ՀՌՈՒԹ
Դատավորների կառավարության օրերին երկրում սով եղավ, և Հուդայի Բեթլեհեմից մի մարդ իր կնոջ և երկու որդիների հետ գնաց Մովաբի երկիրը՝ պանդխտության։ Այդ մարդու անունը Ելիմելեք էր, կնոջ անունը՝ Նոեմի, և երկու որդիների անունները Մաալոն և Քելլոն էին։ Նրանք եփրաթացի էին, Հուդայի Բեթլեհեմից և գնացին Մովաբի երկիրն ու այնտեղ էին լինում։ Եվ Նոեմիի մարդը՝ Ելիմելեքը, մեռավ, և նա մնաց իր երկու որդիների հետ, որոնք իրենց համար մովաբացի կանայք առան. մեկի անունը Որփա էր, իսկ մյուսի անունը՝ Հռութ. և նրանք մոտ տասը տարի մնացին այնտեղ։ Մաալոնն ու Քելլոնը երկուսն էլ մեռան, և այդ կինը զուրկ մնաց իր երկու որդիներից ու մարդուց։
Եվ նա իր երկու հարսների հետ վեր կացավ, որ Մովաբի երկրից վերադառնա, որովհետև Մովաբի երկրում լսել էր, որ Տերն այցելություն է արել իր ժողովրդին և հաց է տվել նրան։ Եվ նա իր ապրած տեղից դուրս եկավ իր երկու հարսների հետ, և ճանապարհ ընկան Հուդայի երկիրը վերադառնալու համար։ Նոեմին իր երկու հարսներին ասաց. «Գնացե՛ք, և ձեզնից ամեն մեկը թող վերադառնա իր մոր տունը։ Տերը թող ձեզ ողորմություն անի, ինչպես որ դուք եք արել այն մեռածներին և ինձ։ Տերը տա ձեզ, որ ամեն մեկդ հանգստություն գտնի իր մարդու տանը»։ Համբուրեց նրանց, և նրանք, իրենց ձայնը բարձրացնելով, լաց եղան։ Եվ նրան ասացին. «Մենք անպատճառ քեզ հետ կվերադառնանք քո ժողովրդի մոտ»։ Բայց Նոեմին ասաց. «Աղջիկնե՛րս, ե՛տ դարձեք, ինչի՞ համար գաք ինձ հետ. մի՞թե իմ արգանդում ուրիշ տղաներ կան, որ ամուսիններ դառնան ձեզ համար։ Ե՛տ դարձեք, աղջիկնե՛րս, գնացե՛ք, որովհետև ես պառաված եմ, այլևս մարդու չեմ գնալու. եթե ասեի, թե հույս ունեմ հենց այս գիշեր կարգվելու և որդիներ էլ ծնելու, դուք մինչև նրանց մեծանալը պիտի սպասեի՞ք, դուք դրա համար պիտի զրկվեի՞ք ամուսնանալուց. ո՛չ, աղջիկնե՛րս. ես շատ եմ ցավում ձեզ համար, որովհետև Տիրոջ ձեռքը ինձ հարվածեց»։ Եվ նրանք, իրենց ձայնը բարձրացնելով, դարձյալ լաց եղան։ Եվ Որփան համբուրեց իր սկեսուրին, իսկ Հռութը մնաց նրա մոտ։ Սակայն Նոեմին ասաց. «Ահա քո տագերկինը ետ դարձավ իր ժողովրդի և իր աստվածների մոտ. դո՛ւ էլ ետ դարձիր քո տագերկնոջ ետևից»։ Եվ Հռութն ասաց. «Ինձ մի՛ ստիպիր, որ քեզ թողնեմ և քեզնից ետ դառնամ, որովհետև ուր որ գնաս, գնալու եմ, ուր որ մնաս, մնալու եմ. քո ժողովուրդը իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է։ Որտեղ որ մեռնես, ես էլ կմեռնեմ և այնտեղ կթաղվեմ։ Տերը թող ինձ այսպես ու սրանից ավելին անի. միայն մահը պիտի ինձ բաժանի քեզնից»։ Երբ Նոեմին տեսավ, որ նա հաստատ ուզում է գնալ իր հետ, այլևս նրա հետ ոչ մի բան չխոսեց։
