ՓԻԼԻՄՈՆԻՆ
Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի շղթայակիրը, և Տիմոթեոս եղբայրը՝ սիրելի Փիլիմոնին՝ մեր գործակցին, քույր Ապփիային, Արքիպպոսին՝ մեր զինակցին, և քո տանը հավաքվող եկեղեցուն. շնորհ ձեզ ու խաղաղություն մեր Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։
Միշտ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն՝ աղոթքներիս մեջ քեզ հիշելով, լսելով քո սիրո ու հավատի մասին, որ ունես Տեր Հիսուսի և բոլոր սրբերի հանդեպ։ Թող քո հաղորդակցությունը հավատին գործուն լինի բոլոր բարիքների ճանաչման մեջ, որ ձեր մեջ են Հիսուս Քրիստոսով։ Որովհետև մեծ ուրախություն և մխիթարություն ստացանք քո սիրուց, եղբա՛յր. սրբերի սրտերը քեզանով հանգստացել են։
Դրա համար, թեև Քրիստոսով համարձակվում եմ քեզ հրամայել այն, ինչ պետք է անես, սակայն հանուն սիրո առավել խնդրում եմ՝ լինելով այնպիսին, ինչպիսին եմ ես՝ ծերունի Պողոսս, և հիմա էլ Հիսուս Քրիստոսի համար շղթայվածս։ Խնդրում եմ քեզ իմ զավակի՝ Օնեսիմոսի համար, որին ծնեցի իմ շղթաների մեջ. նա, որ մի ժամանակ քեզ համար անպիտան էր, այժմ պիտանի է և՛ քեզ, և՛ ինձ. նրան հետ եմ ուղարկում քեզ մոտ։ Իսկ դու նրան, որ նույն իմ սիրտն է, ընդունի՛ր։ Ես կամենում էի նրան ինձ մոտ պահել քո փոխարեն ինձ սպասավորելու բանտում Ավետարանը քարոզելու համար։ Բայց առանց քո հավանության չուզեցի ոչինչ անել, որպեսզի այն բարիքը, որ անելու ես, պարտադրված չլինի, այլ կամովին։ Թերևս հենց դրա համար ժամանակավոր քեզանից հեռացավ, որպեսզի նրան մշտապես ունենաս այլևս ոչ իբրև ստրուկի, այլ ստրուկից առավել՝ իբրև սիրելի եղբոր, հատկապես ինձ համար, քեզ համար ևս որպես մարդ և որպես եղբայր Տիրոջով։
Արդ, եթե ինձ քո ընկերն ես համարում, ընդունի՛ր նրան, ինչպես ինձ։ Եվ եթե անիրավել է քո դեմ կամ պարտք է, ի՛նձ պարտագրիր։ Ես՝ Պողոսս, իմ ձեռքով գրեցի. «Ես եմ վճարելու»՝ չասելու համար, թե դու ինձ անձով ես պարտական։ Այո՛, եղբա՛յր, հանուն Տիրոջ թող ես էլ քեզնից մի բան առնեմ. սփոփի՛ր սիրտս Տիրոջով։
Հնազանդությանդ վստահելով եմ այս գրում քեզ, որովհետև գիտեմ, որ ասածիցս ավելին կանես։
Միաժամանակ պատրաստվի՛ր ինձ հյուրընկալելու, որովհետև հույս ունեմ, որ ձեր աղոթքներով Աստված ինձ ձեզ կշնորհի։
Քեզ ողջունում են Եպափրասը՝ հանուն Քրիստոս Հիսուսի իմ բանտակիցը, իմ գործակիցներ Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը, Ղուկասը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի։ Ամեն։