ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ
Պողոսը և Տիմոթեոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառաները՝ Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին, որ Փիլիպպեում են, եպիսկոպոսների ու սարկավագների հետ. շնորհ ձեզ և խաղաղություն Աստծուց՝ մեր Հորից, ու Տեր Հիսուս Քրիստոսից։
Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն ամեն անգամ, երբ ձեզ հիշում եմ. ամեն ժամ իմ բոլոր խնդրանքներում ուրախությամբ ձեզ բոլորիդ համար աղոթում եմ՝ Ավետարանը քարոզելուն ձեր մասնակից լինելու համար՝ առաջին օրից մինչև հիմա։ Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործն սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Ճիշտ եմ համարում ձեր բոլորի մասին այսպես մտածելը, որովհետև ձեզ իմ սրտում ունեմ. իմ կապանքներում, նաև Ավետարանի պաշտպանության ու հաստատության ժամանակ դուք բոլորդ ինձ հետ շնորհին հաղորդակից եղաք։ Աստված ինձ վկա է, թե ինչպե՛ս եմ Հիսուս Քրիստոսի գորովով փափագում ձեզ բոլորիդ։ Եվ այս եմ աղոթում, որ ձեր սերը ավելի ու ավելի աճի գիտությամբ ու ամեն հասկացողությամբ, որպեսզի դուք լավագույնը զանազանեք, որ Քրիստոսի օրը մաքուր լինեք ու անարատ, Հիսուս Քրիստոսի միջոցով արդարության պտուղներով լցված՝ Աստծու փառքի ու գովերգության համար։
Եղբայրնե՛ր, ուզում եմ իմանաք, որ այն, ինչ ինձ պատահեց, ավելի նպաստեց Ավետարանի տարածման առաջընթացին, այն աստիճան, որ Քրիստոսով իմ կապանքները հայտնի դարձան ամբողջ պալատին և մյուս բոլորին։ Եվ եղբայրներից շատերը իմ կապանքներից ավելի քաջալերվեցին և համարձակվեցին Աստծու խոսքն առանց վախի խոսելու։
Ոմանք նախանձի ու հակառակության պատճառով, ոմանք էլ հոժարությամբ են քարոզում Քրիստոսին։ Սրանք սիրուց մղվելով են քարոզում՝ գիտենալով, որ Ավետարանի պաշտպանության համար եմ այստեղ մնում։ Իսկ ոմանք հակառակությունից մղված են Քրիստոսին քարոզում և ոչ թե անկեղծորեն՝ կարծելով, թե իմ կապանքների վրա նեղություն կավելացնեն։ Բայց ի՞նչ նշանակություն ունի. ինչպես էլ որ լինի՝ պատրվակով թե ճշմարտապես, Քրիստոսն է քարոզվում, ու սրա համար ուրախ եմ և ուրախ էլ կլինեմ, որովհետև գիտեմ, որ դա տանում է դեպի փրկություն՝ ձեր աղոթքների միջոցով ու Հիսուս Քրիստոսի Հոգու օգնությամբ։ Համաձայն իմ ակնկալության և հույսի՝ ոչնչով ամոթով չեմ մնա, այլ ամենայն համարձակությամբ, ինչպես միշտ, հիմա էլ Քրիստոսն իմ մարմնի մեջ կմեծարվի՝ իմ ապրելով թե իմ մեռնելով։ Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ։ Բայց եթե մարմնավոր կյանքն իմ գործը պտղաբեր է դարձնում, ապա չգիտեմ, թե ո՛րն ընտրեմ։ Երկուսն էլ ինձ ձգում են. հեռանալ այս կյանքից և Քրիստոսի հետ լինել, որ շատ ավելի լավ է. բայց մարմնի մեջ իմ մնալը ձեզ ավելի է հարկավոր։ Եվ սրանում հաստատ համոզված գիտեմ, որ կապրեմ ու կմնամ ձեզ բոլորիդ հետ, որ դուք զարգանաք և ուրախ լինեք հավատով, որպեսզի ձեր պարծանքը Քրիստոս Հիսուսով ավելանա իմ միջոցով՝ ձեզ մոտ իմ կրկին գալով։
Միայն թե Քրիստոսի Ավետարանին վայել կերպո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ, թե հեռու լինեմ, ձեր մասին լսեմ, որ հաստատուն եք մեկ հոգով ու մեկ շնչով պատերազմում եք Ավետարանի հավատի համար։ Եվ հակառակորդներից ոչնչով մի՛ վախեցեք. դա նրանց համար կորստյան նշան է, իսկ ձեզ համար՝ փրկության։ Եվ ձեզ Աստծուց դա շնորհ տրվեց ոչ միայն Քրիստոսին հավատալու համար, այլ նաև որպեսզի չարչարվեք նրա համար՝ նույն պատերազմը մղելով, որ ինձնով տեսաք ու այժմ ինձնից լսում եք։