Եվ երկուսն էլ գնացին, մինչև հասան Բեթլեհեմ։ Եվ երբ Բեթլեհեմ եկան, ամբողջ քաղաքն իրար անցավ նրանց պատճառով, և ասում էին. «Սա՞ է Նոեմին»։ Եվ նա ասաց նրանց. «Ինձ Նոեմի մի՛ կոչեք. ինձ Մարա՛ կոչեք, որովհետև Ամենակարողը դառնությամբ լցրեց ինձ։ Ես լիքը գնացի, բայց Տերն ինձ դատարկ ետ դարձրեց. ինչո՞ւ եք ինձ Նոեմի ասում, երբ Տերը խոնարհեցրել է ինձ, ու Ամենակարողը վշտացրել է ինձ»։ Այսպես վերադարձավ Նոեմին իր հարս՝ մովաբացի Հռութի հետ Մովաբի երկրից, և գարու հնձի սկզբին հասան Բեթլեհեմ։
Նոեմին իր մարդու կողմից մի ազգական ուներ. նա շատ հարուստ մարդ էր Ելիմելեքի ազգատոհմից, և նրա անունն էր Բոոս։ Եվ մովաբացի Հռութը Նոեմիին ասաց. «Գնամ արտերը և ում աչքի առջև ողորմություն գտնեմ, նրա ետևից հասկեր հավաքեմ»։ Եվ նա ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։ Նա գնաց ու մտնելով մի արտի մեջ՝ հնձվորների ետևից հասկ էր հավաքում. և այնպես պատահեց, որ նա մտավ այն արտը, որ Բոոսինն էր՝ Ելիմելեքի ազգատոհմից։
Եվ ահա Բոոսը Բեթլեհեմից եկավ ու հնձվորներին ասաց. «Տերը ձեզ հետ»։ Եվ նրանք ասացին. «Տերը քեզ օրհնի»։ Եվ Բոոսը հնձվորների վրա նշանակված պատանուն ասաց. «Ո՞ւմն է այս աղջիկը»։ Հնձվորների վերակացու պատանին պատասխանեց և ասաց. «Նոեմիի հետ Մովաբի երկրից եկած մովաբացի աղջիկն է։ Եվ մեզ ասաց. “Աղաչում եմ, թողեք հնձվորների ետևից խրձերի մեջ հասկ քաղեմ ու հավաքեմ”. և նա վաղ առավոտից եկել է ու մնացել մինչև հիմա և միայն հիմա մի քիչ նստեց տանը»։
Եվ Բոոսն ասաց Հռութին. «Ահա, աղջի՛կս, հասկ հավաքելու համար ուրիշի արտը չգնաս և այստեղից էլ չհեռանաս, այլ կմնաս այստեղ՝ իմ աղջիկների մոտ։ Թող աչքդ նրանց հնձած արտի վրա լինի, և գնա՛ նրանց ետևից. ահա պատանիներին պատվիրել եմ, որ քեզ չդիպչեն, և երբ ծարավես, գնա՛ ամանների մոտ և խմի՛ր պատանիների դուրս քաշած ջրից»։ Աղջիկն ընկավ երեսի վրա և մինչև գետին երկրպագելով՝ նրան ասաց. «Ինչի՞ց է, որ ես շնորհ եմ գտել քո աչքերի առաջ, և դու ճանաչում ես ինձ. չէ՞ որ ես մի օտար կին եմ»։ Բոոսը պատասխանեց և նրան ասաց. «Ինձ պատմել են այն ամենը, ինչ քո մարդու մեռնելուց հետո դու արել ես սկեսուրիդ համար և թե ինչպես թողել ես քո հորն ու մորը և քո ծնված երկիրը և եկել ես այս ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում։ Թող Տերը քեզ հատուցի քո գործերի փոխարեն, և թող առատորեն քեզ տրվի քո վարձն Իսրայելի Աստծու