի պատճառով Աստծու գործը մի՛ քանդիր։ Ամեն բան մաքուր է, բայց չար է այն մարդու համար, որը գայթակղության պատճառ դառնալով է ուտում։ Լավ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել ու ո՛չ էլ որևէ բան անել, որից քո եղբայրը սայթաքում է։ Դու, որ հավատ ունես, քեզ համա՛ր ունեցիր Աստծու առաջ։ Երանի նրան, ով իրեն չի դատապարտի նրանով, ինչով փորձության է ենթարկում։ Իսկ նա, ով կասկածում է, որ եթե ուտի, դատապարտված է, հավատից չէ։ Ամեն բան, որ հավատից չէ, մեղք է։

Մենք, որ զորավոր ենք, պարտավոր ենք տկարների տկարությունը տանել և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինել։ Մեզանից ամեն մեկը թող ընկերոջը հաճելի լինի բարին գործելու մեջ՝ նրան ամրապնդելու համար։ Որովհետև Քրիստոսն էլ ոչ թե ինքն իրեն հաճելի եղավ, այլ ինչպես որ գրված է. «Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկան»։ Ինչ որ գրվել է, մեր սովորելու համար է գրվել, որպեսզի համբերությամբ և Գրքերի մխիթարությամբ հույս ունենանք։ Եվ համբերության ու մխիթարության Աստվածը թող շնորհի ձեզ միմյանց հետ համախոհ լինել ըստ Քրիստոս Հիսուսի, որպեսզի միաբան ու միաբերան փառավորեք Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը։

Դրա համար միմյանց ընդունե՛ք, ինչպես որ Քրիստոսը ձեզ ընդունեց Աստծու փառքի համար։

Բայց ասում եմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծու ճշմարտության համար թլփատվածների սպասավոր եղավ, որպեսզի հայրերին տրված խոստումները հաստատի։ Իսկ հեթանոսները ողորմության համար փառավորում են Աստծուն, ինչպես որ գրված է. «Դրա համար գոհություն պիտի հայտնեմ քեզ հեթանոսների մեջ ու քո անվանը սաղմոս պիտի երգեմ»։

Եվ դարձյալ ասում է. «Ուրախացե՜ք, հեթանոսնե՛ր, նրա ժողովրդի հետ»։

Եվ դարձյալ՝ «Օրհնե՛ք Տիրոջը, բոլո՛ր հեթանոսներ, և գովե՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ»։

Եվ դարձյալ Եսային ասում է. «Հեսսեի արմատը պիտի ելնի, և նա, որ հեթանոսների իշխան պիտի կանգնի, հեթանոսները հույսը նրա վրա պիտի դնեն»։

Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։

Ես ինքս էլ, եղբայրնե՛ր իմ, ձեզ համար համոզված եմ, որ դուք լի եք բարությամբ, լի եք ամենայն գիտությամբ, որ կարող եք միմյանց խրատել։ Բայց մասամբ ավելի համարձակ գրեցի ձեզ, որպեսզի հիշեցնեմ ձեզ Աստծուց ինձ տրված շնորհի մասին. որ ես հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորն եմ, Աստծու Ավետարանը մատուցողը, որպեսզի ընդունելի լինի հեթանոսների ընծան՝ սրբագործված Սուրբ Հոգով։ Արդ Աստծու առաջ Քրիստոս Հիսուսով պարծենալու բան ունեմ։ Չեմ համարձակվում խոսել այն բանի մասին, ինչ Քրիստոսը չի գործել իմ միջոցով հեթանոսներին հնազանդեցնելու համար՝ խոսքով ու գործով, նշանների և հրաշքների զորությամբ, Աստծու Հոգու զորությամբ. այնպես որ ես, Երուսաղեմից սկսած շրջելով մինչև լյուրիկացիների կողմերը, տարածել եմ Քրիստոսի Ավետարանը։ Այսպես արժանի համարեցի Ավետարանը քարոզել այնտեղ, որտեղ Քրիստոսի անունը հռչակված չէր, որպեսզի չլինի թե ուրիշի դրած հիմքի վրա կառուցեմ, այլ ինչպես որ գրված է. «Նրանք, որոնց նրա մասին չի պատմվել, պիտի տեսնեն, և ովքեր չէին լսել, պիտի ընկալեն»։

Դրա համար շատ անգամ ձեզ մոտ գալու արգելքներ եղան։ Բայց այժմ, երբ այս կողմերում այլևս գործելու տեղ չկա, և շատ տարիներ ի վեր ձեզ մոտ գալու փափագ ունեմ, երբ Իսպանիա գնամ, հույս ունեմ անցնելիս ձեզ տեսնել և ձեր օգնությամբ այնտեղ ճանապարհվել, եթե նախ ձեզանով փոքր-ինչ լիանամ։ Բայց հիմա գնում եմ Երուսաղեմ՝ սրբերին ծառայելու։ Որովհետև մակեդոնացիներն ու աքայացիները հաճեցին մասնակից լինել Երուսաղեմում գտնվող աղքատ սրբերի կարիքների օժանդակությանը։ Հաճեցին, քանզի նաև պարտական են նրանց, որովհետև եթե հեթանոսները նրանց հոգևոր բարիքներին հաղորդակից եղան, պարտավոր են նաև նրանց նյութական կարիքներին ծառայել։ Արդ, այս կատարելով ու հավաքած արդյունքը նրանց հանձնելով՝ ձեր մոտով Իսպանիա կանցնեմ։ Գիտեմ, որ երբ ձեզ մոտ գամ, Քրիստոսի Ավետարանի առատ օրհնությամբ կգամ։

Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսով և Հոգու սիրով, որ ինձ մարտակից լինեք՝ ինձ համար առ Աստված աղոթելով, որպեսզի ազատվեմ այն անհնազանդներից, որ Հրեաստանում են, և իմ ծառայությունը, որ մատուցելու եմ Երուսաղեմում, սրբերին ընդունելի լինի, որ Աստծու կամքով ուրախությամբ ձեզ մոտ գամ ու ձեզ հետ հանգստանամ։ Եվ խաղաղության Աստվածը թող ձեզ բոլորիդ հետ լինի. ամեն։

Ձեզ եմ ներկայացնում Փիբեին՝ մեր քրոջը, որ Կենքրայի եկեղեցու սպասավորն է, որպեսզի նրան Տիրոջով ընդունեք, ինչպես որ վայել է սրբերին, հոգ տանեք նրան, ինչ կարիքի համար էլ ձեզ դիմի, որովհետև նա ինքն էլ հոգաց շատերին և հենց ինձ։

Ողջունե՛ք Պրիսկիղային, Ակյուղասին՝ Քրիստոս Հիսուսով իմ գործընկերներին, որոնք կյանքս փրկելու համար իրենց պարանոցը սրի տակ դրեցին՝ վտանգի ենթարկվելով, և որոնց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները. ողջունե՛ք նաև նրանց տանը հավաքվող եկեղեցուն։ Ողջունե՛ք Եպենետոսին՝ իմ սիրելիին, որ Ասիայից Քրիստոսի առաջին պտուղն է։ Ողջունե՛ք Մարիամին, որ շատ աշխատեց ձեզ համար։ Ողջունե՛ք Անդրոնիկոսին և Հունիային՝ իմ ազգականներին և բանտակիցներին, որոնք առաքյալների մեջ երևելի են և որոնք ինձանից առաջ են Քրիստոսին պատկանել։ Ողջունե՛ք Ամպղիասին՝ իմ սիրելիին Տիրոջով։ Ողջունե՛ք Ուրբանոսին՝ Քրիստոսով մեր գործակցին, և Ստաքեսին՝ իմ սիրելիին։ Ողջունե՛ք Ապեղեսին, որ փորձված է Քրիստոսով։ Ողջունե՛ք նրանց, որ Արիստոբուղոսի ընտանիքից են։ Ողջունե՛ք Հերովդիոնին՝ իմ ազգականին։ Ողջունե՛ք նրանց, որ Նարկիսոսի ընտանիքից են և Տիրոջ մեջ են։ Ողջունե՛ք Տրիփեային ու Տրիփոսային, որ աշխատում են Տիրոջ համար։ Ողջունե՛ք սիրելի Պերսիդային, որ Տիրոջ համար շատ աշխատեց։ Ողջունե՛ք Ռուփոսին, որ ընտրված է Տիրոջով, և նրա մորը, որ նաև ինձ է մայր։ Ողջունե՛ք Ասյունկրիտոսին, Փղեգոնին, Երմասին, Պատրոբասին, Երմեսին և եղբայրներին, որ նրանց հետ են։ Ողջունե՛ք Փիղողոգոսին, Հուլիային, Ներեասին ու նրա քրոջը, Ողիմպիային ու բոլոր սրբերին, որ նրանց հետ են։ Սուրբ համբույրով ողջունե՛ք միմյանց։ Քրիստոսի բոլոր եկեղեցիները ողջունում են ձեզ։

Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ զգուշանաք նրանցից, ովքեր հերձվածներ ու գայթակղություններ են առաջացնում այն վարդապետությունից դուրս, որ դուք սովորել եք. նրանցից հեռո՛ւ մնացեք։ Այդպիսիները մեր Տեր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին, և պարզամիտների սրտերը քաղցր խոսքերով ու գովասանքներով են մոլորեցնում։ Քանզի ձեր հնազանդությունն ամենքին է հայտնի դարձել, արդ ձեզ համար ուրախ եմ. միայն ուզում եմ, որ դուք բարու հանդեպ իմաստուն լինեք, իսկ չարի հանդեպ՝ անմեղ։

Եվ խաղաղության Աստվածը թող շուտով սատանային ձեր ոտքերի տակ խորտակի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի. ամեն։

Ձեզ ողջունում են իմ գործընկեր Տիմոթեոսը և Ղուկիոսը, Յասոնն ու Սոսիպատրոսը՝ իմ ազգականները։ Ողջունում եմ ձեզ նաև ես՝ Տերտիոսս, որ Տիրոջով այս նամակը գրեցի։

Ձեզ ողջունում է Գայիոսը՝ իմ և ամբողջ եկեղեցու հյուրընկալը։ Ձեզ ողջունում է Երաստոսը՝ քաղաքի գանձապահը, ինչպես նաև Կվարտոս եղբայրը։

Եվ հիմա նրան, որ կարող է ձեզ հաստատ պահել ըստ իմ Ավետարանի և ըստ Հիսուս Քրիստոսի քարոզության, ըստ այն խորհրդի հայտնության, որ հավիտենական ժամանակներից ի վեր լուռ պահված էր, սակայն այժմ հայտնված է մարգարեների գրքերի միջոցով հավիտենական Աստծու հրամանով և բոլոր հեթանոսներին ծանուցված է հավատին հնազանդվելու համար, միակ իմաստուն Աստծուն, Հիսուս Քրիստոսի միջոցով նրան փա՜ռք հավիտյանս։ Ամեն։