Արդ եթե կա Քրիստոսով մխիթարություն, սիրո սփոփանք, Հոգու հաղորդություն, գթություն և ողորմություն, ապա լիարժե՛ք դարձրեք իմ ուրախությունը՝ համերաշխ լինելով, նույն սերն ունենալով, միաշունչ, միախորհուրդ լինելով։ Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս։ Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց նրան և մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ, և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծու փառքի համար։
Ուրեմն, իմ սիրելինե՛ր, ինչպես որ ամեն ժամ հնազանդվեցիք, ոչ միայն իմ ներկայության ժամանակ, առավել ևս հիմա՝ իմ բացակայության ժամանակ, ահով ու դողո՛վ գործեք ձեր անձերի փրկության համար։ Որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելն ըստ իր բարեհաճ ծրագրի։ Ամեն բան առանց տրտունջի և վիճաբանությա՛ն արեք, որպեսզի անարատ Աստծու անբիծ և անմեղ զավակները լինեք այն կամակոր և խոտոր սերնդի մեջ, որի մեջ պիտի երևաք որպես աշխարհում լույս տվողներ՝ կյանքի խոսքը պահելով, որպեսզի Քրիստոսի օրն ինձ համար պարծենալու բան լինի, թե զուր տեղը չվազեցի և զուր չաշխատեցի։ Բայց եթե անգամ որպես զոհ ընծայաբերվեմ ձեր հավատի համար, ուրախ եմ ու ձեզ բոլորիդ ուրախակից։ Այդպես էլ դո՛ւք ուրախ եղեք ու ինձ ուրախակի՛ց եղեք։
Բայց Տեր Հիսուսով հույս ունեմ, որ Տիմոթեոսին շուտով ձեզ մոտ կուղարկեմ, որպեսզի սիրտս էլ հանգստանա, երբ ձեր մասին տեղեկանամ. որովհետև սրտակից մեկը չունեմ, որ ձեր մասին մտերմաբար հոգ տանի, քանի որ բոլորն իրենց շահն են որոնում և ոչ թե Հիսուս Քրիստոսինը։ Բայց դուք գիտեք նրա արժանի լինելը, որովհետև ինչպես որդին իր հորը, այնպես էլ նա ինձ հետ Ավետարանին ծառայեց։ Արդ հույս ունեմ նրան իսկույն ուղարկելու, հենց իմանամ, թե գործերս ինչպես են լինելու։ Բայց Տիրոջով վստահ եմ, որ ինքս էլ շուտով կգամ։
Հարկ համարեցի ձեզ մոտ ուղարկել Եպափրոդիտոս եղբորը՝ իմ գործակցին ու զինակցին, որին ուղարկեցիք կարիքներս հոգալու համար, որովհետև նա էլ ձեզ բոլորիդ տեսնելու խիստ փափագ ուներ և մտահոգված էր, որ լսել էիք, թե ինքը հիվանդացել է։ Եվ հիրավի մերձիմահ հիվանդացավ, բայց Աստված ողորմեց նրան. և ոչ միայն նրան, այլ ինձ էլ, որպեսզի տրտմության վրա տրտմություն չունենամ։ Ուրեմն նրան ավելի շտապ ուղարկեցի, որպեսզի դարձյալ տեսնելով՝ ավելի ուրախ լինեք, և ես էլ անտրտում լինեմ։ Արդ նրան Տիրոջով ամենայն ուրախությա՛մբ ընդունեք և այդպիսիներին պատվե՛ք, որովհետև Քրիստոսի գործի համար մահվան շեմին հասավ՝ կյանքը վտանգելով, որպեսզի ձեր պակասը լրացնի ինձ ծառայելու հարցում։
Այսուհետև, իմ եղբայրնե՛ր, Տիրոջով ուրա՛խ եղեք։ Միևնույն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրույթ չէ, բայց ձեզ համար ապահովություն է։ Զգուշացե՛ք շներից, զգուշացե՛ք չար մշակներից, զգուշացե՛ք թլփատությունից, որովհետև թլփատությունը մենք ենք, որ հոգով պաշտում ենք Աստծուն և պարծենում ենք Հիսուս Քրիստոսով ու մարմնի վրա վստահություն չունենք։ Թեև ես մարմնի վրա նույնպես վստահություն ունեմ. եթե մեկ ուրիշը կարծի, թե կարող է մարմնին վստահել, ես՝ առավել ևս։ Լինելով ութերորդ օրը թլփատված, Իսրայելի ազգից, Բենիամինի ցեղից, եբրայեցի ծնողներից եբրայեցի, ըստ օրենքի փարիսեցի՝ նախանձախնդրությամբ հալածում էի եկեղեցին. ինչ վերաբերում է արդարությանը, որ բխում է օրենքից, անարատ էի։ Բայց այն, ինչ ինձ օգուտ էր, Քրիստոսի համար վնաս համարեցի։ Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ և նրա մեջ գտնվեմ ու ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատից է, այն արդարությունը, որ Աստծուց է հավատով, որպեսզի ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքին, կերպարանակից՝ նրա մահվանը, որպեսզի մեռելներից հարություն առնելուն հասնեմ։