կողմից, որովհետև դու եկար, որ ապաստան գտնես նրա թևերի տակ»։ Եվ նա ասաց. «Տե՛ր իմ, թող ես շնորհ գտնեմ քո աչքերի առջև, որովհետև դու մխիթարեցիր ինձ և քաղցրությամբ խոսեցիր քո աղախնի հետ, թեև ես աղախին էլ չեմ քո աղախիններից մեկի պես»։ Եվ Բոոսը կերակրի ժամանակ նրան ասաց. «Մոտեցի՛ր ու հա՛ց կեր և պատառդ թաթախի՛ր քացախի մեջ»։ Հռութը նստեց հնձվորների մոտ, Բոոսը հեղի տվեց նրան, նա էլ կերավ, կշտացավ և ավելացածը պահեց։ Եվ երբ վեր կացավ հասկ հավաքելու, Բոոսն իր պատանիներին պատվիրեց՝ ասելով. «Թողեք՝ խրձերի միջից էլ հավաքի, և մի՛ ամաչեցրեք նրան։ Եվ խրձերից էլ նրա համար գետի՛ն գցեք և թողե՛ք, որ հավաքի, և մի՛ հանդիմանեք նրան»։ Նա մինչև իրիկուն հասկ հավաքեց այդ արտի մեջ և երբ հավաքածը ծեծեց, մեկ արդուի չափ գարի եղավ։ Եվ վերցրեց ու քաղաք մտավ. և սկեսուրը նրա հավաքածը տեսավ. Հռութը հանեց այն ուտելիքը, որն ավելացել էր իր կշտանալուց հետո, և տվեց նրան։
Եվ սկեսուրը նրան ասաց. «Որտե՞ղ հավաքեցիր այսօր և ո՞ւր աշխատեցիր. օրհնյալ լինի քեզ ճանաչողը»։ Այն ժամանակ նա իր սկեսուրին հայտնեց, թե ում մոտ է աշխատել, ու ասաց. «Այդ մարդու անունը, ում մոտ այսօր աշխատեցի, Բոոս է»։ Եվ Նոեմին իր հարսին ասաց. «Նա օրհնյա՜լ լինի Տիրոջից, որ իր ողորմությունը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Եվ Նոեմին նրան ասաց. «Այդ մարդը մեր ազգատոհմից է. նա մոտիկ ազգական է մեզ»։ Եվ մովաբացի Հռութն ասաց. «Ինձ ասաց նաև, թե՝ “Իմ պատանիների մոտից չբաժանվես, մինչև որ նրանք իմ ամբողջ հունձը չվերջացնեն”»։ Եվ Նոեմին իր հարս Հռութին ասաց. «Լավ է, աղջի՛կս, որ դու նրա աղջիկների հետ լինես, և քեզ չհանդիպեն ուրիշ արտի մեջ»։ Եվ նա Բոոսի աղջիկներից չբաժանվեց, մինչև գարու հնձի ու ցորենի հնձի վերջը հասկ հավաքեց և բնակվում էր իր սկեսուրի մոտ։
Եվ նրա սկեսուր Նոեմին նրան ասաց. «Աղջի՛կս, ես քեզ համար հանգստություն եմ ուզում, որ լավ լինի քեզ համար։ Ահա Բոոսը մեր ազգականներից է, որի աղջիկների մոտ էիր։ Ահա նա այս գիշեր կալում գարի է կալսում։ Եվ դու լվացվի՛ր ու յուղով օծվի՛ր, հագուստներդ հագի՛ր և իջի՛ր կալը, բայց մի՛ հայտնվիր այդ մարդուն, մինչև որ ուտելն ու խմելը վերջացնի։ Եվ երբ գնա քնելու, իմացի՛ր նրա պառկած տեղը և գնա՛, ծածկոցը բա՛ց նրա ոտքերի կողմից ու պառկի՛ր. և նա քեզ կիմացնի, թե ինչ պիտի անես»։ Հռութը նրան ասաց. «Ամենը, ինչ որ ասել ես ինձ, կանեմ»։
Նա իջավ կալը և ամեն ինչ արեց իր սկեսուրի պատվիրածի պես։ Բոոսը կերավ ու խմեց, և սիրտը զվարթացավ, ու գնաց պառկելու դիզված գարու մոտ. Հռութը կամացուկ գնաց և ծածկոցը նրա ոտքերի կողմից բացեց ու պառկեց։ Եվ կեսգիշերին մարդը վախեցավ, թեքվեց ու տեսավ, որ իր ոտքերի մոտ մի կին էր պառկել։ Եվ ասաց. «Դու ո՞վ ես»։ Եվ կինն ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ. քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրա, որովհետև դու իմ մոտ ազգականն ես»։ Նա էլ ասաց. «Օրհնյալ լինես դու Տիրոջից, աղջի՛կս, քո վերջին լավությունը մեծ է առաջինից, որովհետև դու չգնացիր ո՛չ աղքատ և ո՛չ էլ հարուստ երիտասարդների ետևից։ Եվ հիմա, աղջի՛կս, մի՛ վախենա, դու ինչ որ ասես ինձ, կանեմ քեզ համար, որովհետև այս քաղաքի ամբողջ ժողովուրդը գիտի, որ դու առաքինի կին ես։ Հիմա, արդարև, ես քո ազգականն եմ, բայց ինձնից ավելի մոտ ազգական էլ կա։ Այս գիշեր այստե՛ղ կաց, և եթե առավոտը նա իր ազգականության պարտավորությունը հատուցել ուզի, լավ, թող հատուցի, բայց եթե նա չուզի ազգականության պարտավորությունը հատուցել քեզ, այն ժամանակ ես կհատուցեմ, կենդանի է Տերը. մինչև առավոտ պառկի՛ր այստեղ»։
Եվ նա պառկեց նրա ոտքերի մոտ մինչև առավոտ և վեր կացավ, երբ որ մարդիկ չէին կարող մեկմեկու ճանաչել։ Եվ Բոոսն ասաց. «Ոչ մի մարդ չիմանա, թե կալում կին է եղել»։ Նաև ասաց. «Վրայիդ ծածկոցը բե՛ր և բռնի՛ր այն»։ Եվ Հռութը բռնեց այն, և նա վեց չափ գարի չափեց ու նրա շալակը տվեց։ Ինքն էլ քաղաք գնաց։ Հռութը վերադարձավ իր սկեսուրի մոտ։ Նա ասաց. «Աղջի՛կս, ինչպե՞ս ես»։ Եվ նա նրան պատմեց, թե ինչ էր արել այդ մարդն իրեն. և ասաց. «Նա այս վեց չափ գարին ինձ տվեց ու ասաց. “Քո սկեսուրի մոտ դատարկ չգնաս”»։ Եվ Նոեմին ասաց. «Աղջի՛կս, նստի՛ր, մինչև որ իմանաս, թե այս գործը ինչպես պիտի վերջանա, որովհետև այդ մարդը մինչև որ այս գործը չվերջացնի այսօր, չի հանգստանալու»։
Բոոսը ելավ դռան մոտ ու նստեց այնտեղ, և ահա անց էր կենում այն ազգականը, որի մասին ասել էր Բոոսը։ Բոոսը նրան ասաց. «Ո՜վ (այսինչ) մարդ, եկ այստեղ նստի՛ր»։ Եվ նա դարձավ ու նստեց։ Այն ժամանակ Բոոսը քաղաքի ծայրերից տասը մարդ վերցրեց և ասաց. «Նստե՛ք այստեղ»։ Եվ նրանք նստեցին։ Հետո այն ազգականին ասաց. «Մեր եղբայր Ելիմելեքի արտի բաժինը ծախում է Նոեմին, որը վերադարձել է Մովաբի երկրից։ Եվ ես մտածեցի, որ քեզ իմացնեմ ու ասեմ այս նստածների առաջ և իմ ժողովրդի ծերերի առաջ. ծախո՛ւ առ. եթե ուզում ես ազգականության իրավունքով ծախու առնել, ա՛ռ, իսկ եթե ծախու առնել չես ուզում, ինձ իմացրո՛ւ, որ գիտենամ, որովհետև քեզնից բացի ազգականության իրավունքը