Ոչ թե արդեն հասել եմ կամ թե արդեն կատարյալ եմ, այլ ձգտում եմ, որ թերևս հասնեմ նրան, ինչով Քրիստոս Հիսուսի կողմից բռնվեցի։ Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին։ Արդ ովքեր կատարյալ են, թող նույնը մտածեն, և եթե մի բան ուրիշ կերպ մտածեն, Աստված դրա մասին էլ կհայտնի։ Միայն թե ինչի որ հասանք, նույն կանոնով ապրենք։ Ի՛նձ նմանվեք, եղբայրնե՛ր, և նայե՛ք նրանց, ովքեր մեր իսկ օրինակով են ընթանում։ Որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամներ ասում էի ձեզ և հիմա էլ լալով եմ ասում, ընթանում են որպես Քրիստոսի խաչի թշնամիներ։ Նրանց վախճանը կորուստ է։ Նրանց Աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք երկրային բաներն են մտածում։ Բայց մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, որը մեր խոնարհ մարմինը պիտի նորոգի և իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն ինչ հնազանդեցնում է իրեն։
Ուրեմն, իմ սիրելի՛ և բաղձալի՛ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու իմ պսակն եք, այսպես Տիրոջով հաստատո՛ւն մնացեք, սիրելինե՛ր։
Աղաչում եմ Եվոդիային, աղաչում եմ Սյունտիքիին, որ հաշտվեն Տիրոջով։ Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազա՛տ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որ ջանացին ինձ հետ Կղեմեսի և իմ ուրիշ գործակիցների հետ ավետարանելու մեջ, որոնց անունները կյանքի գրքում են։ Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք։ Ձեր հեզությունը թող բոլոր մարդկանց հայտնի լինի. Տերը մոտ է։ Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։
Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք։ Հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, ա՛յն արեք, և խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։
Ես Տիրոջով մեծապես ուրախացա, որ դուք էլ արդեն խորհեցիք իմ մասին հոգալ, ինչպես որ հոգում էիք, բայց հարմար առիթ չէիք գտնում։ Կարիքի մեջ լինելուս համար չեմ ասում, որովհետև ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ. գիտեմ կարիքի մեջ ապրելն էլ, առատության մեջ լինելն էլ. ամեն բանում ամեն ինչի տեղյակ եմ՝ թե՛ կշտանալուն, թե՛ քաղցելուն, թե՛ առատությանը, թե՛ կարիքին։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Սակայն լավ արեցիք, որ իմ նեղության մեջ ինձ հաղորդակից եղաք։
Դուք ինքներդ էլ, փիլիպպեցինե՛ր, գիտեք, որ Ավետարանի քարոզության սկզբում, երբ Մակեդոնիայից ելա, ոչ մի եկեղեցի մասնակից չեղավ ինձ հետ՝ տալու և ստանալու մեջ, բացի ձեզանից, որովհետև Թեսաղոնիկեում էլ մեկ-երկու անգամ ինձ պետք եղած բաներն ուղարկեցիք։ Նվերներ չեմ ուզում, այլ այն պտուղը, որ ձեր հաշվին է ավելանալու։ Իսկ ես ամեն բան ստացել եմ և առատ ունեմ. լիացած եմ, որովհետև Եպափրոդիտոսի ձեռքով ստացա ձեզանից այն, ինչ անուշահոտություն էր, զոհ՝ ընդունելի և Աստծուն հաճելի։ Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։ Աստծուն՝ մեր Հորը, փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Ողջունե՛ք Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին։ Ձեզ ողջունում են ինձ հետ եղող եղբայրները։ Ձեզ ողջունում են բոլոր սրբերը, մանավանդ նրանք, ովքեր կայսեր ծառայության մեջ են։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի։ Ամեն։