կատարող չկա, և քեզնից հետո ես եմ»։ Եվ նա ասաց. «Ես ազգականության իրավունքը կկատարեմ»։ Բոոսն ասաց. «Այն օրը, երբ դու Նոեմիի ձեռքից արտը ծախու առնես, մահացածի կնոջից՝ մովաբացի Հռութից էլ պիտի ծախու առնես, որ մահացածի անունը պահես իր ժառանգության մեջ»։ Եվ ազգականն ասաց. «Ես իմ ազգականության իրավունքը չեմ կարող կատարել, գուցեև իմ ժառանգությունն էլ խախտեմ. դո՛ւ ստանձնիր ազգականության իմ ունեցած իրավունքը, քանի որ ես չեմ կարող կատարել»։ Իսրայելում ազգականության իրավունքը կատարելու ու առուծախի գործերը անելու համար, որպեսզի ամեն բան հաստատվեր, վաղուց ի վեր այսպես էին անում. մարդն իր կոշիկը հանում էր և տալիս իր ընկերոջը. և սա վկայություն էր լինում Իսրայելում։ Եվ երբ ազգականը Բոոսին ասաց. «Դո՛ւ գնիր իմ հողամասը», հանեց իր կոշիկը։
Եվ Բոոսն ասաց ծերերին ու ամբողջ ժողովրդին. «Դուք այսօր վկա եք, որ ես Ելիմելեքի ամբողջ ունեցվածքը և Քելլոնի ու Մաալոնի ամբողջ ունեցվածքը ծախու առա Նոեմիի ձեռքից։ Եվ Մաալոնի կնոջը՝ մովաբացի Հռութին էլ ինձ համար կին առա, որ մահացածի անունը պահեմ իր ժառանգության մեջ, և մահացածի անունը չվերանա իր եղբայրների միջից ու իր բնակարանի դռնից. դուք վկա եք այսօր»։ Այն ժամանակ ամբողջ ժողովուրդը, որ դռանն էր, և ծերերն ասացին. «Վկա ենք։ Թող Տերը քո տունը մտնող կնոջը դարձնի Ռաքելի և Լիայի պես, այդ երկուսի նման, որ շինեցին Իսրայելի տունը. և դու ուժեղացի՛ր Եփրաթայի մեջ ու Բեթլեհեմի մեջ անո՛ւն վաստակիր։ Եվ քո տունը Փարեսի տան պես լինի, և այն սերնդից, որ Թամարը ծնեց Հուդայի համար, թող Տերը քեզ զավակ տա այս նորահասակ կնոջից»։
Եվ Բոոսն առավ Հռութին, որ դարձավ նրա կինը, և նա մտավ կնոջ մոտ. Տերը հղիություն շնորհեց նրան, և նա որդի ծնեց։ Եվ կանայք Նոեմիին ասացին. «Օրհնյա՜լ լինի Տերը, որ քեզ առանց մոտիկ ազգականի չթողեց այսօր, որ նրա անունը հիշվի Իսրայելի մեջ։ Եվ սա լինի քո հոգու մխիթարությունը և քո ծերության խնամակալությունը, որովհետև քեզ սիրող հարսդ ծնեց նրան, որ յոթ որդուց էլ լավ է քեզ համար»։ Եվ Նոեմին իր գիրկն առավ մանկանը և եղավ նրա դայակը։ Եվ դրացի կանայք նրան անուն դրեցին՝ ասելով. «Նոեմիին մի որդի է ծնվել». և նրա անունը Ովբեդ դրին։ Սա Դավթի հոր՝ Հեսսեի հայրն էր։
Եվ Փարեսի սերունդները սրանք են. Փարեսը ծնեց Եսրոնին, Եսրոնը ծնեց Արամին, Արամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Նաասոնին, Նաասոնը ծնեց Սաղմոնին, Սաղմոնը ծնեց Բոոսին, Բոոսը ծնեց Ովբեդին, Ովբեդը ծնեց Հեսսեին, Հեսսեն ծնեց Դավթին։